Ռուս-թուրքական ռազմական համագործակցություն. Անկարան կարող է գնել ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգեր
Ներկայացնում են Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի հոդվածը («Rusya ile S-400 pazarlığı».Yeni Şafak — Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի գործարքը »):
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը Ստամաբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (10.10.2016 թ. – խմբ.) համաձայնության են եկել պաշտպանական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ: Թուրքիայի համար հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը օրակարգային հարց է, որի հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև Ռուսաստանը, սակայն բարձր գների պատճառով Թուրքիան հանել էր ռուսական հայտը: Այժմ երբ ռուսական կողմը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում, Թուրքիան վերջինիս առաջարկել է նոր հայտ ներկայացնել: Ռուսաստանի հետ համաձայնության գալու դեպքում Թուրքիան, գնելով պատրաստի ռազմական համալիրներ, առաջին փուլի համար կբավարարի իր հրատապ պահանջարկը: Հետագայում այդ համաձայնության շրջանակներում երկու երկրները կմիավորեն ջանքերը նոր համակարգեր արտադրելու համար:
Տեխնոլոգիաների փոխանցում.
Թուրքիայի կառավարական աղբյուրների տվյալներով հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են: Ռուսաստանը Ս-300 և Ս-400 համակարգերից բացի, ունի նաև ավելի հին տեխնոլոգիաներ, ինչպես «Անտեյ-2500», սակայն Թուրքիան ցանկանում է գնել նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված Ս-400 համակարգեր (մեկ համակարգի գինը կազմում է շուրջ 400 մլն դոլար, գրեթե նույնքան ինչ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեկ տարվա բյուջեն):
Չինաստանն ու Հնդկաստանը հաջորդն են.
Աղբյուրը հաղորդում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերաբերում են ոչ միայն գնմանը, այլև համատեղ արտադրությանը (Թուրքիայի պահանջարկը բավարարելու համար), այդ ուղղությամբ աշխատանքները նախնական փուլում են: Ռուսաստանը դրական է վերաբերվում Ս-400 համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի ց ձգտմանը, սակայն առաջնահերթ նշանակություն ունի այն, որ Ս-400 համակարգերի պահանջարկ ունի նաև ռուսական բանակը: Ավելի վաղ Ս-400 համակարգեր գնելու համաձայնություն է ստորագրվել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ: Դրանով պայմանավորված Թուրքիայի հետ բանակցությունների կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ռուսական հրթիռներն երբ հնարավոր կլինի փոխանցել Թուրքիային:
Խստացված առևտուր Ս-400-ի համար.
Թուրքիայի հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի գնման տենդերում Ռուսաստանն առաջարկ է ներկայացրել Ս-400 համակարգեր վաճառելու համար, սակայն քանի որ ի տարբերություն մրցակիցների (Չինաստան, ԱՄՆ, «EUROSAM-T» եվրոպական կոնսորցիում), նրա առաջարկն ամենաբարձր գինն ուներ և չէր ենթադրում տեխնոլոգիաների փոխանցում: Արդյունքում Ռուսաստանն առաջինը դուրս մղվեց մրցույթից: Դրանով պայմանավորված ենթադրելի է, որ այժմ Ս-400 համակարգերի գնման համար բանակցությունները խիստ տուրևառի առարկա կդառնան:
ՆԱՏՕ-ի ճնշումը ուժ չունի.
Թուրքիան Չինաստանի հետ հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու տենդերի արդյունքում բախվեց ՆԱՏՕ-ի ճնշմանը, այժմ էլ կարող է խնդիրներ առաջանալ ռուսական համակարգերի հետ կապված: Թուրքիան նախկինում ևս ՆԱՏՕ-ի ստանդարտներին չհամապաստախանելու պատճառով չէր կարողանանում Ռուսաստանից պաշտպանական արդյունաբերության ոլորտի գնումներ իրականացնել: Դրանով պայմանավորված Ռուսաստանն այդ ուղղությամբ բավականին զգույշ է գործում: Այնուհանդերձ Թուրքիան, որը վերջին շրջանում Սիրիայից բխող սպառնալիքի պայմաններում իր դաշնակիցների աջակցությունը չի ստանում, այսօր պատրաստակամ է հակադրվելու Դաշինքի ճնշումներին: ՆԱՏՕ-ի անդամների դիրքորոշման երկերեսանիության մասին են խոսում նաև թուրքական իշխանությունների ներկյացուցիչները:»
Նշենք, որ ռազմական սպառազինության ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն անհանգստացնում է ոչ միայն Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, այլև Ռուսաստանի՝ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակից Հայաստանին: Ներկայում Ս-400 համակարգեր կան միայն Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերում, Թուրքիայի կողմից դրանց ձեռքբերումն ու հատկապես հետագա համատեղ արտադրության ներդրման հնարավորությունը Հայաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլացնեն. այստեղ է, որ ՆԱՏՕ-ի և Հայաստանի շահերը համընկնում են: