ԱՄՆ-ն ու Չինաստանն սպառնում են միմյանց պատժամիջոցներով. երկկողմանի ռիսկերը
ՉԺՀ—ը պատրաստ է Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Պեկինի հանդեպ հետաքննությունը (տեխնոլոգիաների անօրինական գործածության և ԱՄՆ-ի իրավունքների խախտմամբ մեղադրանքով) հանգեցնեն Չինաստանի դեմ պատժամիջոցների:
«Եթե ԱՄՆ—ը չի հետևի միջազգային առևտրի կանոններին և և միջոցներ ձեռնարկի, որոնք տնտեսական ու առևտրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենան, Չինաստանը դիտորդի կարգավիճալում չի մնա, այլ կարձագանքի գործողություններ իր լեգիտիմ իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», — նշվում է Չինաստանի առևտրի նախարարությունը օգոստոսի 15-ին տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհաուզերին հանձնարարել էր ուսումնասիրել Չինաստանի կողմից ինտելեկտուալ սեփկանության իրավունքների խախտման խնդիրը: Եթե հաստատվի, որ նման խախտումներ առկա են, ԱՄՆ-ը ձեռնարկելու է ֆորմալ հետաքննություն և ընդունելու է պաշտպանական միջոցներ, արդյունքում չինական ապրանքների համար մաքսային սակագները կարող են բարձրացվել:
Դեռ հուլիսի 29-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ հիասթափված է Չինաստանից»: Նրա խոսքերով ամերիկյան նախկին անխոհեմ առաջնորդները չինացիներին հնարավորություն են տվել առևտրի միջոցով հարյուր միլիարդավոր դոլարներ աշխատել, մինչդեռ Պեկինը Հյուսիսային Կորեայի հարցում Վաշինգտոնի համար ոչինչ չի ձեռնարկում, թեև հեշտությամբ կարող է այդ խնդիրը լուծել:
Վաշինգտոնի կարծիքով, թեև Փհենյանի դեմ պատժամիջոցների հարցում Պեկինն աջակցություն հայտնեց ամերիկյան նախաձեռնությանը, սակայն բավարար ջանքեր չգործադրեց ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու համար: Այս պայմաններում Թրամփի շրջապատի մի շարք գործիչներ կողմ են Պեկինի հանդեպ ավելի վճռորոշ ու խիստ քաղաքականությանը:
Նշենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը արտաքին առևտրաշրջանառությամբ առաջատար երկրներն են. 2016 թվականին Չինաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 3,685 տրիլոն դոլար, իսկ ԱՄՆ-ինը՝ 3,676 տրիլիոն դոլար: Երկու երկրների միջև առևտուրը գերազանցում է 520 մլրդ դոլարը, որի գրեթե երեք չորրորդ մասը Չինաստանից արտահանումներն են:
Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած տիպի մաքսային սահմանափակում լուրջ ազդեցություն կունենա Չինաստանի տնտեսության վրա:
Սինո-ամերիկյան հնարավոր առևտրային հակամարտությունից Պեկինն ավելի շատ կտուժի, սակայն մյուս կողմից միջզագային քաղաքական տեսանկյունից Վաշինգտոնը մեծ ռիսկի է դիմում, քանի որ այժմ ձևավորվում է Թրամփի քաղաքականությունից դժգոհ երկրների ցանկ, որոնք «միավորումը» ԱՄՆ-ի համար կործանարար նշանակություն կարող է ունենալ: