Ռուսաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, թե որոշակի պայմաններում Մոսկվան և Թբիլիսին կարող են վերադառնալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին: Հաղորդում է «ՌԻԱ» լրատվականը:
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրեց 2008 թ. օգոստոսին՝ ի պատասխան Կրեմլի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները («Վրացական երազանք» դաշինք – խմբ.), ովքեր իշխանության եկան 2012 թ. հոկտեմբերին, հայտարարեցին, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն գլուխներից մեկն է:
Այժմ երկու երկրների միջև հարաբերությունները պահպանվում են ժնևյան երկխոսության շրջանակներում, իսկ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում պարբերաբար հանդիպում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
«Թբիլիսին պատրաստ է շարունակել ժնևյան միջազգային երկխոսությունը, ինչպես նաև պրակտիկ հարցերի վերաբերյալ Պրահայում տեղի ունեցող հանդիպումները» , — վրացի քաղաքական գործչի խոսքն է մեջբերում «Իզվեստիա» պարբերականը:
Գրիգորի Կարասինը ողջունել է Թբիլիսի դիրքորոշումը.
«Եթե իմ հարգելի գործընկեր Զուրաբ Աբաշիձեն իրոք նման հայտարարություն է արել, դա կարող ենք միայն ողջունել: Գիտեք, որ Ռուսաստանը չէ, որ կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները 2008 թ. սեպտեմբերին, և մեր կողմից դրանց վերականգնման խոչընդոտներ չեն եղել և չկան: Այնպես որ այս հարցում դրական փոփոխությունների ժամկետները կախված են բացառապես Թբիլիսիից», — նշել է դիվանագետը:
Աբաշիձեն «Իզվեստիային» հայտնել է, որ Կարասինի հետ նոր հանդիպում տեղի է ունենալու փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Դիվանագետները մտադրված են քննարկելու առևտրա-տնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցության հարցեր և «որոշակի հումանիտար հիմնախնդիրներ»:
2016 թ. վերջին Կարասինն ու Աբաշիձեն հաստատեցին, որ մտադրված են շարունակել հարաբերությունների կարգավորման կուրսը: Իսկ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերականգնումը, նախագահի խոսքերով դրա համար բոլոր հիմքերը կան:
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը բավականին բարդ գործընթաց է լինելու: Թբիլիսիի համար կատեգորիկ նշանակություն ունի երկրի տարածքային ամբողջականությամբ ընդունումը, իսկ Մոսկվան կաշկանդված է Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնական ճանաչման իմպերատիվով: Սրանով պայմանավորված ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ենթադրում է երկկողմանի փոխզիջումներ, բացառված չէ նաև ժամանակավոր կարգավիճակը, մինչև խնդրի վերջնական կարգավորումը:
Պետք է նշել, որ այս խնդիրը նույնն էր 2008 թվականից, այժմ միակ փոփոխությունը ամերիկյան նոր նախագահի՝ Դոլանդ Թրամփի ընտրությունն է և նոր վարչակարգի քաղաքականությունը Հարավային Կովկասում (Ռուսաստանի հետ առճակատման չգնալու հայտարարությունները), ինչն էլ Թբիլիսին դրդում է գնալ Մոսկվայի հետ մերձեցման:
Նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Վրաստանը երկու դաշնակիցներին կապող բնական-աշխարհագրական կամուրջ է և այդ երկրում առաջացող խոչընդոտները զգալիորեն ազդում են Հայաստանի ներպետական հարցերի վրա: