Միջին աշխատավարձը` 1,25 մլն դրամ, պրոգրե՞ս, թե՞ ռեգրես (Հայաստան 2050)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «ռազմավարական նպատակադրումների» ցանկում 2050 թվականի համար ներկայացված թիրախներից մեկը վերաբերում է միջին աշխատավարձի չափին[1]։
ՆՊԱՏԱԿ. «Յոթնապատկել միջին աշխատավարձը»:
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ աշխատավարձի յոթնապատկումը 30 տարվա կտրվածքով բավականին լուրջ ձեռքբերում կլինի։ 2019 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 180 հազար ՀՀ դրամ[2], այսինքն 2050 թվականին նախատեսվում է հասցնել առնվազն 1250 հազար ՀՀ դրամի։
Իհարկե այս նպատակը չափազանց անորոշ է, քանի որ չի դիտարկվում առնվազն դրամի արժեզրկման հնարավորությունը։ ՀՀ դրամի արժեզրկումը և գնաճը կարող է լրիվ զրոյացնել 7 անգամ մեծացած աշխատավարձերի գործնական նշանակությունը, արդյունքում՝ քաղաքացիների կենսամակարդակում որևէ փոփոխություն չի նշմարվի։
Անդրադառնանք նախորդ տասնամյակների պատմությանը, պատկերն ավելի հստակ հասկանալու համար։ Այսպես՝ 31 տարի առաջ՝ 1988 թվականին, Հայկական ԽՍՀ-ում միջին աշխատավարձը կազմում էր 197 ռուբլի[3]։ Դրան հաջորդեց ԽՍՀՄ փլուզումը, ռուբլու արժեզրկումը, նոր դրամական միավորի շրջանառությունը (վերափոխումներ, որոնք կանխատեսելի չէին ու այժմ էլ ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, թե ինչ կարող է լինել 30 տարվա ընթացքում)։ 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության դրվեց ՀՀ դրամը, այն փոխարինեց ԽՍՀՄ ռուբլուն՝ 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությամբ[4]: Եթե կոպիտ համեմատականով ներկայացնենք, ապա ստացվում է, որ 31 տարում աշխատավարձը աճել է 180․000 անգամ (իրականության մեջ ռուբլին և դրամն է արժեզրկվել)։
Ներկայացնենք միջին աշխատավարձի աճի ավելի կարճաժամկետ տարեկան հարաբերակցությունը։
- 25 տարի առաջ՝ 1994 թվականին, միջին աշխատավարձը կազմում էր 1748 դրամ, այսինքն մինչև օրս աշխատավարձերը բարձրացել են 103 անգամ։
- 20 տարի առաջ՝ 1999 թվականին, միջին աշխատավարձը կազմում էր 20157 դրամ, այսինքն մինչև օրս աշխատավարձերը բարձրացել են 9 անգամ։
- 10 տարի առաջ՝ 2009 թվականին, միջին աշխատավարձը կազմում էր 96019 դրամ, այսինքն մինչև օրս աշխատավարձերը բարձրացել են գրեթե 2 անգամ։
Այս թվային պատկերը ցույց է տալիս, որ աշխատավարձի յոթնապատկման մասին հայտարարությունը ոչինչ չասող դիտարկում է, քանի որ ապագայում տնտեսական ճգնաժամերի, գումարի արժեզրկման և այլ անցանկալի փոփոխությունները չեն կարող գուշակվել (մենք ընդհանրապես չենք անդրադառնում նաև այն փաստին, որ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է անցում կատարել միասնական արժույթի)։
Եթե նպատակ է դրվում բարելավել մարդկանց կենսամակարդակը ու որպես այդ թիրախի թվային պատկեր բերվում է աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը, ապա առնվազն պետք է ներկայացնել աշխատավարձերի հարաբերակցությունը սպառողական զամբյուղին ու այլ երկրների հետ համեմատականը։ Պրոգրեսիվ տեսլականը պետք է պարունակի աշխատավարձի մեջ սպառողական զամբյուղի համամասնության կրճատումը և բնակչության բարեկեցության բարձրացումը։ Մինչդեռ զուտ աշխատավարձի բարձրացման մասին հայտարարությունը, ոչ միայն անհիմն է, այլև լուրջ ռեգրեսի տարրեր կարող է պարունակել։
Ցավոք, բայց երկրի առաջին դեմքն անգամ զարգացում ապահովելու ցանկության մասին խոսելիս, չպետք է բարձրաձայներ նման անիմաստ թվեր։ Այս հարցում իր մեղքի բաժինն ունի ոչ միայն վարչապետը, այլև իր աշխատակազմի պատասխանատու անձինք, որ պատշաճ վերլուծության չեն ներկայացրել հանրությանը ներկայացնելու համար։
[1] Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին // https://www.primeminister.am/hy/videos/item/HKSaCwsZaNo/
[2] https://www.armstat.am/am/?nid=12&id=08001
[3] https://www.armstat.am/file/article/trud_2017_14.pdf
[4] https://www.cba.am/am/sitepages/achbankingsystemarmenia.aspx