ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում. ո՞վ և ինչպե՞ս է կառավարելու այդ զորախումբը
ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել էր երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում:
2017 թվականի հուլիսի 14-ին ՌԴ պետական դուման վավերացրել էր այդ համաձայնագիրը, իսկ այժմ այն ՀՀ խորհրդարանի վավերացման օրակարգում է: Ներպետական ընթացակարգերով հաստատումից հետո այն կմտնի ուժի մեջ, գործելու է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Հայաստանը կամ Ռուսաստանը չի ծանուցում գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Միացյալ խմբավորման գործունեությունը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» կանոնակարգով: Խմբավորման նպատակը պարզ է, որը հակիրճ կարելի է բնորոշել «համատեղ զինվորական ծառայություն»:
Այս խմբավորման կառավարման համար ստեղծվելու է Միացյալ հրամանատարություն, որը գլխավորելու է Միացյալ խմբավորման հրամանատարը, ով նշանակվում և ազատվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից (Հայաստանում անցումային փուլի ավարտից հետո բանակի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը)` համաձայնեցնելով ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի (ՌԴ նախագահի) հետ:
Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի սպառնալիքի կամ պատերազմի ժամանակ ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ կա՛մ ՀՀ գլխավոր շտաբի պետին, կա՛մ էլ ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին:
Խմբավորման գործունեությանն առնվող բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:
«ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» կանոնակարգ
«ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիր