«Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը. «Freedom House»
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատություններին վերաբերող հերթական զեկույցը (Ազատությունն աշխարհում 2017 — Freedom in the World 2017):
Զեկույցում ներկայացված են 195 երկիր, որոնցից 87-ը ճանաչվել են որպես «ազատ» (45 տոկոս), 59-ը՝ «մասամբ ազատ» (30 տոկոս), 49-ը՝ «ոչ ազատ» (25 տոկոս): Զեկույցում ներկայացված է նաև ազատության կարգավիճակն ըստ բնակչության, այսպես՝ 7,4 մլրդ մարդկանց 39 տոկոսն ապրում է «ազատ» երկրներում, 25 տոկոսը՝ «մասամբ ազատ», իսկ 36 տոկոսը՝ «ոչ ազատ» երկրներում:
Վերջին 10 տարվա համեմատությամբ «ազատ» երկրների թիվը 2 տոկոսով կրճատվել և նույնքան աճել է «ոչ ազատ» երկրների թիվը:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ.
«Ազատությունն աշխարհում» զեկույցում երկրները գնահատվում են երկու ցուցանիշով՝ «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ»: Երկու ցուցանիշի միջին թվով էլ դասակարգվում են երկրները. 1,0-2,5 գնահատական ստացած երկրները համարվում են «ազատ», 3,0-5,0՝ «մասամբ ազատ», իսկ 5,5-7,0՝ «ոչ ազատ» երկրներ:
Պետությունները գնահատվում են նաև ընդհանրացված միավորներով:
«Քաղաքական իրավունքներին» տրվում է մինչև 40 միավոր՝ 3 չափանիշի հիմքով, դրանք են՝
- Ընտրական գործընթացը (մինչև 12),
- Քաղաքական պլյուրալիզմը և մասնակցությունը (մինչև 16),
- Կառավարության գործառնությունը (մինչև 12):
Քաղաքացիական ազատություններին տրվում են մինչև 60 միավոր՝ 4 չափանիշով, դրանք են՝
- Արտահայտման ազատությունը և հավատքը (մինչև 16),
- Միավորումների և կազմակերպությունների իրավունքները (մինչև 12),
- Օրենքի գերակայությունը (մինչև 16),
- Անձնական ինքնավարությունն ու անհատական իրավունքները (մինչև 16):
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ.
Զեկույցում երկրները ներկայացվում են 6 տարածաշրջաններով՝ Ամերիկա, Ասիա-Խաղաղ օվկիանոս, Ենթասահարային Աֆրիկա, Եվրասիա, Եվրոպա, Մերձավոր Արևելք – Հյուսիսային Աֆրիկա: Լավագույն ցուցանիշը Եվրոպայում է, իսկ վատագույնը՝ Եվրասիայում:
- Ամերիկյան տարածաշրջանի 35 երկրներից «ազատ» են 66 տոկոսը, «մասամբ ազատ»՝ 28 տոկոսը, «ոչ ազատ»՝ 6 տոկոսը:
- Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի 39 երկրներից «ազատ» են 44 տոկոսը, «մասամբ ազատ»՝ 36 տոկոսը, «ոչ ազատ»՝ 20 տոկոսը:
- Ենթասահարայի Աֆրիկյան տարածաշրջանի 49 երկրներից «ազատ» են 18 տոկոսը, «մասամբ ազատ»՝ 41 տոկոսը, «ոչ ազատ»՝ 41 տոկոսը:
- Եվրասիական տարածաշրջանի 12 երկրներից «մասամբ ազատ»՝ 42 տոկոսը, «ոչ ազատ»՝ 58 տոկոսը: Այս տարածաշրջանում «ազատ» երկրներ չկան:
- Եվրոպական տարածաշրջանի 42 երկրներից «ազատ» են 86 տոկոսը, «մասամբ ազատ»՝ 14 տոկոսը, «ոչ ազատ» երկրներ չկան:
- Մերձավոր Արևելքի և Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի 18 երկրներից «ազատ» են 11 տոկոսը, «մասամբ ազատ»՝ 22 տոկոսը, «ոչ ազատ»՝ 67 տոկոսը:
ՄԻՏՈՒՄՆԵՐԸ.
Ազատության ամենամեծ անկում է արձանագրվել Թուրքիայում (կապված զինվորական հեղաշրջման ճնշման և դրան հետևող բռնությունների հետ): Քաղաքական իրավունքները գնահատականը 4 միավոր է, իսկ Քաղաքացիական ազատությունները՝ 5 միավոր (ընդհանրացված գնահատականը 38 միավոր է): Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի զեկույցով երկրի ընդհանրացված գնահատականը 53 միավոր էր (Քաղաքական իրավունքները՝ 3 միավոր, Քաղաքացիական ազատությունները՝ 4 միավոր): Թուրքիան համարվում է «մասամբ ազատ» երկիր:
Ազատության ցուցանիշի անկում է արձանագրվել նաև Հարավային Սուդանում (10), Լիբիայում (7), Նիկարագուայում (7), Կոնգոյում (6), Տաջիկստանում (5), Վենեսուելայում (5), Լեհաստանում (4), Զամբիայում (4), Եթովպիայում (3), Հունգարիայում (3), Լեսոտոյում (3), Մոզամբիկում (3), Նիգերում (3), Եմենում (3 միավոր):
Դրական զարգացումներ են արձանագրվել Պապուա Նոր Գվինեայում (5), Բուրկինա Ֆասոյում (4), Մյանմարում (4), Արգենտինայում (3), Բելառուսում (3), Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (3), Սոմալիում (3 միավոր):
ԵՎՐԱՍԻԱ.
Հայաստանն ընդգրկված է 286,7 մլն բնակչությամբ Եվրասիա տարածաշրջանում, որում ներառված են նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների. Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը (14 միավոր) «ոչ ազատ» երկրներ են, իսկ Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, Վրաստանն ու Հայաստանը «մասամբ ազատ» երկրներ են:
Հայաստանը տարածաշրջանում 4-րդ ցուցանիշն է ապահովում (45 միավոր), առաջատարը Վրաստանն է (64 միավոր), ապա Մոլդովան (62 միավոր) և Ուկրաինան (61 միավոր): ԵԱՏՄ անդամ երկրներում Հայաստանին հաջորդում են «մասամբ ազատ» համարվող Ղրղզստանը (37 միավոր) և «ոչ ազատ» երկրներ Ղազախստանը (22 միավոր), Ռուսաստանը (20 միավոր) և Բելառուսը (20 միավոր): Ազատության վատագույն ցուցանիշն ունեն Ուզբեկստանը (3 միավոր) և Թուրքմենստանը (4 միավոր):
ՀԱՅԱՍՏԱՆ.
Հայաստանի «Քաղաքական իրավունքները» գնահատվել են 5 միավոր, իսկ «Քաղաքացիական ազատությունները» 4 միավոր, այդ ցուցանիշները նույն են 2013 թվականից: Մեր հանրապետությանը տրվել է ընդհանրական 45 միավոր (2016 թվականի համեմատությամբ կրճատվել է 1 միավորով):
ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
«Ազատության տան» (Freedom House) «Ազատությունն աշխարհում» զեկույցը առավել կարևորվում է մեզ համար նաև նրանով, որ դրանում գնահատվում են նաև չճանաչված հանրապետությունները, այդ թվում Արցախը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստացել է 33 միավոր և համարվում է «մասամբ ազատ» երկիր, տարածաշրջանի չճանաչված հանրապետությունների ազատության ցուցանիշով Արցախը զիջում է միայն Աբխազիային (41 միավոր), իսկ Հարավային Օսիան (11 միավոր) և Մերձդնեստրի Հանրապետությունը (24 միավոր) դասակարգվել են որպես «ոչ ազատ» երկրներ, այդ ցանկում է նաև ընդգրկված Ղրիմը (9 միավոր):
Որպես վիճարկելի տարածքներ գնահատվում են նաև Գազան, Արևմտյան ափը, Հոնգ Կոնգը, Ջամու-Քաշմիրը, Ազադ Քաշմիրը, Հյուսիսային Կիպրոսը, Պուերտո Ռիկոն, Սոմալիլենդը, Տիբեթը, Արևմտյան Սահարան: