Ի՞նչ է ակնկալում Պուտինը Թրամփից
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն առերևույթ կամ քողարկված նշեցին ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչները:
Ռուսաստանի նախագահը հերքում է, սակայն ռուսական «հակերային հատուկ ծառայությունները» ևս բավականին ազդեցություն ունեցան, որ ռուսատյաց դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չդարձավ ԱՄՆ նախագահ, թեև Թրամփից գրեթե 3 մլն քվե ավել էր ստացել (սա ամերիկյան ընտրական համակարգի առանցքային բացթողումներից մեկն է): Արդյունքում ՝ Թրամփի ընտրությունը շեշտակի հարված էր ամերիկյան ժողովրդավարությանը:
Սակայն ի՞նչ են Մոսկվայում ակնկալում Թրամփից:
Կրեմլի արտաքին քաղաքականության գերխնդիրն է դարձել հակառուսական պատժամիջոցների մեղմացումը, որոնց պատճառով Ռուսաստանը հայտնվել է խորը տնտեսական ճգնաժամի մեջ:
Նախքան պատժամիջոցների ներդրումը Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը կազմում էր 2,1 տրլն դոլար (2013 թ.), ապա երեք տարում կրճատվել է 40 տոկոսով՝ հասնելով մինչև 1,3 տրլն դոլարի:
Երկրի արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականին կազմել է ընդամենը 424,4 մլրդ դոլար (արտահանում՝ 259,3 մլրդ դոլար, ներմուծում՝ 165,1 մլրդ դոլար), մինչդեռ երեք տարի առաջ այդ ցուցանիշը կրկնակի ավելի մեծ էր, կազմում էր 842,2 մլրդ դոլար (արտահանում՝ 527,3 մլրդ դոլար, ներմուծում՝ 314,9 մլրդ դոլար): Ու հարցական է, թե վաղը որքան կիջնեն այս ցուցանիշները, եթե արևմտյան պատժամիջոցները շարունակեն պահպանվել:
Տնտեսական այս կոլապսի հիմնական պատճառը Ռուսաստանի ոչ մրցունակ տնտեսության մեջ է: Մինչդեռ 2014 թվականին Պուտինը հայտարարում էր, որ երկու տարում կհաղթահարեն պատժամիջոցների ազդեցությունը, խոսում էր «ներմուծվող ապրանքների փոխարինման» քաղաքականության մասին և այլ բարձրագոչ հայտարարություններ էր անում:
Իրական արդյունքն այն է, որ պատժամիջոցներն ուղղակի խեղդում են Ռուսաստանին, իսկ իշխող էլիտան բավարար քաղաքական կամք չունի երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար: Չունենալով բավարար ֆինանսներ՝ Ռուսաստանի ձեռքերը կապված են նաև արտաքին քաղաքականության մեջ: Նման պայմաններում է, որ Պուտինի միակ ապավենը դարձել է Թրամփն ու իր բարյացակամությունը Կրեմլի նկատմամբ:
Սակայն Թրամփն ամենակարող չէ, եթե անգամ ցանկանա էլ ձեռք մեկնել Ռուսաստանին, դեռ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, որտեղ այս օրերին խոսվում է ոչ թե պատժամիջոցները չեղարկելու, այլ ընդլայնելու մասին: Այս հարցում Թրամփը ոչինչ չի կարող անել, քանի որ Ռուսաստանի նկատմամբ բացահայտ դրական դիրքորոշումը կարող է հանգեցնել իմպիչմենտի գործընթացի նախաձեռնմանը, ինչը հեղինակության կրիտիկական անկում ունեցող նախագահի համար կվերածվի «քաղաքական ինքնասպանության»:
Այդպիսով՝ Ռուսաստանի համար դրական զարգացումների լավատեսության հիմքեր չկան, որոնք այդքան անհրաժեշտ են Վլադիմիր Պուտին, որպեսզի 2018 թ. մարտի նախագահական ընտրությունների նախաշեմին հրամցնի որպես «մեծ ձեռքբերումներ»:
Ցավոք, Մոսկվայից վասալային կախվածություն ունեցող Հայաստանի համար ռուսական ճգնաժամը դրական ոչինչ չի ազդարարում, լավագույն դեպքում կունենանք տնտեսական ստագնացիա: Իսկ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի զարգացման համար նշանակալի ազդակ չի լինի, դրական փոփոխությունների համար մնում է ապավինել միայն մեր իշխանությունների քաղաքական գրագիտությանը: