ՆԱՏՕ-ն սառը պատերազմից հետո
Սառը պատերազմի ավարտի ազդանշանը դարձավ 1989 թ. նոյեմբերը Բեռլինի պատի անկումը[1]: Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծված էր համապատասխան համաշխարհային դուալիզմի էության, և այժմ, երբ այլևս համաշխարհային բևեռներից մեկը անցյալում էր, կառույցի նպատակը դիտարկվում էր սպառված: Ուստի ավելին քան անհրաժեշտություն դարձավ ՆԱՏՕ-ի արմատական վեարփոխումը[2]: Կարճ ժամանակ անց Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների արագ ընթացքը ՆԱՏՕ-ին կանգնեցրեց անվտանգության նոր ու բնույթով լրիվ այլ խնդիրների առաջ: Քաղաքական դաշտի փոփոխությունների աննախադեպ ծավալն իր հետ բերեց Եվրոպայում անվտանգության մեծացման լայն հնարավորություններ, բայց և, միաժամանակ, ծնունդ տվեց նոր անորոշ ու անկայուն վիճակների հավանականությանը:
ՆԱՏՕ-ն ինքնին նախևառաջ ապահովում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական շահերը, իսկ մնացյալ արևմտյան երկրներն ավելի շուտ սատելիտային կարգավիճակ ունեն: Դաշինքի անդամ երկրների ղեկավարները, Լոնդոնում 1990 թ. հուլիսին տեղի ունեցած իրենց համաժողովում արձագանքեցին հին արևմուտք-արևելք ջրբաժանի վրայով` բարեկամության ձեռք մեկնելով Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների հետ` նոր համագործակցային հարաբերություններ առաջարկելով: Ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի 1991թ. դեկտեմբերին ստեղծվեր Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհուրդը. մի ֆորում, որն ի մի կբերեր ՆԱՏՕ-ն ու նրա նոր գործընկեր երկրները՝ ընդհանուր մտահոգության խնդիրներ քննարկելու համար: Այդպիսին էր Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների ընթացքն այն ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի առաջին նիստն ինքնին արդեն նշանավորվեց պատմական իրադարձությամբ: Մինչ համաձայնություն էր կայացվում վերջնական կոմյունիկեի վերաբերյալ, ԽՍՀՄ-ի դեսպանը նիստի ընթացքում հայտարարեց, որ Խորհրդային Միությունը կազմալուծվել է, և ինքն այսուհետև ներկայացնում է միայն Ռուսաստանի Դաշնությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ին պահանջվեց ավելին քան մեկ տասնամյակ սկզբունքորեն նոր ռազմավարական հայեցակարգի անցնելու համար: 2002 թ. սեպտեմբերին Ջ. Բուշ Կրտսերի կառավարությունը ներկայացրեց հստակ ձևակերպված «Ազգային անվտանգության ռազավարություն», որը հաստատում էր ԱՄՆ-ի մտադրությունը լինել համամոլորակային «հեգեմոն»: Որոշում կայացվեց, որ զսպման ու ահաբեկման դոկտրին, որը միջուկային դարաշրջանում արդյունավետ ծառայում էր ԱՄՆ-ին, նույնքան արդյունավետ չի լինի երկիրը այսպես կոչված ասիմետրիկ սպառնալիքներից պաշտպանելու համար, որը բխում է «իռացիոնալ» կամ գաղափարախոսական մոտիվացված ոչ պետական քաղաքական դերակատարների կամ «սև ցուցակի» երկրների կողմից, քանի որ դրանք այն հակառակորդներն են, ովքեր չեն կարող գահընկեց արվել կամ ահաբեկվել ավանդական միջոցներով: Նոր դոկտրինը վկայում էր այն մասին, որ ԱՄՆ-ը այժմ կգործեն միակողմանի և «կայսերական ամբարտավանությամբ»՝ ի պաշտպանություն իրենց շահերի: ԱՄՆ-ը ենադրվող վտանգների վերացման նպատակով իրեն իրավունք էր վերապահում հակառակորդ-երկրներում վեացնել կամ փոխել քաղաքական ռեժիմը[3]: Էլ ավելի բիրտ կայսերական դիրքորոշման մասին էր վկայում այն, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է աշխարհում ցանկացած տիպի ռազմական ներուժի ավելացմանը, որը կհամեմատվեր ԱՄՆ-ի ներուժի հետ: Սա «տիրապետման» դոկտրին էր, որը արտացոլում էր ԱՄՆ-ի կողմնորոշումը գործելու ինքնուրույն, առանց դաշնակիցների օժանդակություն, ինչն էլ անվանվեց «Նոր ամերիկյան կայսրության» գաղափարախոսություն[4]:
ՆԱՏՕ-ի մոտեցումների փոփոխությունը մարմնավորվեց Դաշինքի նոր` 1991 թ. նոյեմբերին հրապարակված ռազմավարական սկզբունքում, որով անվտանգության ավելի լայն հայեցակետ էր ներկայացվում: Քաղաքական միջոցներով Դաշինքի նպատակները կենսագործելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան երբևէ: Մինչ պաշտպանության ոլորտը մնում էր անձեռնմխելի, այժմ կարելի էր ավելի մեծ նշանակություն տալ տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին՝ որպես եվրոատլանտյան գոտում կայունություն ու անվտանգություն հաստատելու միջոց: Երկխոսությունն ու համագործակցությունն էին լինելու Դաշինքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ մոտեցման հիմնաքարերը: Սառը պատերազմն ավարտվել էր, և այժմ գլխավոր նպատակը թյուրիմացաբար կամ կանխամտածված ընդհարումների վտանգը նվազեցնելն ու դաշնակիցների անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի առավել արդյունավետ հաղթահարումն էր, բոլոր եվրոպական պետությունների միջև փոխըմբռնման մեծացումը և անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման գործում ճշմարիտ գործընկերության հնարավորությունների ընդլայնումը[5]:
Սառը պատերազմից անմիջապես հետո Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի շրջանակներում տեղի ունեցող քննարկումների առարկան սառը պատերազմից մնացած անվտանգության խնդիրներն էին, օրինակ՝ Մերձբալթյան պետություններից խորհրդային զորքերի դուրս բերումը: Անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջը նաև քաղաքական համագործակցություն ծավալվեց: Խորհուրդը նոր հորիզոններ բացեց շատ առումներով: Այնուհանդերձ, նրա ուշադրության կենտրոնում բազմակողմանի քաղաքական երկխոսությունն էր, սակայն չկար հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր Գործընկեր անհատական համագործակցություն զարգացներ ՆԱՏՕ-ի հետ: Դա փոխվեց 1994-ին՝ ՆԱՏՕ-ի և առանձին Գործընկեր երկրների միջև գործնական երկկողմ համագործակցության՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի նախաձեռնմամբ, ինչը կարևոր առաջընթաց քայլ էր համագործակցության գործընթացում[6]:
1997 թ. արդեն ստեղծվեց Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը՝ Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդին փոխարինելու և իր սեփական ձեռքբերումներն ունենալու համար, որպեսզի ուղի հարթվի ավելի կատարյալ ու աշխատունակ Գործընկերության համար[7]:
ՆԱՏՕ-ն պարբերաբար խորհրդակցում է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի իր Գործընկերների հետ, ինչը և ընդհանուր քաղաքական շրջանակ է ստեղծում Գործընկերների հետ հարաբերությունների համար: Յուրաքանչյուր Գործընկեր նաև ունակ է անհատական հարաբերություններ հաստատելու Դաշինքի հետ՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի միջոցով, որը ներառում է այնպիսի գործնական աշխատանքներ, որոնց միջոցով Գործընկերները կարող են ընտրել համագործակցության՝ իրենց համար առաջնահերթ հանդիսացող ասպարեզներ: Գործընկերության այդ երկու կարևոր մեխանիզմներն առանցքային են դարձել եվրոատլանտյան անվտանգության կառույցի համար: Կատարվել են քայլեր, որպեսզի է՛լ ավելի խորացվի Դաշնակիցների ու Գործընկերների համագործակցությունը՝ Մադրիդի (1997), Վաշինգտոնի (1999), Պրահայի (2002) և Ստամբուլի (2004) գագաթաժողովներում: Այդ նախաձեռնությունները հիմնված էին համագործակցության ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և ի ցույց էին դնում Գործընկերության հիմնական նպատակին՝ եվրոատլանտյան գոտում և այլուր խաղաղության ու կայունության ամրապնդման ու տարածման հասնելու շարունակական միտումը[8]:
Ռիգայի գագաթաժողովը, որը տեղի ունեցավ 2006 թ. նոյեմբերի 28-ին և 29-ին, նշանակալի իրադարձություն էր ՆԱՏՕ-ի համար[9]: Սառը պատերազմի ավարտից հետո՝ դա ՆԱՏՕ-ի անդամ 26 պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ հանդիպումն էր և առաջինը, որը գումարվում էր ՆԱՏՕ-ի նորահայտ անդամների վերջին խմբի երկրներից մեկի մայրաքաղաքում: Ինչպես նշեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դը Հուպ Սխեֆերը, «ոչինչ ավելի հստակ չէր ցուցադրի, թե որքան է Եվրոպան փոխվել դեպի լավը, քան այն փաստը, որ Գագաթաժողովը տեղի է ունենում այստեղ՝ այն Լատվիայում, որը ժողովրդավարական է, այն Լատվիայում, որն ազատ է»[10]: Լատվիայի մայրաքաղաքում Դաշինքի անդամ երկրների ղեկավարներն ամրապնդեցին իրենց հանձնառությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և միջազգային հանրությանն ավելի լայն մասնակցության կոչ արեցին: Նրանք ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ամրապնդման միջոցառումներ ձեռնարկեցին և գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու և ընդարձակելու նախաձեռնություններ ամրագրեցին:
Այսպիսով, Դաշինքն ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել 21-րդ դարում անվտանգության նոր սպառնալիքներին: ՆԱՏՕ-ի ղեկավարները Ռիգայում հաստատեցին «Համապարփակ քաղաքական ուղեցույցը»՝ հիմնարար մի քաղաքական փաստաթուղթ, որում շարադրված են Դաշինքի հնարավորություններին, գործողությունների ծրագրմանը և հետախուզությանն առնչվող բոլոր խնդիրների առաջնահերթությունները՝ գալիք տասը և ավելի տարիների կտրվածքով[11]: Ուղեցույցը, որը հիմնված է Դաշինքի 1999 թ. Ռազմավարական հայեցակարգի վրա, արձանագրում է, որ մոտ ապագայում Դաշինքին ուղղված հիմնական սպառնալիքներ են հանդիսանալու միջազգային ահաբեկչությունը և զանգվածային ոչնչացման զենքերի ու դրանց կրման միջոցների տարածումը, ինչպես նաև փլուզված կամ փլուզվող պետությունների պատճառով առաջացած անկայունությունը, տարածաշրջանային ճգնաժամերը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը և կենսաապահովման պաշարների հոսքի խաթարումը: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Ուղեցույցը սահմանում է, թե ինչ տիպի գործողություններ պետք է Դաշինքն ի վիճակի լինի իրականացնել և ինչ տիպի կարողությունների կարիք կունենա։ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է շարունակեն մնալ հավասարակշռված, ճկուն ու արագաշարժ՝ ի զորու իրականացնելու ցանկացած բարդության առաքելություն: Ուղեցույցը շեշտում է նաև, որ հավանաբար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է լինելու իրականացնել համեմատաբար ավելի մեծ թվով և ավելի բազմատեսակ փոքրածավալ գործողություններ[12]:
Ռիգայի Գագաթաժողովի օրերին Դաշինքը երեք աշխարհամասերում մասնակցում էր վեց առաքելության ու գործողության։ Դրանք են՝ Միջազգային անվտանգությանն աջակցող ուժերը՝ Աֆղանստանում, Կոսովոյի ուժերը, «Ակտիվ ջանք» գործողությունը՝ Միջերկրական ծովում, ՆԱՏՕ-ի շտաբը՝ Սարաևոյում, ՆԱՏՕ-ի ուսուցողական առաքելությունը՝ Իրաքում և աջակցությունը Աֆրիկյան Միության առաքելությանը՝ Սուդանում: Աֆղանստանի տևական կայունության համար՝ վերակառուցման ու զարգացման կարևորությունն ըմբռնելով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները միջազգային հանրությանը կոչ արեցին քաղաքական, ռազմական և տնտեսական ավելի լայն մասնակցություն և բազմակողմանի օժանդակություն տրամադրել: «Աֆղանստանում անհնար է անվտանգություն՝ առանց զարգացման, և զարգացում՝ առանց անվտանգության»,- հայտարարեցին նրանք Գագաթաժողովի հռչակագրում[13]:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները ողջունեցին այնպիսի Շփման խմբի ստեղծման առաջարկները, որը կհամախմբեր շահագրգիռ հիմնական կողմերին՝ կարևոր ռազմավարական խնդիրները քննարկելու և դրանց վերաբերյալ համաձայնության գալու նպատակով: Գլխավոր քարտուղարին հանձնարարվեց ընթացք տալ առաջարկին: Դաշինքի երկրների ղեկավարները քննարկեցին նաև ՆԱՏՕ-ի կողմից առաջնորդվող՝ Կոսովոյի ուժերի խնդիրը, հաստատելով Դաշինքի՝ Կոսովոյի կարգավիճակի կայացմանն ուղղված միջոցառումների մասը կազմող անվտանգության դրույթներն իրագործելու իրենց պատրաստակամությունը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հստակեցրեցին, որ, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում, հաջողությունը կախված է ջանքերի համախմբվածությունից: Հետևաբար, անվտանգ միջավայր ապահովելու ոլորտում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունները կշարունակեն համակարգվել ՄԱԿ-ի, Եվրոպական Միության ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ կառավարման համակարգի ստեղծմանն ու բարեփոխումներին աջակցելուն ուղղված գործողությունների հետ: Դաշնակից երկրների ղեկավարները Ռիգայում հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերը հասել են լիակատար մարտունակության մակարդակի: Տեխնոլոգիապես առաջավոր այս ուժերը բաղկացած են ցամաքային, օդային, ծովային և հատուկ նշանակության ուժերից, որոնք, անհրաժեշտության դեպքում, Դաշինքը կարող է արագորեն տեղակայել: Դրանք ի վիճակի են աշխարհի ցանկացած կետում ցանկացած տեսակի գործողություն իրականացնել, այդ թվում՝ տարահանումներ, աղետի հետևանքների վերացում, հակաահաբեկչական միջոցառումներ, ինչպես նաև ճանապարհ բաց անել ժամանող ավելի մեծաքանակ ուժերի համար: Այդ ուժերում կարող է ընդգրկվել մինչև 25 000 զինվորական։ Ծանուցումից հինգ օր անց նրանք կարող են սկսել առաքելությունը և ինքնուրույն գործողություններ իրականացնել 30 օր շարունակ, իսկ վերամատակարարման դեպքում՝ ավելի երկար: Գլխավոր քարտուղարը NRF-ի լիակատար մարտունակության հասնելը որակեց «խոշոր նվաճում, քանզի այն Եվրոատլանտյան հանրությանն աննախադեպ հնարավորություններ է տալիս»: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Ռիգայում համաձայնության եկան Արձագանքման ուժերի շտապ տեղակայումների համատեղ ֆինանսավորման վերաբերյալ. համաձայնություն, որը երկրներին շահագրգռելու է մասնակցել ուժերի հետագա կազմափոխումներին: Համաձայնագիրը հատուկ անդրադառնում է օդային փոխադրմանը, ամենածախսատար մասին»՝ ըստ Գլխավոր քարտուղարի:
Ռիգայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները գործարկեցին հատուկ գործողությունների իրականացման ուժերի փոխակերպման նախաձեռնություն, կոչված համատեղ վարժանքների ընդլայնմանը և դոկտրինի մշակմանը, հանդերձանքի կատարելագործմանն ու փոխգործակցության բարելավմանը: Դաշնակիցները նաև հետագա աշխատանքներ նախանշեցին արդի գործողությունների համար կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ ոլորտներում, ներառյալ օդային դիտարկումները, մատակարարումները և հետախուզական տվյալների փոխանակումը: Սրանք և ՆԱՏՕ-ի փոխակերպման ընթացքի գործնական պատկերը ցույց տվող այլ քայլերի մի լայն ցանկ Գագաթաժողովի օրերին ի ցույց էր դրված Փոխակերպման ցուցահանդեսում: 5 Փոխակերպումը ծախսատար է: Ռիգայի Գագաթաժողովի հռչակագիրն ամրագրեց Դաշնակիցների հանձնառությունը՝ անհատապես ու խմբովին շարունակել ապահովել ՆԱՏՕ-ին առաջադրված խնդիրների լուծման համար պահանջվող միջոցները: Այդ պատճառով, նրանք կոչ արեցին այն անդամ պետություններին, որոնց պաշտպանական ծախսերը նվազում են, մեծացնել փաստացի ծախսերը[14]:
Ռիգայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները համաձայնեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդին միանալու հրավիրել ևս երեք երկիր՝ Բոսնիային և Հերցեգովինային, Մոնտենեգրոյին և Սերբիային: Գլխավոր քարտուղարը նշեց, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցելը կօգնի այդ երկրներին դառնալ «եվրոատլանտյան ընտանիքի ավելի լիարժեք անդամ», միաժամանակ շեշտելով նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային քրեական դատարանին լիովին օժանդակելու չնվազող հրատապությունը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները տվեցին այն, ինչը Գլխավոր քարտուղարն անվանեց Անդամությանը պատրաստվելու գործողությունների ծրագրում ընդգրկված երկրներին՝ Ալբանիային, Խորվաթիային և Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությանն ուղղված «հստակ ազդանշան» այն մասին, որ «Դաշինքը մտադիր է հետագա հրավերներ հղել այն երկրներին, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի կատարողական չափորոշիչներին և ի վիճակի են նպաստել Եվրոատլանտյան անվտանգությանն ու կայունությանը» ՆԱՏՕ-ի հաջորդ՝ 2008 թ. Գագաթաժողովում: Դաշնակից երկրների ղեկավարները Ռիգայում ընթացող աշխատանքներն ուղղորդեցին դեպի ՆԱՏՕ-ի գործընկերային կառույցների քաղաքական ու գործնական ներուժի, ինչպես նաև Շփվող երկրների, օրինակ՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու Ճապոնիայի հետ Դաշինքի հարաբերությունների լիակատար զարգացումը: Սա կներառի միջոցառումներ, որոնց շնորհիվ խորհրդակցությունները կդառնան ավելի առարկայական, հանդիպումների ձևաչափերն՝ ավելի ճկուն, ինչպես նաև թույլ կտա կայացած գործընկերության միջոցներն ավելի մատչելի դարձնել և՛ նորահայտ գործընկերներին, ինչպիսիք են Միջերկրածովյան երկխոսության գործընթացում և Ստամբուլի Համագործակցության նախաձեռնությունում ներգրավվածները, և՛ Շփվող երկրներին: Ռիգայում, Դաշինքի անդամ երկրների ղեկավարները սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի Ուսուցողական նախաձեռնությանը, որի նպատակն է օժանդակել Միջերկրածովյան երկխոսության և Ստամբուլի Համագործակցության նախաձեռնության գործընկերների զինված ուժերի ուսուցմանը: Դա կիրագործվի փուլ առ փուլ՝ նախ ընդլայնելով նրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ի արդեն իսկ գործող վարժական ու կրթական ծրագրերին ու գործընկերային միջոցառումներին և Հռոմում ՆԱՏՕ-ի Պաշտպանության քոլեջում Մերձավոր Արևելքի բաժանմունք հիմնելով: Երկրորդ փուլում ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Մերձավոր Արևելքում առանձին ուսումնական հաստատության ստեղծմանը: Եվ վերջապես, Ռիգայի Գագաթաժողովը Դաշինքի անդամ երկրների ղեկավարներին հնարավորություն տվեց ողջունելու Վրաստանի հետ Խորացված երկխոսության սկիզբը՝ վերջինիս անդամակցելու ցանկությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Նրանք նաև վերահավաստեցին ՆԱՏՕ-Ուկրաինա Հատուկ գործընկերության կարևորությունն ու ողջունեցին դրա շրջանակներում ընթացող Խորացված երկխոսության հարցում տեղի ունեցած առաջընթացը: Դաշնակիցները շեշտեցին ՆԱՏՕ-Ռուսաստան գործընկերությունը շարունակելու և ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի ողջ ներուժն օգտագործելու իրենց վճռականությունը: Նրանք նաև կոչ արեցին ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության միջև ավելի աշխույժ ու խորը համագործակցություն հաստատել: Գլխավոր քարտուղարը հիշատակեց Աֆղանստանն ու Կոսովոն՝ որպես «երկու ասպարեզ, որտեղ դա, անշուշտ, խիստ անհրաժեշտ է»: Լատվիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները վերահավաստեցին Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջև անքակտելի կապի գոյությունն ու ընդգծեցին Դաշինքի փոխակերպման գործին իրենց հանձնառությունը: Գագաթաժողովի հռչակագիրն ամփոփում է՝ «Որոշումները, որոնք կայացրել ենք համատեղ՝ մեր ղեկավարած աշխատանքներին զուգահեռ, ցույց են տալիս, որ Դաշինքը հարմարվում է 21-րդ դարի անվտանգության միջավայրին՝ իր գործողությունների, փոխակերպված պաշտպանական հնարավորությունների, Եվրոատլանտյան գոտում և դրանից դուրս գտնվող երկրներում ավելի լայն ներգրավման, ինչպես նաև անընդհատ ներքին բարեփոխումների շնորհիվ: Այդ ջանքերը կամրապնդեն Աֆղանստանում մեր առաքելությունն ու Դաշինքի կարողությունը՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Հաջորդ անգամ, մենք կհանդիպենք 2008-ի գարնանը, որպեսզի գնահատենք ձեռքբերումներն ու հետագա ուղղություններ նախանշենք ՆԱՏՕ-ի ընթացող փոխակերպման, այդ թվում՝ նաև մեր ընդլայնման գործընթացի համար»[15]:
Գործընկերության սկզբունքը ներառելով իր անվտանգության հիմքերի շարքում՝ Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիը (ԱՀԳԾ) Հայաստանին տրամադրում է լայն հնարավորություն անվտանգության բաղադրիչները զարգացնելու և ամրապնդելու հարցում: Այս առումով, ԱՀԳԾ գործողությունների շարքում կառանձնացնեինք 2 ոլորտ, որոնք այսօր թեպետ գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում, սակայն առավել ուշադրության կարիք ունեն: Առաջինը զինված ուժերի հանրային վերահսկողության ուժեղացումն է, երկրորդը` ճգնաժամերի կառավարման և ճգնաժային պատրաստակամության ուժեղացումը: Այս երկու ոլորտներն ունեն մեկ ընդհանրություն` համագործակցության գաղափարը: Թեպետ ավելի դյուրին կլինի ասել համագործակցության պակասն է այսօր միավորում այս երկու ոլորտները:
Համագործակցություն և ներդաշնակություն ազգային անվտանգություն իրագործողների, ինչպես նաև հանրային վերահսկողության միջև Թեպետ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության է արժանացել անվտանգության խորհրդի կողմից և ուղենիշ է հանդիսանում հետագա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, պետք է նշել, որ դրանով այդպես էլ չի իրագործվել ԱՀԳԾ-ով ամրագրված Հայաստանի պատրաստակամությունը «սահմանելու այնպիսի ռազմավարություն և Պաշտպանական հայեցակարգ, որոնք կսահմանեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»: Ցավալի է, որ այսօր Հայաստանում անվտանգության միասնական ռազմավարության առկայության պայմաններում չկա անվտանգության համակարգերի և տարբեր օղակների միջև լիարժեք փոխլրացում և ներդաշնակություն: Տեղին է նշել միայն այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքը յուրովի է մեկնաբանում ազգային անվտանգությունը և այն իրագործելու մեխանիզմները:
Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով[16]: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև և աջակցել Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:
ԱԳԳԾ-ում հարցերն ընդգրկում են բավականին լայն շրջանակ` պաշտպանական ոլորտում համագործակցություն, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության դեմ պայքար և այլն:
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվության և օգնություն տրամադրման միջոցով:
Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կողմից իրականացվող գործողությանը:
Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ համագործակցում է նաև Պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումներ, Արտակարգ իրավիճակների պլանավորումը, գիտությունը և բնապահպանությունը, հանրային տեղեկատվությունը[17]:
Սակայն ՆԱՏՕ-ին առանձին Հայաստանը չի հետաքրքրում, այլ ողջ տարածաշրջանըէ Հարավային Կովկասը, ուստի ակտիվ քաղաքականություն է տարվում նաև մյուս կովկասյան երկրների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Այս գործում առաջատար է Վրաստանը: Թբիլիսիում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացն այսօր դիտվում է որպես ազգային անվտանգության նախապայման, պետության փլուզումը կանխարգելող և ռուսական նեոիմպերիալիզմի դեմ ուղղված պայքարի միջոց: Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվեց Գելա Բեժուաշվիլին` Միխայիլ Սահակաշվիլու այսպես կոչված «կիևյան խմբի» ընկերներից մեկը:
Վրաստանի արտաքին քաղաքականության զարգացման համար նա ներկայացրել է հետևյալ երեք ուղղությունները` կողմնորոշում դեպի ՆԱՏՕ, Եվրամիություն և Սևծովյան համագործակցություն: Վերջին բաղադրիչը նորարարություն է և դիտվում է հարավկովկասյան տարածաշրջանային համագործակցության ձևաչափի այլընտրանք, որն Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական հակամարտության պատճառով հայտնվել է կախյալ վիճակում:
Աշխարհաքաղաքական գործընթացները նախադրյալներ ստեղծեցին Ռումինիայի և Բուլղարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որի հետևանքով ընդարձակվեցին ռազմա-քաղաքական այս դաշինքի սահմանները: Այդ պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սահմանն անցնում է Ուկրաինայի և Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքով: Դեպի ՆԱՏՕ այս պետությունների ղեկավարների ձգտումը Ռուսաստանն ընկալում է որպես Սև ծովի ավազանում վերջինիս ռազմավարական հնարավորությունների լիակատար տեղայնացում:
Վերոնշյալ երեք ռազմավարական նպատակներից Վրաստանի հեղափոխական կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ առավել լուծելի մարտավարական խնդիր է համարում ՆԱՏՕ-ին ինտեգրվելը: Սրա համեմատ Եվրախորհրդին ինտեգրվելը դադարել է առաջնային լինելուց և դարձել «հարավկովկասյան եռյակի» միջև դիմակայությունների խորացմանը նպաստող հերթական քայլը: Երեք պետությունները միաժամանակ խրախուսում էին ԵԽ ինտեգրման գործընթացը, որն էլ կարող էր իրական հարթակ դառնալ տարածաշրջանային համագործակցության համար: Ինքնին այն փաստը, որ Վրաստանն առանց խոտորվելու ընթանում է ժողովրդավարության ճանապարհով եւ հռչակել ու հետեւողականորեն իրականացնում է եւրոպական եւ եւրոատլանտյան անվտանգության համակարգերում ինտեգրվելու արտաքին քաղաքական ուղեգիծ, վկայում է այն մասին, որ ի դեմս Վրաստանի Հարավային Կովկասում առաջ է եկել նշված ինտեգրացիոն գործընթացների իրական լոկոմոտիվ: Ըստ էության, Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի համար ստանձնել է յուրատեսակ փարոսի դեր[18]:
Վրաստանի հետքերով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կարող է դառնալ Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, Ադրբեջանի ղեկավարությունը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն և´ ՆԱՏՕ-ի, և´ Ռուսաստանի հետ: Դա ապահովվում է Ադրբեջանի նպաստավոր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ` ի հաշիվ էներգետիկ ռեսուրսների և նորակառույց տրանսպորտային-հաղորդակցական ինֆրաստրուկտուրայի ` կապված Կասպից ծովից դեպի Արևմուտք նավթի և գազի տեղափոխման հետ: Վերջին հաշվով, Արևմուտքի երկրների մոտ առաջանում է մեծ հետաքրքրություն Ադրբեջանի` անվտավգության միսնական համակարգ անդամակցելու հետ կապված: Այս ամենը թույլ է տալիս պաշտոնական Բաքվին չանել կտրուկ հայտարարություններ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ` պահելով լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ անռանց ավելորդ աժիոտաժի կառուցելով համագործակցության եզրեր Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ: Ադրբեջանի մոտեցումը ՆԱՏՕ-ի հետ իրականացվում է ոչ միայն բազմակողմանի, այլ նաև երկկողմանի հիմքով, հատկապես կապված ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության հետ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Հիմքում ծավալվում է Ադրբեջանա-Թուրքական ռազմական համագործակցություն ՆԱՏՕ-Ադրբեջան քողի տակ:
Այսպիսով, կարծում եմ պարզ է դառնում,որ Հարավային Կովկասը գտնվում է լրջագույն փոփոխությունների հորձանուտում, որոնք շոշափում են ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական չափորոշիչները: Այդ փոփոխությունները բերում են նոր իրողությունների ձեւավորման Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության համակարգերում: Արդեն ակնհայտ են դառնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անխուսափելի աշխուժացումը Հարավային Կովկասում եւ ռուսական ավանդական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում: Հարավային Կովկասում անվտանգության համակարգի նոր ճարտարապետության մեջ դժվար է պատկերացնել Ռուսաստանի որոշիչ տեղը, քանի որ պուտինյան Ռուսաստանը շարունակում է կայսերապաշտական գործելակերպը՝ Հարավային Կովկասում (այլ տարածաշրջաններում նույնպես) իր շահերն առաջ մղելու այնտեղ դժվարություններ ստեղծելու ճանապարհով[19]:
Ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հետագա գործունեությունն առավելապես կախված է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բնույթից: Իրենից ներկայացնելով «Արևմուտք — Արևելք» մրցակցության գործուն օղակ, ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկաս, տարածաշրջանի ռազմավարական նշանակության ճանաչումից շատ ավելի հեռու է գնում և չի սահմանափակվում միայն նշյալ տարածաշրջանով` որդեգրելով ավելի լայն մոտեցումներ: Հարավային Կովկասը, այս պարագայում դիտարկվում է ռազմավարական երկու տեսանկյունից. Միջին Արևելքի պրիզմայով տարածաշրջանը` «Հյուսիս-Հարավ» առանցքի` Ադրբեջան-Իրան հարաբերությունների լրացուցիչ բաղադրիչով կապելով Թուրքիային, և դեպի Կենտրոնական Ասիա` «Արևելք-Արևմուտք» առանցքի` այդ կերպ փորձելով ապահովել սեփական գերակայությունը Կասպից ծովի երկու կողմերում էլ: Դաշինքի համար տարածաշրջանի ռազմավարական նշանակության մեջ կարևոր տարր են նաև էներգետիկ անվտանգության ապահովումը, էներգակիրներ տեղափոխող խողովակաշարերի պաշտպանությունն ու միջուկային զենքի տարածման դեմ պայքարը: Այս պարագայում հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների շրջանակն ընդհանուր առմամբ այլևս ՙգումարային զրո արժեքով՚ խաղի ձևաչափ չէ: Ավելին, կայացել են համագործակցության ու մրցակցության բազմաստիճան տարակարգ մոտեցումներով օրինաչափություններ, հանձինս Վրաստանում և Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության, որը կարճատև հատվածում ընդհանուր առմամբ ծառայել է նաև ՌԴ-ի անվտանգության կարիքների և շահերի բավարարմանը: Ճանաչելով Հարավային Կովկասի` «ռազմավարական առումով իր ուրույն կարևորությունն ունեցող տարածաշրջանի» պետությունները որպես անվտանգության գործընկերներ, այլ ոչ` պոտենցյալ անդամներ, Դաշինքը կարևորում է նրանց հետ գործակցությունը[20]: Այս մասին Դաշինքը կարծես ակնարկեց 1999թ. ստամբուլյան գագաթաժողում, երբ հայտարարվեց, որ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա ներգրավման Դաշինքի ուղեգիծը կախված կլինի նաև տարածաշրջանում ՌԴ-ի շահերից, հետևաբար Հարավային Կովկասի երեք հանրապետությունների անվտանգության կարիքները պետք է բավարարվեն նախևառաջ այդ պետությունների կողմից, քանի որ չափազանց հեռավոր և անիրատեսական կլիներ անվտանգության հարցում հույսը դնել արտաքին ուժերի` այդ թվում նաև Դաշինքի վրա: Այսօրինակ ռազմաքաղաքական տեղաշարժերի ենթատեքստում պաշտոնական Մոսկվան, սակայն ձեռքերը ծալած չի նստում: Վարելով հետևողական քաղաքականությունը` Մոսկվան քայլ առ քայլ փորձում է վերականգնել եվրասիական քաղաքական դաշտում իր երբեմնի ռազմաքաղաքական դերակատարումը: Թերևս հենց այդ նպատակին են ծառայել Մոսկվայի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը սկզբնական շրջանում, ուղղված լինելով Միջին Ասիայի հանրապետությունների զարգացմանը` Կրեմլի ջանքերով` որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ, աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական կազմակերպության, և 2003թ. փետրվարի 23-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելոռուսի նախագահների միջև «Միասնական տնտեսական տարածության» ստեղծման մասին համաձայնագիրը, իսկ հաջորդ քայլը Եվրասիական Միության ձևավորումն է, որի ռազմական բաղադրատարրը կհիմնվի ՀԱՊԿ-ի վրա:
[1] http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2009/10/30/AR2009103001846.html
[2] Այդ մասին մանրամասն տե՛ս Ասմուս Ռ. Բացելով ՆԱՏՕ-ի դուռը. Ինչպես վերակառուցվեց Դաշինքը նոր դարաշրջանի նախաշեմին, Եր. 2008:
[3] Cain, Anthony C. Iran’s Strategic Culture and Weapons of Mass Destruction. — Air War College Maxwell Paper No. 26, April 2002
[4] Tolson, Jay. “The New American Empire? Americans Have an Enduring Aversion to Planting the Flag on Foreign Soil: Is that Attitude Changing?” U.S. News and World Report, 13 January 2003, էջ 37:
[5] Մանրամասն տե՛ս http://www.natoinfo.am/am/documents/
[6] http://www.nato.int/cps/en/natolive/topics_50349.htm
[7] http://nato.biz/ru/eapc.html
[8] http://www.boston.com/news/world/europe/articles/2012/03/29/nato_member_nations_should_share_military_systems/
[9] http://www.rigasummit.lv/en/index.html
[10] http://www.rigasummit.lv/en/id/newsin/nid/284/
[11] Համապարփակ քաղաքական ուղեցույց, Եր. 2007, http://www.natoinfo.am/files/uploads/documents/Guidance_arm.pdf
[12] Տե՛ս նույն տեղում:
[13] Bucher M., “NATO, Riga and Beyond” in Disarmament policy, 2007, էջ 84
[14] http://www.rigasummit.lv/en/index.html
[15] http://www.nato.int/docu/pr/2006/p06-150e.htm
[16] 2009-2013 թվականների համար նախատեսված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի տեքստը տե՛ս http://mfa.am/u_files/file/IPAP%202009-2010-Unclassified_arm.pdf, http://mfa.am/u_files/file/IPAP%202011-2013-ARM-Declassified.pdf
[17] http://mfa.am/hy/international-organisations/NATO/
[18] ՆԱՏՕ – Վրաստան հարաբերությունների մասին մանրամասն տե՛ս http://www.nato.int/cps/en/natolive/topics_38988.htm
[19] http://www.nato.int/cps/ru/SID-B088F7FE-7225D1C1/natolive/topics_49111.htm
[20] http://www.nato-pa.int/default.asp?SHORTCUT=998