Կարեն Կարապետյանի վարչապետության պահանջներն ու հրաժարականի լեգիտիմության խնդիրը
Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, կարող է հրաժարական տալ:
Արդյոք վա՞տ է աշխատել վարչապետը, որ ստիպված լինի հրաժարական տալ: Գործադիրի ղեկավարման արդյունքները կարելի է տեսնել առնվազն մեկ տարվա գործունեության ընթացքում, երբ հնարավոր լինի համեմատելու նախորդ տարիների արդյունքների հետ, հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է 2016 թ. սեպտեմբերից:
Դիտարկենք, որ վարչապետը մեծ ցանկություն ունի երկրում ռազմավարական նշանակություն փոփոխություններ իրականացնելու, հարցական է, թե նա որքանով է տիրապետում բավարար լծակների դրանք իրականացնելու համար:
Նախ ամենամեծ խնդիրներից մեկը հայաստանյան քաղաքականացված օլիգարխիային ղեկավարելու և նրանց առջև որոշակի պահանջներ դնելու մեջ է: Հարցն այն է, որ հայաստանյան օլիգարխիայի փաստացի ղեկավարը նախագահ Սերժ Սարգսյանն է ու քաղաքական որոշումների ընդունման իր կողմից նվաճված «իրավունքը» չի պատրաստվում դելեգացնել որևէ մեկին: Իսկ Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրվել ոչ թե իշխանությունը կիսելու, այլ իշխանության համար աշխատելու նպատակով:
Ի՞նչ պետք է անի վարչապետը:
Կարապետյանի վարչապետության հիմնական արդյունքը պետք է լինի օտարերկրյա ներդրումների աճը: Սակայն այստեղ վարչապետը բախվում է անլուծելի խնդրի: Իր տիրապետության տակ առկա ոչ ֆորմալ մեխանիզմներով կարող է միայն ռուսաստանաբնակ հայերին ներդրումներ իրականացնելու «պահանջ» ներկայացնել, ինչը մեծ հավանականությամբ կլինի երկու պայմանի առկայության դեպքում.
— եթե Ռուսաստանը դուրս գա տնտեսական ծանր վիճակից, երբ կրեմլահպատակ խոշոր ձեռներեցները հենց երկրի ներսում ֆինանսական լուրջ խնդրի առջև են կանգնած,
— եթե Կարապետյանը կարողանա երաշխավորել ռուսահայ ներդրումների «քաղաքական ապահովվածությունը», այդ ազդեցիկ քաղաքական լծակը և վարչապետը չի տնօրինում:
«Քաղաքական ապահովվածության » հարցը կարող է լուծվել Սարգսյան-Կարապետյան տանդեմային համաձայնությամբ, սակայն հարց է, թե որքանով պատրաստ կլինի գործող նախագահը հրաժարվելու «աբսոլյուտիզմի» գործիքակազմից: Այնուհանդերձ արդեն իսկ Սերժ Սարգսյանը լուրջ մտահոգություններ ունի սեփական խոսքը չդրժելու և քաղաքական իշխանությունը պահպանելու համար:
Նախագահա-վարչապետական կառավարաման անցումային փուլի ավարտից հետո (2018 թ.-ից), երբ վարչապետը կունենա երկրի քաղաքականությունը կերտելու սահմանադրական լիազորություն, ուստի և նրանից կախված կլինեն ներդրումների իրականացման երաշխիքնեի ապահովումը:
Կարեն Կարապետյանի կողմի այդ լիազորությունները ստանձնելու նախաքայլերը կատարված են. հենց նրա քաղաքական կերպարի հիմքով Հանրապետական կուսակցությունը հանդես եկավ խորհրդարանական ընտրություններում և հաղթանակի հասավ: Ի վերջո ընտրությունների ժամանակ քաղաքացին տեսավ հենց Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին ասոցացրեց հենց նրա անձի հետ: Եթե փոխվում է կուսակցության քարոզչության առաջին դեմքը, դա նույնն է, թե փոխվում է կուսակցության գաղափարախոսությունը: Եթե Կարապետյանը դուրս է գալիս գործադիրի ղեկավարի պաշտոնից, ուրեմն ՀՀԿ-ի քարոզարշավն առնվազն բացահայտ խաբեություն էր. երբ քաղաքացին ընտրում է մի քաղաքական գործչի, իսկ իշխանությունը հասնում է բացարձակ այլ գործիչ: Իսկ դա արդեն Հանրապետականի լեգիտիմության ճգնաժամն է ազդարարում: