Ապառազմական գոտու ձևավորում. Արցախյան հակամարտության խաղաղարար նախաձեռնություն և հայանպաստ լուծում
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՆԵՐԸ.
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մտել է փակուղի, խելամիտ ժամանակահատվածում որևէ լուծում չի ուրվագծվում: Բանակցային միջնորդություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները (Մադրիդյան սկզբունքները) շուրջ 10 տարի ոչ մի նշանակալի տեղաշարժ չեն արձանագրել ու դեռ պարզ չէ, թե ինչպես է խնդիրը լուծվելու (կարդացե՛ք. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը. Մադրիդյան սկզբունքներ»): Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներից այլևս ոչ ոք դրական տեղաշարժ չի ակնկալում (կարդացե՛ք. «Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնում է նոր ստագնացիոն շրջափուլ»):
Սակայն 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի ստորագրումից մինչև օրս արցախա-ադրբեջանական սահմանին հազարավոր զոհեր են եղել, ու այդ «պերմանենտ պատերազմի» վերջը չի նշմարվում:
Բանակցային ու ռազմական ճակատում նշմարելի առաջընթաց արձանագրելու հնարավորություն չունեն ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը: Մնում է հակամարտության երրորդ ճակատը՝ տեղեկատվական դաշտը (ծանոթացե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը»):
Ի՞նչ կարելի է նախաձեռնել նման իրավիճակում:
ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ.
Ամենակարևոր նպատակն այն է, որ հնարավոր լինի վերջ տալ սահմանային լարվածությանը և մարդկային կորուստներին, այսօր բանակցային գործընթացի առաջնային խնդիրը դա պետք է լինի:
Հայկական կողմը կարող է հանդես գալ արցախա—ադրբեջանական սահմանին ապառազմական գոտու ձևավորման առաջարկով, որը կարող է իրականացվել ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ համակարգի ներքո: Հասկանալի է, որ նախաձեռնությունը պետք մանրամասն մշակվի, այդ դեպքում հայկական կողմի համար այն ցանկալի արդյունքը կտա:
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ.
Եթե ապառազմական գոտու ստեղծման գաղափարը բարձրաձայնում է հայկական կողմը, դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը խաղաղարար դիրքորոշմամբ են հանդես գալիս: Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական և արտաքին գործերի գերատեսչությունների կողմից կարող է մշակվել կոնկրետ նախագիծ (հնարավոր բոլոր տարբերակներով), որը կներկայացվի և՛ բանակցային կողմերին, և՛ հանրությանը: Ակնկալվող դրական արձագանքների դեպքում այդ նախաձեռնությունը հայկական կողմի համար նվազագույնը տեղեկատվական հաղթանակ կապահովի ու կստվերի Բաքվի կողմից նախագծվող ցանկացած «խաղաղության պլատֆորմ»:
ԱԳՐԵՍՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ.
Եթե Ադրբեջանը որևէ ձևով հրաժարվի այդ նախաձեռնությունից, կնույնականացվի ագրեսորի հետ, ում համար ձեռնտու է կիսապատերազմական գործողությունների շարունակականությունը: Սա Ալիևի իշխանությանն էլ ավելի կթիրախավորի որպես բռնապետական ռեժիմի, որի համար մարդկային կորուստներն ու «հպատակների» դժբախտությունը ոչինչ չի նշանակում, ով հակամարտությունն օգտագործում է որպես առիթ երկրի ներսում բռնաճնշումներ իրականացնելու և սեփական ավտորիտարիզմն ամրապնդելու համար:
Այս դեպքում Բաքուն ապատեղեկատվության շրջանառման հարցում լուրջ հարված կստանա. նախ հիմքեր չի ունենա Արցախին ու Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու համար, մյուս կողմից իր երկրի ներքին լսարանի համար խնդիր կունենա պարզաբանելու, թե ինչու է դեմ խաղաղարարությանը, եթե ինքը չէ սահմանային լարվածություններ նախաձեռնողը:
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ.
Եթե Ադրբեջանը համաձայնում է այդ նախաձեռնության հետ, ապա կարելի է մշակել դրա իրականացման «ճանապարհային քարտեզ» և հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրագործել: Այս դեպքում ամենակարևորն այն է, որ հնարավոր կլինի խուսափել զինվորների կորուստներից, ինչն արդեն մեր երկրների ներսում կիսապատերազմական վիճակի հոգեբանական խնդիրները կվերացնի՝ հիմք ստեղծելով տարբեր ոլորտների զարգացման, ինչպես նաև ներդրումների աճի համար (ի վերջո պատերազմող երկրում լուրջ ներդրումների չեն արվում):
Ապառազմական գոտու հաստատմամբ Լեռնային Ղարաբաղը կվերածի Հյուսիսային Կիպրոսի, որը 1974 թվականից փաստացիորեն անկախ, սուվերեն պետություն է՝ հստակ ուրվագծված սահմանով: Այդ գոտիով Արցախը ևս կունենա միջազգային հանրության կողմից ճանաչելի սահման և կօգտագործի քարտեզագրության մեջ, մինչդեռ այժմ բոլոր արտասահմանյան քարտեզներում այն ներկայացվում է որպես Ադրբեջանի մի մասը:
***
Արցախի և Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտու ստեղծում հետագայում կդառնա հակամարտության վերջնական կարգավորման առաջին քայլը, երբ ռազմական բախումներ ու զոհեր չլինեն, բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի ավելի առարկայական լուծումներ առաջարկել: