Կուսակցությունների առաջացման գործընթացն ու երկկուսակցական համակարգը
Կուսակցությունների էությունն ու կայացման պատմական գործընթացը.
Քաղաքական կուսակցությունները քաղաքականության կարևորագույն դերակատարներն են, առավել ևս ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարության և պառլամենտարիզմի պայմաններում դրանք հսկայական նշանակություն ունե յուրաքանչյուր պետության և հասարակության գործում: Սակայն տարբեր երկրի կտրվածքով կուսակցությունները զգալիորեն տարբերվում են իրարից, ուստի չափազնաց մեծ կարևորություն ունի հստակեցնել այն հիմնահարցը, թե ինչպես կարելի է ընդհանրացնել կուսակցություններին այս կամ այն հատկանիշով՝ դիտարկելով ընդհանուր քաղաքական համակարգի համատեքստում:
Կուսակցություն հասկացության սահմանումը իր մեջ պետք է ընդգրկի այն բոլոր կարևոր գծերն ու հատկանիշները, որոնք բնորոշ են ցանկացած քաղաքական կուսակցության: Այս կարգի մոտեցման դեպքում այնքան էլ դյուրին չէ սպառիչ պատասխան տալ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքական կուսակցությունը որպես ինստիտուտ և թե ինչ տեղ է զբաղեցնում հասարակական կյանքում, առավել ևս հասարակության քաղաքական համակարգում:
Ներկայումս աշխարհում գործում են հազարավոր կուսակցություններ, որոնք տարբերվում են կազմակերպական սկզբունքներով, սոցիալական բազայով, գաղափարախոսությամբ, գործունեության ծրագրերով ու գործառույթներով, իրենց դիրքորոշմամբ, քաղաքականությամբ և այլն: Հասկանալի է, թե ինչու բավականին դժվար է առանձնացնել այն ընդհանուր բնութագրերը, որոնք որոշում են այդ երևույթի դիմանկարը, հասարակական-քաղաքական դերն ու նշանակությունը:
Նկատի ունենալով նշված բարդություններն ու դժվարությունները` միանգամայն բնական և օրինաչափ է մասնագետների մոտ առկա մոտեցումները` կապված կուսակցության հասկացության էության բովանդակության, սոցիալական նշանակության, տիպավորման, նաև գործառույթների որոշման հարցով[1]: Առկա են կուսակցության տարբեր սահմանումներ.
- Կայուն հիերախիկ կազմակերպություններ են` կազմված միևնույն քաղաքական համոզմունքներ ունեցող մարդկանցից, որոնք միասնաբար աշխատում են իրենց նպատակների իրականացման համար:
- Ժողովրդի առավել ակտիվ մասի` դասակարգերի կամ սոցիալական խմբերի կողմից ձևավորված կազմակերպություն է, որը գլխավորապես իր նպատակն է համարում մղել քաղաքական պայքար և նվաճել քաղաքական իշխանություն:
- Կազմակերպություն է, որը կամավորության սկզբունքով միավորում է այս կամ այն դասակարգի սոցիալական խավերի առավել ակտիվ ներկայացուցիչներին, որը կոչված է նրանց գիտակցությանը և գործունեությանը (կապված իրենց շահերի հետ) տալ նպատակամղված և կազմակերպված բնույթ` պաշտպանելով այդ շահերը քաղաքական հարաբերությունների և ինստիտուտների համակարգը[2]:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունը սահմանվում է. որպես անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում, որի գործունեության նպատակը հասարակության և պետական քաղաքական կյանքին մասնակցելն է[3]:
Մասնագետների մոտ միասնական կարծիք չկա, թե ինչ է կուսակցությունը որպես քաղաքական համակարգի ինստիտուտ, կուսակցություն բառի իսկական իմաստով: Տեսակետները հաստատուն չեն, դրանք ենթակա են փոփոխության առաջնահերթ տնտեսական և քաղաքական պայմանների փոփոխման հետ: Կուսակցությունների մասին քաղաքագետների, իրավաբանների, սոցիոլոգների ունեցած տարբեր մոտեցումները հաստատում են այն, որ քաղաքական կուսակցությունները դարձել են քաղաքականության գլխավոր կառույցները ժամանակակից հասարակությունում:
Հաշվի առնելով առկա սահմանումներն ու մեկնաբանությունները` կարող ենք հանգել այն բանի, որ որքանով կուսակցությունների սահմանման ժամանակ հիմնականում երևում են կազմակերպության ձևավորման ու կազմակերպման սկզբունքների, սոցիալական բազային և էլեկտորատից, կազմակերպության իրականացնող գործառույթներին, նրա առջև դրված հիմնական խնդիրներից և նպատակներից, ապա թվում է, որ գործնականում հնարավոր չէ տալ այդ երևույթի ամբողջական, վերջնական, ավարտուն սահմանումը, որքանով հասարակական կյանքի զարգացումը իր բարդություններով ու դժվարություններով հանդերձ միշտ էլ նրանց խնդիրներ ու նպատակներ է առաջադրելու քաղաքական կուսակցություններին` միաժամանակ ստիպելու փոխել կազմակերպչական ձևերը նաև գործունեության մեթոդները (եղանակները):
Կուսակցությունների հանդես գալու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ (գործոններ), այսպես կոչված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Կարևոր օբյեկտիվ գործոններից է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի մակարդակի առկայությունը: Այս առումով օրինաչափ է, որ կուսակցությունները հիմնականում հանդես են եկել կապիտալիզմի ձևավորման և հաստատման ժամանակահատվածում, երբ մարդիկ (քաղաքացիները) միավորվելով դասակարգերի, սոցիալական խավերի մեջ` ունենալով իրենց ընդհանուր շահերն ու ձգտումները: Այլ կերպ` կուսակցությունները որպես քաղաքական ռեալություն հանդես են գալիս այն ժամանակ, երբ հասարակությունը ձեռք է բերում հասունության որոշակի մակարդակ, իսկ ձևավորում հետո էլ դառնում է տիրապետող գործոն քաղաքական կյանքում: Ստացվում է, որ կուսակցությունները միաժամանակ հանդիսանում են հասարակության զարգացման և’ արդյունք, և’ գործիք: Որոշ քաղաքագետների կարծիքով ժամանակակից կուսակցությունները արդյունաբերական հեղաշրջման «զավակներ» են:
Սուբյեկտիվ գործոններից կարելի է առանձնացնել հասարակության առավել առաջավոր անդամների կողմից իրենց նպատակների (իդեալների) գիտակցումը: Հավանական է, որ մարդկանց մեծամասնությունը դեռևս պատրաստ չեն դրանց: Այդ ժամանակ ձևավորվող կազմակերպությունը զանազան միջոցներով բացատրում է կազմակերպության նպատակներն ու խնդիրները և հասարակական-քաղաքական կյանքի փորձը ապացուցում է, որ հաճախ դասակարգերի սոցիալական խավերի ձգտումները գիտակցվում են ոչ թե այդ խավերի ներկայացուցիչներ, այլ ուրիշ շերտերի (կրթված ու գիտակից) ներկայացուցիչները: Դրանք առաջնահերթ մտավորականության ներկայացուցիչներն են, որոնք դառնում են կազմակերպությունների կազմակերպիչներն ու առաջնորդները:
Բուն «կուսակցություն» տերմինը առաջացել է լատիներեն «pars» (մաս) և «partie» (բաժանել) բառերից` մարդկանց որոշակի խումբ` մաս[4]: Կուսակցությունները միշտ չէ, որ ուղեկցել են հասարակությանը և խաղացել այն կարևոր դերը, որը իրականացնում են զարգացած երկրների քաղաքական համակարգերի և հասարակությունների կյանքում: Կուսակցություները անցել են ձևավորման և զարգացման երկար ճանապարհ և հանդիսանում են յուրաքանչյուր առանձին երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-պատմական և անկասկած քաղաքական զարգացման արդյունք: Պատմությունից մեզ հայտնի են քաղաքական կյանքի ինտեգրալ մասը:
Վաղուց գոյություն են ունեցել օլիգարխիական և դեմոկրատական «կուսակցություններ»: Քանի որ դեռ պոլիսներում գործում էին նման կուսակցություններ. Պլուտարքոսը նկարագրում է Հունաստանում իշխանության համար նման կուսակցությունների պայքարը: Հին Հռոմում ևս գործել են նման կուսակցություններ (partis). ասենք պոպուլյարները (ժողովրդական կուսակցություն Հռոմում, որը արտահայտում էր պլեբսի շահերը) և օպիմատները (Հռոմի արիստոկրատական կուսակցությունը, որը նոբիլիտետի (ազնվականության) կողմակիցներ էին):
Համանման կազմավորումներ կային միջնադարյան Իտալիայում, Նիդեռլանդներում և այլուր: Ըստ էության այդ կազմավորումները (խմբերը) հիմնականում եղել են զինակիցների, գործընկերների ոչ մեծ խմբեր, որոնք միավորվել են առանձին ազդեցիկ քաղաքական լիդերների (պետական գործիչների) շուրջ: Մինչև 17-րդ դարը կուսակցությունները կոչվում էին ֆակցիաներ (factio): Ավտորիտար քաղաքական համակարգերում, որ մենաշնորհային տիրապետում էին մինչև 18-19-րդ դդ., իշխանության համար ակնհայտ պայքարող խմբավորումները արգելվում էին: Բացառություն էին կազմում կրոնական քաղաքական կազմակերպությունները, օրինակ իեզուիտների միաբանությունը (16-րդ դ.), որն ի դեպ Պարագվայում 1610-1768թթ. ունեցել են իրենց պետությունը:
Ժամանակակից կուսակցությունները արդյունաբերական հեղափոխության «զավակներն» են: Մինչև 19-րդ դարը «կուսակցություն» և «ֆրակցիա» տերմինները հիմնականում նույն իմաստով են օգտագործվել[5]: Կուսակցության օգտագործման անհրաժեշտության գիտակցումը (ժամանակակից իմաստով` որպես քաղաքական ինստիտուտ, քաղաքական գործընթացի իրականացման գործիք, հիմնականում տեղի է ունենում բուրժուական ինստիտուտների և քաղաքական համակարգերի ձևավորման ընթացքում: Օրինակ` սկզբում քաղաքական կուսակցությունները քաղաքական համակարգի կարևոր տարր են դառնում արևմտյան մի շարք երկրներում (որտեղ տեղի ունեցան վաղ բուրժուական հեղափոխությունները), ապա նաև այն երկրներում, որոնք բռնում և զարգացման լիբերալ-դեմոկրատական ճանապարհը: Դրանցից առաջիններն էին Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ը: Բավական ցուցադրական է այդ երկրների փորձը: Օրինակ` ԱՄՆ անկախության մասին հռչակագրում (1776) և սահմանադրության մեջ (1787), որոնցով փաստորեն դրվել է երիտասարդ բուրժուական հանրապետության պետական և քաղաքական համակարգի հիմքերը, կուսակցությունների մասին ընդհանրապես չի հիշատակվում: Իսկ հայտնի «Ֆեդերալիստում» կուսակցությունների մասին հիմնականում խոսվում է բացասական իմաստով: Շատերն էլ «հիմնադիր հայրերից» լավագույն դեպքում այն համարել են անհրաժեշտ չարիք: Քանի որ կուսակցության առկայության և գործունեության մեջ նրանք հիմնականում տեսել են կոնֆլիկտների, երկպառակտությունների, վեճերի և տարաձայնություների աղբյուր: Օրինակ Թոքվիլը նշել է («Դեմոկրատիան Ամերիկայում»), թե «կուսակցությունը անխուսափելի չարիք է ազատ կառավարության համար»:
Ամերիկացի մեկ այլ քաղաքագետ Կաննիգեն գտնում է, որ ԱՄՆ քաղաքական զարգացման պարադոքսներից մեկը այն է, որ քաղաքական կուսակցությունների ստեղծումը ընթացել է կուսակցության հանդեպ եղած անվստահության մթնոլորտով: Ժամանակին Վաշինգտոնը ընտրվել է նախագահ ոչ կուսակցականության հիմքի վրա, իրեն համարել կուսակցությունից և քաղաքականությունից վեր կանգնած: Հայտնի «Հրաժեշտի ուղերձում» նա խոսում է «կուսակցական ոգու» վտանգավոր հետևանքների մասին և կուսակցությունների գոյության` որպես պատրաստի զենք ժողովրդի իշխանությունը պայթեցնելու և կառավարական իշխանությունը բռնությամբ զավթելու համար:
ԱՄՆ-ի ինքնուրույն պետականության հաստատման ժամանակաշրջանի քաղաքական գործիչների մեծամասնությունը համոզված էին, որ կուսակցությունները միանգամայն անկարող են կառավարման հանրապետական ձևի շրջանակներում:
Միացյալ Թագավորությունում մինչկուսակցական պայքարի սկիզբը վերաբերում է այսպես կոչված «Պանծալի (անարյուն) հեղափոխությանը» (1688): Այս պայքարի կենտրոնում պառլամենտի արտոնությունների ընդլայնման հարցն էր ի հաշիվ թագավորական իշխանության արտոնությունների սահմանափակման: Միմյանց հետ պայքարող քաղաքական ուժեր աստիճանաբար ձևավորվում են առավել կամ քիչ սերտորեն կապված կուսակցական միավորումներով` ստանալով վիգեր և թորիներ անվանումը: Վիգերի սոցիալական բազան խոշոր վաճառականները, բանկիրները, արդյունաբերողներն էին, թորիները` խոշոր հողատեր ազնվականները:
Ի տարբերություն ԱՄՆ-ի` անգլիացի մտածողները սկսած 17-րդ դարի վերջերից սկսում են նախապատրաստել հասարակական կարծիք կուսակցությունները դրական իմաստով ընկալելու համար: Սկզբնական շրջանում կուսակցություններին կարծես թե պատվիրած էր արտահայտելու ազգային շահերը: Օրինակ` 18-րդ դ. Անգլիացի ժամանակակից դասական պահպանողականության հայր Էդմոնդ Բյորկը (1759-1797) նշել է, թե «կուսակցությունը իրենից ներկայացնում է մարդկանց կազմակերպություն, որոնք միավորված են` նպատակ ունենալով միասնական ջանքերով առաջ տանել ազգային շահը: Ղեկավարվելով այս առանձնահատուկ սկզբունքով, որոնց շուրջ համաձայնության են գալիս»[6]: Բայց հետագայում հասարակության տարբեր խմբերի շահերը շերտավորման և տարբերակման ուժեղացումը, պայմանավորում են համազգային շահերի ներկայացման սկզբնական գործառույթի փոփոխությունը և կուսակցությունը վերածում խմբակային նախապատվության առաջնության արտահայտման մեխանիզմ:
Մասնագիտական գրականության մեջ կուսակցությունների ձևավորման գործընթացներում ժամանակին առանձնացվել են 3 հիմնական փուլեր. այդ բաժանումը կատարել է Վեբերը: Թեև գործնականում այդ փուլերը անցել են միայն անգլիական վիգերը և թորիները: Ժամանակակից մյուս կուսակցությունների պատմությունը այս իմաստով համեմատաբար կարճ է (միանգամից որպես զանգվածային կուսակցություններ են ձևավորվել): Այդ փուլերն են.
- Արիստոկրատական կոտերիաները, որը կարող է ճանաչվել որպես քաղաքական կուսակցությունների սկզբնական փուլ (աստիճան), եթե նրանից ծնվում է կուսակցության զարգացման հաջորդ էտապը և եթե գործում է պառլամենտական-ներկայացուցչական համակարգի շրջանակներում: Վիգերի և թորիների կոտերիաները ձևավորվել են հիմնականում 17-րդ դ. 2-րդ կեսերին (1660-1680- ականներին):
- Քաղաքական ակումբերի էտապը ավելի շատ համապատասխանում է հասարակության առավել բարդ կառուցվածքին` շերտավորմանը, պլյուրալիզմին և մրցակցությանը քաղաքական դաշտում: Առավել հաճախ նման ակումբները հանդես էին գալիս որպես որոշակի գաղափարների ձևավորման ու քարոզչության կենտրոններ:
Այդ ակումբները Անգլիայում ձևավորվեցին 1830-ականներին: 1831-ին թորիները հիմնեցին «Կարլտոն» ակումբը, 1836-ին վիգերը հիմնեցին «Ռեֆորմ» ակումբը: Ձևավորման սկզբնական շրջանում «Կարլտոնը» կապված էր ավանդական արիստոկրատական շրջանակների հետ, իսկ «Ռեֆորմը»` լիբերալ-բուրժուազիայի հետ: Որոշակի ժամանակահատված անց այդ բաժանումը կարծես թե ջնջվում է, որովհետև անգլական ազնվական արիստոկրատիան համեմատաբար կարճ ժամանակահատվածում, առանց կոնֆլիկտի վերածվում է փողային բուրժուազիայի` հարմարվելով շուկայական խաղի նոր կանոններին: Այս 2 ակումբերը բավականին մեծ ակտիվություն և ուշադրություն էին ցուցաբերում պառլամենտի հետ կապված հարցերին:
Այլ երկրներում նման ակումբները հանդես են եկել ներկայացուցչական մարմիներից դուրս, դրանց համար աղբյուր են հանդիսացել տարբեր ամսագրերի խմբագրությունների շուրջ հավաքված խմբերը, ընկերական հավաքույթները, անգամ գաղտնի միությունները (օրինակ` «Երիտասարդ Իտալիա»): Գործել են նաև այնպիսի ակումբներ, որոնք բավականին ամուր կապված էին պառլամենտի հետ:
- Զանգվածային կուսակցությունները, որոնք Եվրոպայում հանդես են գալիս 19-րդ դ. 2-րդ կեսերից, որոնք ակումբերից տարբերվում էին նրանով, որ իրենց տրամադրության տակ ունեին քաղաքական ազդեցության համեմատաբար շատ միջոցներ` պրոպագանդա, ագիտացիա, քաղաքական դաստիարակություն, լուսավորության տարածում, մշակութային գործունեություն և այլն[7]:
Գրականության մեջ տարածված է այն տեսակետը ըստ որի, կուսակցությունները ծագել, ձևավորվել և զարգացել են ընտրական համակարգի ներկայացուցչական գաղափարի հետ միասին: Ներկայացուցչության տեսությունը սկսել է ձևավորվել 17-18-րդ դդ: Դրա մշակման գործում մեծ դեր են խաղացել Լոկը, Թոքվիլը, Միլը և այլք: Այդ տեսության մեջ օրգանապես միահյուսված են ներկայացուցչական դեմոկրատիայի 2 կարևոր կողմերը (սկզբունքները), այն որ ոչ ոք իրավունք չունի կառավարել մյուսին առանց վերջինիս համաձայնության և քանի որ ամեն մի անհատ ի վիճակի չէ, և գործնականում հնարավորություն էլ չունի անմիջականորեն մասնակցել պետության կառավարմանը, հետևաբար բնակչության տարբեր խմբերի (խավերի) շահերը իշխանության համակարգում (իշխանության համապատասխան կառույցներում) կարող են ներկայացնել համապատասխան արտոնություններով և իրավունքներով լիազորված անձինք: Ի սկզբանե մարդիկ կարծում էին, թե իրենց ընտրած ներկայացուցիչները կարող էին ժողովրդի շահերը պաշտպանել և իրականացնել ավելի լավ, քան իրենք կարող են անել (առավել բնորոշ է տոտալիտար ռեժիմներին):
Ժամանակին ներկայացուցչության սկզբունքին զգալի կարևորություն է տրվել: Օրինակ Մեդիսոնը հանրապետությունը նույնացնում էր ներկայացուցչության սկզբունքի հետ: Սկսվում են որոնումներ ներկայացուցչության սկզբունքի իրականացման արդյունավետ ուղիներ և մեխանիզմներ գտնելու համար: Այս կապակցությամբ Մոնտեսքիոն նկատի ուներ, թե մարդիկ որպես կանոն ավելի լավ գիտեն իրենց բնակավայրի, քաղաքի շահերը ու հիմնահարցերը, քան երկրի մյուս շրջանների: Ուստի նպատակահարմար է իշխանության մարմիններում ներկայացուցիչներ ընտրել առանձին քաղաքներից (շրջաններից), ոչ թե երկրից ամբողջությամբ վերցրած:
Ժամանակին Անգլիայում հաստատված ներկայացուցչության տեսության էությունը այն էր, որ պառլամենտի անդամները ներկայացնում էին ոչ թե բնակչության առանձին խավերին (խմբերին), այլ ազգը ամբողջովին, ուստի նշանակություն չուներ, թե նրանք ինչպես, որտեղ և ինչ խմբերից են ընտրվել: Վիգերը, որոնք ձևավորեցին այդ տեսությունը, համոզված էին, որ ներկայացուցիչները չպետք է կախված լինեն ընտրողներից: Ըստ այդմ` Էդմոնդ Բյորկը 1774-ին ընտրողների առջև իր ճառում պնդում էր, թե պառլամենտը չպետք է լինի ինչ-որ տարբեր և թշնամական շահեր ներկայացնողների կոնգրես, այլ անգլական ժողովուրդը ներկայացնող ֆորում, որը ղեկավարվում և առաջնորդվում է ընդհանուրի բարեկեցությունը ապահովելու հրամայականով:
Սկզբունքորեն պարզ դարձավ կուսակցության երևույթի ընկալումը, որում առանցքային դերակատարությունը պատկանում է անգլոսաքսոնական աշխարհին, իսկ վերջինս ավանդաբար եղել է ու որպես երկկուսակցական համակարգ: Ուստի փորձենք պարզաբանել նախ երկկուսակցական համակարգի էությունը, ապա անդրադառնալ առանձին ԱՄՆ-ի և Միացյալ թագավորության կուսակցական համակարգերին` ընդհանուր քաղաքական համակարգի համատեքստում:
Երկկուսակցական համակարգի բնույթը
Ընդհանուր առմամբ կուսակցությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն իրականացնում են իրենց հստակ գործառույթները (ներկայացուցչություն, էլիտայի հավաքագրում, շահերի համակարգում և այլն), բայց և նրա համար, որ նրանց միջև հարաբերությունները միշտ բարդ են, որն էլ մեծապես պայմանավորում է տվյալ քաղաքական համակարգի գործունեությունը: Հարաբերությունների այս ցանցն էլ կոչվում է կուսակցական համակարգ[8]:
Կուսակցական համակարգերի դասակարգման առավել պարզ չափանիշն է կուսակցությունների թիվը, որոնք մասնակցում են իշխանության համար պայքարին: Այս մոտեցումը պատկանում է Մ. Դյուվերժերին, ով էլ բոլոր կուսակցական համակարգերը բաժանեց միակուսակցական, երկկուսակցական և բազմակուսակցական համակարգերի[9]: Թեև այս տիպաբանությունը լայնորեն օգտագործվում է, սակայն պետք է ասել, որ կուսակցական համակարգերի հիմնահարցը միայն «թվերի խաղին» չի հանգեցնում:
Ոչ պակաս կարևոր չափանիշ է նաև կուսակցությունների թիվը, սա առավել կարևոր է ընտրական գործընթացներում դրանց ունեցած հնարավորությունների տեսանկյունից: Այս առումով Ջ. Սարտորին կարևորում է կուսակցության «կշիռը»` իշխանության գալու հարցում կոլիցիայով կլինի, թե միայն սեփական ուժերով:
Կարևորագույն հանգամանքներից մեկն էլ կուսակցությունների միջև հարաբերություններն են, արդյոք առավել գերակայում է համագործակցություն ու կոնսենսուսը, թե հակադրությունն ու կոնֆլիկտը: Այս առումով շատ բան կախված է կուսակցական համակարգերի գաղափարախոսական ուղղվածություններից, ինչպես նաև տվյալ կուսակցության առաջացման պատմությունից և ավանդույթներից[10]:
Պետք է նշել, որ եթե պետության մեջ առկա են կուսակցություններ, դա դեռ չի նշանակում, որ դրանւմ նաև կուսակցական համակարգ կա: Կուսակցությունների միջև հարաբերությունները միայն այն ժամանակ են համակարգ ձևավորում, եթե այդ հարաբերությունների մեջ գոնե որոշակի կայունություն ու կանոնակարգվածություն կա, այլապես կարելի է խոսել լոկ այն մասին, որ կուսակցական համակարգը դեռևս կայանում է, որ արմատապես փոխում է իր բնույթը և այլն: Նույն Հայաստանի Հանրապետության օրինակում ԽՍՀՄ փուզումից հետո ակնհայտ էր, որ բազմակուսակցական համակարգը շատ դժվարությունների է ունենալու կայացման գործընթացում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին տասնյակ կուսակցությունները, որոնք բնականաբար չէին կարող քվեների մեծ տոկոս ձեռք բերել, սակայն պետք է արձանագրել, որ աստիճանաբար ընտրություններին սկսեցին մասնակցել ավելի ու ավելի քիչ թվով կուսակցությունները: Իսկ արդեն 2012 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցեցին ընդամենը 9 միավորումներ, որոնցից 6 հաղթահարեցին ընտրական անցողիկ շեմը[11]: 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցեցին կրկին թվով 9-ը քաղաքական ուժ, սակայն խորհրդարանում հայտնվեցին միայն 4-ը[12]: Ակնկալիք կա, որ աստիճանաբար հայկական կուսակցական դաշտն էլ կայանա:
Այդպիսով` ժամանակակից պետություններում կուսակցական համակարգերի հիմնական տիպերն են միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական և տիրապետող կուսակցության մոդելի համակարգերը: Անդրադառնանք երկկուսակցկան համակարգի էությանը:
Երկկուսակցական համակարգում գերակայում են երկու «խոշոր» կուսակցություններ, որոնք մշտապես գրեթե նույնական հնարավորություն ունեն կառավարող կուսակցություն դառնալու: Դասական երկկուսակցական համակարգն ունի երեք տարբերակիչ հատկություններ.
- Անկախ կուսակցությունների թվից, որոնց թվում նաև կարող են «փոքր» կուսակցություններ լինել, միայն կուսակցություններից երկուսն ունեն անհրաժեշտ ընտրական ու օրենսդրական ներուժ, որն նրանց կարող է հնարավորություն տալ հավակնել պետական իշխաության,
- Կառավարել կարող է այդ կուսակցություններից յուրաքանչյուրը (սովորաբար ըստ խորհրդարանում ձեռք բերած մեծամասնության), իսկ մյուս կուսակցությունը հանդես է գալիս որպես ընդդիմություն,
- Քանի որ երկու կուսակցություններն էլ ունակ են հաղթանակի հասնելու ընտրությունների ժամանակ, նրանք հաջորդաբար են գալիս իշխանության, իսկ ընդդիմությունը իրենից ներկայացնում է այսպես կոչված «ստվերային կաբինետ», որը «սպասում է իր հերթին»[13]:
Երկկուսակցական քաղաքականության մեջ ժամանակին տեսնում էին հավասարակշռության ձեռքբերման միջոց հասարակության պահանջներին արձագանքելու և կարգուկանոնի սկզբունքների միջև, ինչպես նաև ներկայացուցչական կառավարության ու արդյունավետ կառավարության միջև: Այս համակարգի ուժն այն է, որ պետական կառավարումը կարծես վստահված է կուսակցություններին, իսկ հասարակությունը ըստ այդմ հստակ ընտրություն ուն, այն քիչ, թե շատ կայուն է և միշտ գիտե, թե ում դիմել, ումից պահանջել: Երկու խոշոր կուսակցությունների առկայության պայմաններում ընտրողները միշտ հնարավորություն ունեն ընտրելու այս կամ այն ծրագիրը, ուստի և՝ այս կամ այն կառավարությունը: Ընտրողներն աջակցում են կուսակցություններին, քանի որ գիտեն, կարելի է հուսալ, որ ընտրություններին հաղթանակ տանելով, կուսակցությունները կկարողանան կյանքի կոչել իրենց նախընտրական խոստումները՝ առանց այլ կուսակցությունների հետ համագործակցելու կամ կոալիցիա ստեծելու պարտավորության: Հենց սրանում է մեծամասնական ընտրական համակարգի առավելությունը, որը այնքան «բարեհաճ» է մեծ կուսակցությունների հանդեպ: նույն այս համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվում ձևավորելու ուժեղ և միաժամանակ քաղաքականապես պատասխանատու ենթակա կառավարություն, որը մրցակից կուսակցությունների միջև համառ պայքարի արդյունք է: Կառավարությունը այստեղ իշխում է, հնարավություն չունենալով հանգիստ լինելու իր դիրքի համար, քանի որ նրա մեջքին գտնվում է ընդդիմության «ստվերային կառավարությունը»: Ի վերջո՝ երկկուսակցական համակարգն իր մեջ կրում է քաղաքական չափավորության միտում՝ մրցակցող կուսակցությունները միշտ ստիպված են հիշել «չկողմնորոշված» ընտրողներին, որոնք գտնվում են «էլեկտորալ սպեկտրի» կենտրոնում, ինչը հստակորեն արտահայտվել է այսպես կոչված սոցիալ-դեմոկրատական կոնսենսուսի մեջ, որը եղավ 1950-60-ականներին Միացյալ Թագավորությունում[14]:
Երկկուսակցական համակարգերի հետ կապված առկա ևս մեկ խնդիր կա, այստեղ երկու հավասար կուսակցությունները, միշտ ստիպված են մրցել նախընտրական խոստումների առումով, որի ուղիղ կամ անուղղակի արդյունքն է, հավանաբար, հասարակական ծախսերն ու ինֆլյացիան: Ձևավորվում է «անպատասխանատու» կառավարություն, ինչն այն կուսակցությունից է կազմավորվում, որը իշխանության է եկել կյանքի կոչելու հնարավորություն չունեցող ծրագրերով: Պետք է նշել, որ ժամանակակից երկկուսակցական համակարգերը հստակորեն սահմանափակում են ընտրողների գաղափարախոսական ընտրությունը: Գուցե դասակարգային հակադրության ժամանակաշրջանում երկու կուսակցությունների միջև ընտրությունը բավարարում էր, սակայն արդյոք այն բավարար է ինդիվիդուալիզմի ու սոցիալական բազմազանության ներկա շրջանում:
Երկկուսակցական համակարգի մեջ տարբերակվում է «կատայալ» և «ոչ կատարյալ» երկկուսակցականություն: «Կատարյալ» երկկուսակցականությունը ենթադրում է, որ երկու կուսակցություններ հավաքել են քվեների 90 տոկոսից ավելին, և դրա հետ մեկտեղ դրանցից մեկը ապահովում է խորհրդարանում իր տեղերի բացարձակ մեծամասնությունը: Նման կուսակցությունը կարող է միանձնա ղեկավարել` չմտնելով այլ կուսակցությունների հետ դաշիքնի` կոալիցիայի մեջ: «Ոչ կատարյալ» երկկուսակցականությունը այն դեպքում է, եթե խոշորագույն երկու կուսակցություններիձեռք բերած մանդատների թիվը հնարավորություն չի տալիս բացարձակ մեծամասնություն կազմել, նրանք ստիպված են միավորվել երրրորդ ուժի հետ` նման կուսակցական համակարգը կոչվում է «երկուսուկես կուսակցության» համակարգ:
Երկկուսակցական համակարգում առանձնացված է նաև երկու այլ տարբերակում` «կոշտ» և «մեղմ.: «Կոշտ» երկկուսակցական համակարգերում (օրինակ Միացյալ Թագավորությունում) կարևոր քաղաքական որոշումներ ընդունելիս յուրաքանչյուր կուսակցության պատգամավորները ձգտում են միանման քվեարկել: Այլապես նա ով այդ կարգը խախտի, նրան կուսակցությունից կհեռացնեն: Իսկ «մեղմ» երկկուսակցական համակարգում (օրինակ ԱՄՆ) նման կանոնակարգվածություն չկա[15]:
Սովորաբար երկկուսակցական համակարգող բնորոշվում են անգլոսաքսոնյան երկրները: Երկկուսակցական համակարգի առավել հայտնի օրինակներ են Միացյալ Թագավորությունն ու Միացյալ Նահանգները: Այս ցանկին կարելի է ավելացնել նաև Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան[16]: Բայց պետք է հաշվի առնել, որ «երկկուսակցական քաղաքականության» երևույթը մաքուր ձևով հազվադեպ է հանդիպում:
ԱՄՆ-ի երկկուսակցական համակարգի էությունը հստակեցնելու համար պետք է նաև անդրադառնալ երկրի քաղաքական համակարգի էությանը: Երկկուսակցական համակարգը ամբողջությամբ իր մոդելային տարբերակով չի գործել անգամ ԱՄՆ-ում, ուր Ներկայացուցիչների պալատի ու Սենատի գործիչները միայն հանրապետականներ ու դեմոկրատներ են եղել ու կան: Բանն այն է, որ ԱՄՆ-ում գործում է նախագահական համակարգ, որը հնարավորություն է տալիս կուսակցություններից մեկին իր մեջքին ունենալ Սպիտակ տան դիրքը (նախագահի կուսակցությունը), իսկ մյուս կուսակցությունը վերահսկում է Կապիտոլյան բլուրը (Կոնգրեսը): Իսկ ինչպես է դա իրագործվում:
Այս իրավիճակը շարունակվում է 1984 թվականից, այս հանգամանքը խոսում է այն մասին, որ ամբողջությամբ անհնար է հստակ սահմանել, թե որտեղ է կառավարության ու ընդդիմության միջև սահմանը: Դրանից բացի ԱՄՆ-ում ի հայտ է գալիս նաև «երրորդ» կուսակցության երևույթը, որը 1992 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ձեռք է բերում քվեների 16 տոկոսը: Այս հանգամանքը ոչ միայն ի ցույց դրեցին, որ Հանրապետականի ու Դեմոկրատների դիրքերը թուլանում են, այլև ապահովեցին Բիլ Քլինթոնի հաղթանակը[17]:
Միացյալ Թագավորությունը, որը միշտ համարվել է դասական երկկուսակցական պետություն, սակայն երկկուսակցության տարանջատման երեք չափանիշներին միայն իր պատմության որոշ դրվագներում է համապատասխանել: Անգամ հետպատերազմյան շրջանում, երբ թվում էր, թե լրիվ «երկկուսակցական» շրջան էր (1945-1970թթ., երբ լեյբորիստներն ու պահպանողականները չորս անգամ փոխարինել են միմյանց իշխանության ղեկին), ևս ինչ-որ մի տեղ շեղում ուներ տեսական երկկուսակցական համակարգի մոդելից, մասնավորապես կապված այն բանի հետ, որ 1951-1964 թթ. իշխանության էին պահպանողականները, իսկ լեյբորիստների դիրքերը կտրուկ թուլացել էին: Ավելին թեև Համայքների պալատում կառավարող կուսակցությունը միշտ զգալի մեծամասնություն էր ձեռք բերում, սակայն տեղին է արդյոք 1974 թ. հետո նշել, թե երկիրը ունի երկկուսակցական համակարգ: Այս երկու կուսակցություններին ազգաբնակչության կողմից հատկացվող քվեների ընդհանուր տոկոսային հանրագումարը բավականին կրճատվել էր: Եթե 1950-ականների կեսերին ան կազմում էր մոտ 95 տոկոս, ապա 1974 թվականից հետո 75 տոկոսից երբեք չի գերազանցել: Իսկ արդեն 1979 թվականից ոչ մի կուսակցություն չի ունեցել ակնհայտ առաջնայնություն:
Միացյալ Թագավորութունում արդեն 1970-ականներից երկկուսակցական քաղաքականությունը սկսեց իր դիրքը կորցնել հասարակության աչքին: Այլևս այդ համակարգի «չափավորության» մասին չէին խոսում, այլ ընդհակառակը՝ օրինակ Միացյալ Թագավորությունում այն հանգեցնում էր ավելի ու ավելի սուր քաղաքական հակասությունների, գաղափարախոսական բևեռայնացման ու հակամարտային վերաբերմունքի: 1980-ականների սկզբներին պահպանողականները Մ. Թետչերի գլխավորությամբ գնացեին դեպի աջ, իսկ առավել ու առավել արմատական լեյբորիստները՝ դեպի ձախ (թեև Թետչերից հետո կարելի էր խոսել որոշակի սահմանների մեջ ընդհանուր և նոր կոնսենսուսի մասին): Ներկայումս այնքան էլ հստակ չէ, թե ինչով է բացատրվում այս նոր հակասությունները՝ հասարակական հակասությունների սրմամբ, կուսակցությունների ժողովրդավարացմամբ կամ նոր գաղափարախոսությունների առաջացմամբ, որոնք բխում են ներքևից[18]:
[1] Քաղաքական կուսակցությունների տարբեր մեկնաբանությունների մասին տես Пугачев В. П. Политология, М., 2003, էջ 355-357:
[2] Մանրամասն տես Քաղաքագիտության ներածություն, Եր., 1996, էջ 111-114:
[3] «Կուսակցությունների մասին» օրենք, Հոդված 3.1:
[4] Пугачев В. П. Политология, М., 2003, էջ 352:
[5] Այդ մասին մանրամասն տես Мельвиль А. Ю. Политология. М., 2008, էջ 266:
[6] Мухаев Р. Т. Теория политики, М., 2005, էջ 363:
[7] http://www.politnauka.org/library/uchebnik/
[8] Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского, М., 2005, Էջ 321:
[9] Կուսակցական համակարգերի մասին մանրամասն տես Дюверже М. Политические партии / Пер. с франц., М., 2000, էջ 267-347:
[10] Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского, М., 2005, էջ 321-322:
[11] http://www.elections.am/proportional/
[12] http://www.elections.am/parliamentary/
[13] Նույն տեղում, 323-324:
[14] Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского, М., 2005, 324-325:
[15] Мухаев Р. Т. Теория политики, М., 2005, էջ 378:
[16] Дюверже М. Политические партии / Пер. с франц., М., 2000, էջ 269-270:
[17] Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского, М., 2005, 324:
[18] Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов / Пер. с англ. под ред. Г.Г. Водолазова, В.Ю. Вельского, М., 2005, էջ 325: