Մանիպուլարխիա. Կառավարման ձևերի ընկալման մանիպուլյացիա
Ժամանակակից աշխարհում, որում թերևս իշխում է արևմտյան քաղաքակրթական մշակույթը հասարակական բարձրագույն արժեքներից մեկը համարվում է ժողովրդավարական կառավարման ձևը: Սակայն այս հասկացությունն ըստ բավականին հարաբերական է և պարզեցման կարիք է զգում. արդյոք կարելի՞ է առկա «պոլիարխիկ» կառավարման համակարգերը համարել ժողովրդավարական, և եթե իրողության մեջ չկա ժողովրդավարություն երևույթ, ինչու՞ է այն մեծարվում ու պաշտպանվում:
Այս հարցերի պատասխանները տալու համար մեզ անհրաժեշտ է հասկանալ.
- ինչ է կառավարումը,
- ինչ է կառավարման ձևը,
- ինչ է ժողովրդավարական կառավարման ձևը,
- որն է իրական կառավարման ձևը,
- ինչ այլընտրանքային կառավարման ձև կա:
Կառավարում հասկացությունը.
Քաղաքագիտության կենտրոնական կատեգորիաներից է կառավարումը. բուն քաղաքականություն տերմինը ևս հաճախ ասոցիացվում է կառավարման հետ:
Քաղաքական կառավարումը քաղաքական իշխանության իրագործման գործընթաց է, որի ընթացքում կառավարող էլիտան կառավարվողներին որոշակի գործողությունների ու վարքի է դրդում համապատասխան կառավարող էլիտայի շահերի: Տվյալ սահմանման մեջ ակնհատ է այն, որ կառավարում հասկացողությունն ենթադրում է փոքրամասնության (այս դեպքում էլիտայի) առկայություն, որը թելադրում է մեծամասնությանը (կառավարվողներին): Գործնականում անհնար է պատկերացնել մի կառավարում, որը հակառակ ընթացք ունենա, որովհետև կառավարումն ենթադրում է որոշումների ընդունում, որոնք պարտադիր կլինեն հանրույթի բոլոր ներկայացուցիչների համար:
Առաջին եզրակացությունը՝ կառավարումն ու մեծամասնությունն անհամատեղելի են. մեծամասնությունը չի կարող իրականացնել կառավարում:
Կառավարման ձևեր.
Քաղաքագիտության ակունքային գրեթե բոլոր աշխատություններում փորձ է արվում տալ հասարակական-պետական կառավարման ձևերի դասակարգում, ինչպես և լավագույն կառավարման ձևի նախանշում:
Հետագայում կառավարման ձևերի հասկացությունը հարստացվեց ևս երկու նույնիմաստ տերմիններով՝ քաղաքական համակարգ և ռեժիմ: Մենք այս բոլոոր հասկացությունների համար կօգտագործենք կառավարման ձև հասկացությունը: Բոլոր հետազոտողներն սկսած Պլատոնից, Արիստոտելից մինչև Դալ, Բլոնդել առաջարկում եմ կառավարման ձևերի իդեալական տարբերակներ, իսկ գոյություն ունեցող բոլոր կառավարման ձևերը դասակարգվում են դրանց միջանկյալ գոտում գտնվող ինչ-որ ձևերով: Այսինքն ավելին քան ակնհայտ է այն բացը, որն առկա է օբյեկտիվ իրողությունները գիտականորեն հստակ դասակարգելու ու ընկալելու մեջ:
Ինչպե՞ս ենք սահմանում կառավարման ձևերը. «բնութագրվում են իշխանության բարձրագույն մարմինների ձևավորմամբ և նրանց միջև գործառույթների և լիազորությունների բաշխմամբ: Առանձնացվում են կառավարման երկու հիմնական ձևեր` միապետություն և հանրապետություն»: Միապետությունը և հանրապետությունը տարբերվում են պետության գլխի պաշտոնի փոխարինմամբ: Միապետի կարգավիճակը ընդհանրապես անցնում է ժառանգաբար, անգամ այն հատուկ պայմաններում, երբ ընդհատվում է դինաստիան. միապետ ընտրվում է այն սահմանափակ ընտանիի ներկայացուցիչներից, ովքեր պատկանում են թագավորական տոհմին: Հանրապետության մեջ պետության գլուխը (միանձնյա կամ կոլեգիալ) իր պաշտոնին նշանակվում է ընտրական ինստիտուտների հիման վրա:
Վերը նշված սահմանման մեջ որոշակի թյուրըմբռնում կա: Նախևառաջ եթե ցանկանում ենք խոսել կառավարման տարբերակների (այս պարագայում ձևերի) մասին, ապա այդ տարբերակումը պետք է համապատասխանի բուն կառավարում երևույթի էությանը: Կառավարումը հարատև գործընթաց է, իսկ երբ առանձնացնում ենք կառավարման ձևերը, անդրադառնում են այդ գործընթացի զուտ մի դրվագին` այն է կառավարողների շրջանակի ձևավորմանը: Սրանից հանգում ենք այն եզրակցության, որ կառավարող խավի ձևավորումը, լինելով, կառավարում գործընթացի մի տարրը, իրենով կլանել է ողջ կառավարում երևույթը: Այսինքն կառավարման ձևեր հասկացողության ժամանակակից ընկալումը` որպես միապետություն և հանրապետություն, ոչ այլ ինչ է, քանկառավարման ձևավորման տիպեր, այլ ոչ թե կառավարման ձևեր:
Երկրորդ եզրակացություն՝ կառավարման ձևերը հասկացությունը սխալ է ընկալում, այն պետք է ընկալի որպես կառավարման ձևավորման տիպեր:
Ժողովրդավարական կառավարման ձև.
Ցանկացած հանրույթում իշխանության անսասանության ու անվտանգության համար չափազանց կարևոր է լեգիտիմությունը: Եթե նախնադարում, միջնադարում և անգամ նոր ժամանակներում հնարավոր էր այն ապահովել՝ ստեղծելով առասպելներ կառավարչի աստվածային ծագման մասին, ապա այսօր այն այլևս չի գործում: Իսկ հասարակության համար գիտակցաբար կամ ենթագիտակցորեն բնական (ճիշտ) է համարվում արդար կառավարումը: Իսկ կառավարումը կհամարվի արդար, եթե այն հիմնված է մեծամասնության որոշման վրա: Մեծամասնության կառավարումը գործնականում կասկած չի հարուցում կառավարման արդարացիության շուրջ. այդպիսով իսկ նման կարգով կառավարմանը կլինի լեգիտիմ: Սակայն մենք արդեն հասկանում ենք, որ կառավարումն ու մեծամասնությունը փոխբացառում են միմյանց, այսինքն գործնականում նմանատիպ արդար կառավարման ձև ստեղծել հնարավոր չէ:
Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտում «սրբության սրբոց» է համարվում ժողովրդավարությունը. բոլոր վերլուծաբանները փորձում են ներկայացնել իրենց երբեմն անգամ պոտենցյալ հակադեմոկրատական մոտեցումը «ժողովրդավարություն» անվան տակ: Ժողովրդավարությունը որպես պետության իշխանության կրող հռչակում է ժողովրդին կամ կոմպետենտ քաղաքացիներին:
Այլ հարց է, թե իրականում այն որքանով է ռեալ ժողովրդավարական կառավարումը: Փոքր հանրույթներում, ուր հնարավոր է իրականացնել «ուղիղ ժողովրդավարություն» այսինքն քվեարկություն ու որոշումների ընդունում հանրույթի բոլոր անդամների մասնակցությամբ, ժողովրդավարություն հնարավոր է, այսինքն առկա է արդար կառավարում: Այս բազային արդարության գաղափարը պետությունների ընդլայնման հետ մեկտեղ ձևախեղվել է: Մեծ հանրույթներում, ուր կառավարման համար անհրաժեշտություն է զգացվում ներկայացուցիչներ ընտրել կապված ժամանակի ու տարածության օբյեկտիվ սահմանափակումների հետ, հնարավոր չէ ապահովել ժողովրդավարական կառավարում, ստացվում է, որ «մեղանչում են արդարության առջև»:
Ժողովրդավարությունն այդպիսին են միայն իշխանությամբ լիազորման ժամանակ և ավելի շուտ արտահայտում են լիազորող անձի կամ անձանց պատկերը: Այսպես ժողովրդավարությունը ժողովրդավարություն է միայն ընտրությունների ժամանակ. այսինքն ժողովուրդը կամ ավելի ճիշտ դեմոսն որոշում է կայացնում` միայն ընտրություններին մասնակցելով: Սա ևս մեկ փաստարկ է առ այն, որ ժամանակակից համակարգերը, ռեժիմները և մասնավորապես ժողովրդավարությունը* ևս կառավարման ձևավորման տիպեր են:
Եզրակացություն երրորդ՝ ժամանակակից ժողովրդավարության երկու հիմնական հենասյունները՝մեծամասնության կառավարումը և ներկայացուցչության ինստիտուտը անհամատեղելի են, ստացվում է, որ ժողովրդավարություն հորջորջված երևույթը հիմնված է տարրական մանիպուլյացիայի վրա: Մանիպուլյացիա, որն հնարավորություն է տալիս ստեղծել կառավարմանը մասնակցելու պատրանք, միևնույն ժամանակ պահպանելով կառավարմանը բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ փոքրամասնության կառավարումը:
Իրական կառավարման ձև.
Պրակտիկա ցույց է տալիս, որ կառավարումը ունի տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում նույնական որոշակի գծեր: Ինչն էլ հնարավորություն է տալիս հստակեցնել կառավարման ձև հասկացության էությունը: Կառավարման ձևն այստեղ անհրաժեշտ է դիտարկել իրական և ամբողջական իմաստով, այսինքն միայն կառավարման ձևավորման տիպերով չպետք է սահմանափակվել: Պետք է մեկ ընդհանուր տարբերակ` առանձնացնելով դրա որակները և հատկանիշները, որն առավել օբյեկտիվորեն կհամապատասախանի իրականության հետ:
Քաղաքագիտության հիմնական մոտեցումները ձևավորվելով դարերի ընթացքում, հաճախ զգալով իրենց վրա ռեալ իշխանությունների հրամայական պահանջները, այսօր ավելորդ ծանրաբեռնվածություն են կրում: Քաղաքագիտության չափազանց մասնավորեցումը հանգեցրել է գիտության չափազանց խճճվածության և բարդության: Ես նպատակահարմար չեմ համարում առանձնացնել համակարգ, ռեժիմ և կառավարման ձև հասկացությունները: Քանի որ նշված հասկացություններն իրականության մեջ արտացոլում են մեկ բան` կառավարման ձևավորման տիպերը:
Ցանկացած տիպի կառավարում նույնական է, միայն որոշակի ոչ սկզբունքային տարբերություններ են առկա: Գերիշխանական բնույթը, որը բնորոշ է տիրանիային, ժողովրդավարության պարագայում չի սահմանափակվում, միակ տարբերությունն այն է, որ ընդգրկման ոլորտը և ժամանակահատվածն է փոփոխության ենթարկվում: Կառավարում հասակցությունը ենթադրում է պարտադիր կերպով հեգեմոն դիրք:
Իսկ ի՞նչն է կառավարման մեջ ընդհանուր: Կառավարման իրականացման գործում պարտադիր է մանիպուլյացիան, քանի որ շահերը շատ բազմազան են, բոլորը հնարավոր չէ բավարարել, իսկ ռեսուրսները քիչ են: Ինչպես՞ հասնել կառավարման, այսինքն համակարգման:
Չորրորդ եզրակացություն՝ կառավարման իրականացման անքակտելի մասն է մանիպուլյացիան:
Սակայն պետք չէ մանիպուլյացիա երևույթը դիտարկել միայն բացասական իմաստով: Դիտրակենք մայր-երեխա հարաբերությունները, ինչն ենթադրում է ամենավեհ զգացմունքի` մայրական սիրո առկայություն, միևնույն ժամանակ հոգատարության դրսևորում և երեխայի որոշում ընդունելու անսխալականության նկատմամբ կասկած: Արդյունքում մանիպուլյացիան դառնում է միակ հնարավոր միջոցը և առավել հեշտ ձևը ցանկալի արդյունքի հասնելու համար: Այսինքն այստեղ խոսքը գնում է «հոգատար մանիպուլյացիայի» մասին:
Կառավարողը գիտե, որ կառավարական ցանկացած գործողություն առնչվելու են մեծ թվով անձանց հետ, ովքեր իրենց պատկերացումներով, կրթվածության աստիճանով, աշխարհայացքով միանգամայն տարբերվում են իրարից: Այսինքն կառավարողը չի կարող երևույթները ներկայացնել հստակ, ռացիոնալ, պատճառաբանված հիմքով միայն, միևնույն է կլինեն շատերը, ովքեր չեն հասկանա: Կառավարման գործընթացն ավելի մոբիլ դարձնելու համար կառավարող դիմում է տարբեր հնարքների, որոնք կառավարվողների ենթագիտակցությանն են հղված: Նման հնարքներն առավելապես գործածական են վիզուալ հաղորդակցության առումով, քանի որ մարդկանց մեծամասնությունը չի սիրում մտածել, իսկ ոմանք ընդհանրապես հետաքրքրություն չեն ցուցաբերում քաղաքականության նկատմամբ: Այստեղ օգնության է գալիս այնպիսի միջոցներն ինչպես խորհրդանշանը, քաղաքական գովազդը, հռետորական արվեստը, ամբոխի հոգեբանությունը և շատ այլ միջոցներ, որոնք ոչ այլ ինչ են քան մանիպուլյացիոն հնարքներ:
Դրանից բացի առկա է ժողովրդավարական համարվող երկրներում մի հոծ «բանակ», որն ընդհանրապես հետաքրքրված չէ քաղաքական մասնացկությամբ, այսինքն գործ ունենք աբսենթիզմ երևույթի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս խոսելու այն մասին, որ ոչ բոլոր մարդիկ պետք է մասնակցություն գտնեն կառավարման գործընթացի մեջ:
Մանիպուլյացիան անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի մարդիկ քիչ մտածեն և փոխանցվելիք ինֆորմացիան հասկանանք միանգամից, կոմունիկատորի համար հարմար դիտակետից: Մյուս կողմից ցանկացած ղեկավար լեգիտիմացման խնդիր ունի, ուստի կատարում է մանիպուլյացիա:
Քաղաքական համակարգի իրական ունիվերսալ բնույթին ես կանվանեի «մանիպուլարխիա»: Բառը բխում է մանիպուլյացիա և արխիա (իշխանություն) բառերից: Սա օբյեկտիվ իրողություն է, միակ կառավարման ձևն է ցանկացած հանրույթի համար:
Այլընտրանքային կառավարման ձև.
Ոչ ոք չի բացառում, որ եթե տվյալ հնարույթի ներկայացուցիչները բավականին կոմպետենտ են ու ցանկանում են մասնակցել ընդհանուր որոշումների ընդունմանը, ապա դա գովելի է ու արդարացի, իհարկե եթե այն տեղի է ունենում առանձ միջնորդավորման:
Ժամանակակից տեխնոլոգիաների հետագա կատարելագործումը տեսիլք է տալիս նոր կառավարման ձևի առանձնացման համար, որը կլինի իրական ուղիղ ժողովրդավարություն: Եթե ուղիղ ժողովրդավարության համար պատմության ընթացքում խոչընդոտ էր ժամանակը ու տարածությունը, ապա այսօր իսկ այն հաղթահարված է, մասնավորապես շնորհիվ ցանցային տեղեկատվական տեխնոլոգիաների:
Կարելի է կանխատեսել, որ հանրույթի կառավարման համար առաջիկայում կօգտագործվեն հատուկ սարքավորումներ, որոնցով ցանկացած պահի հանրույթի անդամը կարող է մասնակցել կամ կպարտավորվի մասնակցել որոշումների ընդունման գործընթացին: Հնարավոր է նաև որոշակի համակարգչային ծրագրի ստեղծում, որը հնարավոր կլինի օգտագործել ցանկացած բջջային հեռախոսում բեռնելով: Գործնականում այս խնդիրը շատ հեշտությամբ հնարավոր է կյանքի կոչել, սակայն նմանատիպ տարբերակով կառավարվող երկիրը բավականին դանդաղաշարժ է: Եվ եթե հաշվի առնենք պետության մրցակցային բնույթը այլ պետությունների հետ հարաբերություններում, ապա նման կառավարումը կլինի ոչ արդյունավետ: Մյուս կողմից գլոբալիզացվող մոլորակի համար կարող է դառնալ ներկայացուցչական կառավարմանը իրական արդարացի այլընտանք: Իսկ ընթացիկ հարցերի առնչությամբ կարող է գործել բյուրոկրատական ապարատ, որը չի լինի քաղաքականացված, սակայն իր գործողությունների համար առավելագույն պատասխանատվության է ենթակա: Իհարկե նման հասարակության տեսլականը բավականին ուտոպիստական է, քանզի դրան պետք է համահունչ լինի նաև հասարակական այլ բնագավառների ընկալումը՝ սկսած մշակույթից մինչև տնտեսություն, և պետք է հարմարեցված լինի նոր իրողությանը: