Պաշտոնից ազատված գեներալ Օրուջևի սկանդալային հայտարարությունը. Ադրբեջանում տոտալ վախի մթնոլորտ է
2017 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի կառավարության նիստում ամփոփվում էր տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները[1]: Նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքում անդրադարձավ պետական պաշտոնյաների ամենաթողության խնդրին և հայտարարեց. «Ցանկացած պետական պաշտոնյայի աշխատանքի նշանակելիս ես նաև հրահանգ եմ տալիս, որ պաշտոնյան պետք է լինի համեստ, ծառայի ժողովրդին, լինի ժողովրդի հետ, իրեն չպետք է դնի ժողովրդից բարձր դիրքում »[2]:
Առաջին տպավորությամբ ժողովրդահաճ հայտարարությունն իրականում ոչ թե խոսում է Ալիևի կողմից պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրագործացման պատրաստակամության մասին, այլ ակնհայտորեն ցույց է տալիս այդ երկրի փաստացի միապետական կառավարման իրողությունը: «Չհռչակված սուլթան» Ալիևը հստակորեն հայտնում է, որ պետական պաշտոնյաներն իր հպատակներն են, ու այդ աստիճանավորները պետք է ծառայեն «իրենց տիրոջը» փառավորման նպատակին, եթե երկիրը հռչակված է ժողովրդավարություն, ուրեմն փառաբանումը պետք է լինի ժողովրդի անվան տակ:
Մինչդեռ ցանկացած ժողովրդավարական երկրում պետական պաշտոնյաները (բյուրոկրատիան) արհեստավարժ անձինք ենք, ովքեր կախված չեն քաղաքական իշխանությունների կամայականություններից, անգամ պետության ղեկավարը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ նրանց վրա: Սա քաղաքացիական ծառայության հիմքն է:
Ավտորիտար երկրներում պետական ողջ համակարգը ենթակա է բուրգի գագաթին գտնվող անձին, իսկ պաշտոնի նշանակվելու և առաջխաղացում ունենալու համար ամենակարևոր գործոնը «միապետին հնազանդության» ցուցաբերումն է: Սակայն անգամ պաշտոնից զրկվելու դեպքում նախկին պաշտոնյաներն իրենց կյանքի ու բարօրության մտահոգությամբ պետք է շարունակեն փառաբանել «տիրակալին»:
Այդ պրակտիկան Ադրբեջանում ավելին քան ակնհայտ է: Ալիևը նշված նիստի ժամանակ նաև հայտարարել էր, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կարող կառավարել իրենց ընտանիքի անդամներին, պաշտոնից կզրվեն:
Զավակներին սանձելու այս հայտարարության հիմքում այս շաբաթ Ադրբեջանի զորակոչի և քաղաքացիներին զինվորական ծառայության մոբիլիզացման պետական ծառայության պետի տեղակալ Նովրուզալի Օրուջևի պաշտոնանկությունն էր, ինչի պատճառը նրա որդու խուլիգանական գործողություններն են եղել:
Այս դեպք մեկնաբանել է գեներալ Օրուջևը. «Գիտեք՝ ինչի համար են ինձ ազատել պաշտոնից: Ես երեք զավակ ունեմ և յուրաքանչյուրին պատրաստ եմ նախագահի ոտքերի տակ զոհաբերել, քանի որ պետության ղեկավարը տվել է ինձ բարձր կոչում և նշանակել պաշտոնի[3]»:
Ադրբեջանցի գերենալը պատրա՞ստ է զոհաբերել իր ընտանիքի անդամներին ու իրեն հանուն պաշտոնի: Բանական մտածողություն ու սթափ դատողության տեր որևէ մեկն այսպիսի ստրկամիտ հայտարարություն չէր անի: Ուրեմն ի՞նչ է թաքնված այս պոպուլիզմի տակ:
Ակամա հիշում ես Աստվածաշնչյան դրվագը, որտեղ Աբրահամը պատրաստվում է զոհաբերել իր որդուն՝ Իսահակին, քանի որ այդպես է պատվիրել Աստված: 21-րդ դարի Ադրբեջանում աստվածավախ Աբրահամին փոխարինել է «ալիևահպատակ» գեներալիտետը: Սա խոսում է Ադրբեջանում տոտալ վախի մթնոլորտի մասին, իսկ Ալիևին «աստվածացելու» մարտավարությունը պաշտպանական միջոցներ են:
Վստահաբար կարող ենք ասել, որ բարձրաստիճան զինվորականը երբեք այսպիսի հայտարարություն չէր անի, եթե իր ընտանիքի ապագայի մասին մտահոգություն չունենար. ավտորիտար ռեժիմի պայմաններում տիրակալի դժգոհությունը հանգեցնում է վատթարագույն արդյունքի: Այսպիսի բացարձակ հպատակային հայտարարությամբ գեներալ Օրուջևը փորձում է Իլհամի բարեհաճությունը ստանալ ու այդ պրակտիկան Ադրբեջանում համատարած բնույթ է ստանում, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են ընդդիմադիր գործիչները:
[1] http://ru.president.az/articles/24553
[2] https://www.trend.az/azerbaijan/politics/2776719.html
[3] http://www.contact.az/ext/news/2017/7/free/Want%20to%20Say/ru/63984.htm