Կատարի իզոլացման իրական պատճառները
2017 թ. հունիսի 5-ին արաբական մի շարք երկրներ (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեյն, Մալդիվյան կղզիներ) խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ հիմնավորելով, որ վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում «Իսլամական պետությանը», «Մուսուլման եղբայրներին», «Ալ Քաիդային»: Հարց է առաջանում՝ արդյոք նույն Սաուդյան Արաբիան կամ Էմիրությունները չեն աջակցում այդ սունի ահաբեկիչներին: Այսինքն պարզ է, որ այս ճգնաժամի իրական պատճառը բացարձակ այլ է, իսկ «ահաբեկիչներին հովանավորելու» գործոնը զուտ առիթ է:
Ի պաստախան պաշտոնական Դոհան հայտնում էր, որ այս ճգնաժամի պատճառն այլ է, որ 2017 թ. մայիսին Կատարի պետական լրատվական գործակալության («QNA» — Qatar News Agency) կայքը կոտրվել էր հակերների կողմից և հայտարարություն էր տարածվել էմիր Թամիմ բին Համադ ալ-Սանիի անունից, որ Կատարն աջակցություն է հայտնում Իրանին, Համասին, Հզբոլահին և Իսրայելին: Այս դեպքում Կատարը քավության նոխազ է դարձնում հակերներին: Այստեղ մի շարք հարցեր են առաջանում.
Եթե Կատարի պետական լրատվական գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությունն իրոք հակերների ձեռքի գործն է, ուրեմն հարց է առաջ գալիս՝ միթե արաբական երկրներն այդքան նայիվ են, որ նման տեխնիկական բնույթի խնդիրը դարձրեցին դիվանագիտական ճգնաժամի հիմք:
Եթե էմիրի հաղորդագրությունը պաշտոնական դիրքորոշման արտահայտություն է, ապա միթե Կատարի ղեկավարությունն էր այնքան նայիվ, որ սեփական լրատվամիջոցով հայտարարություն կտարածի, որը հետագայում ստիպված լինի հերքել: Գուցե Դոհայում չէին սպասում արաբական աշխարհի նման արձագանքի ու ստիպված են այժմ պաշտպանվել:
Բացառված չէ, որ Կատարը արաբական երկրների համար դարձել է թիրախ, իսկ այդ հակերային հարձակումները կարող են կազմակերպված լինել հենց այդ երկրների կողմից: Այդ դեպքում որոնք են Կատարին պատժելու իրական պատճառները:
Փոքր տարածքով (11,5 հզր քկմ) ու բնակչությամբ (2,26 մլն), սակայն ածխաջրածնային մեծ ռեսուրսներով պետությունը, որում բնակչության կենսամակարդակը ամենաբարձրն է Արաբական աշխարհում, իսկ ողջ աշխարհում զիջում է միայն Լիխտենշտեյնին, մեծ հաշվով արտաքին քաղաքականության մեջ որևէ խնդիր պետք է չունենար: Սակայն ունենալով 335 մլրդ դոլար կազմող ՀՆԱ-ն և 42 մլրդ դոլարի հասնող բյուջետային եկամուտները՝ իշխող Ալ Սանի տոհմի ներկայացուցիչներին կուզենային օր առաջ ազատվել Սաուդյան հեգեմոնիայից: Բնավ պատահական չէ, որ արաբական առաջատար լրատվական գործակալությունը՝«Ալ Ջազիրան», ևս Կատարին է պատկանում, դրանով գաճաճ պետությունը ռեգիոնալ խաղի կանոններ թելադրելու փորձ է անում:
Սաուդցիներից արտաքին քաղաքական կախվածությունը նվազագույն հասցնելու համար Կատարը երկու տարբերակ ուներ.
- Ընդլայնել պաշտոնական Դոհայի ազդեցությունը այլ արաբական երկրներում,
- Համագործակցել Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գերակայությունը վիճարկող Իրանի հետ:
- Արաբական աշխարհում ազդեցության բավականին արդյունավետ մեխանիզմ է ահաբեկչական կազմակերպություններին հովանավորությունը: Այս առումով Կատարի արտաքին քաղաքականության խոշորագույն ձեռքբերումն այն էր, որ 2012 թվականին բնակչությամբ արաբական ամենամեծ երկրում՝ Եգիպտոսում, իշխանության եկան «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, երկրի ղեկավարը դարձավ Մուհամադ Մուրսին: Եգիպտա-Կատարական տանդեմը ողջ ներուժն ուներ Սաուդյան Արաբիայի ազդեցությունից ազատվելու և անգամ տարածաշրջանում գերակայության հասնելու համար: Սակայն 2013 թ. սաուդցիների աջակցությամբ Եգիպտոսում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումը վերջ դրեց Կատարի այս նկրտումներին: Այլ երկրներում ծայրահեղականներին հովանավորությունը զուտ տեղային, մարտավարական նշանակություն կարող է ունենալ, իսկ մասնավորապես Սիրիայում հնարավոր չէ հասնել հաջողության, քանի որ կոնֆլիկտի մեջ ներգրավված են ոչ միայն բոլոր ռեգիոնալ տերություններն, այլև գերտերությունները:
- Իրանի հետ համագործակցությունը Դոհային «մերձավորարևելյան Շվեյցարիայի» ձևավորման տեսլականն է տալիս: Կատարը կարող է լինել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև (նույնն է, թե շիա և սունի մահմեդական երկրների միջև) երկխոսության պլատֆորմ, ինչը Կատարին կտար ցանկալի ինքնուրույնությունը և ազդեցությունը տարածաշրջանային քաղաքական օրակարգի ձևավորման հարցում: Արդյունքում՝ Սիրիայում Կատարը սկսեց աջակցություն ցուցաբերել ոչ միայն սունի զինյալներին, այլև Իրանի աջակցությունն ունեցող շիա մահմեդականներին:
Սակայն «շիա-սունի» համագործակցությունը գաղափարը բնավ ցանկալի չէր համաշխարհային ժանդարմ ԱՄՆ-ին: Պատահական չէ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա առաջին պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա էր (2017 թ. մայիսի 20-21): Դրանով ԱՄՆ-ը որպես մերձավորարևելյան տարածաշրջանային քաղաքականության «մենեջեր» հաստատեց Էր-Ռիադին, որին այդ գործում օգնելու է Կահիրեն, իսկ Դոհային անհրաժեշտ է պատժել նաև վերջին շրջանում Ռուսաստանի հետ մերձեցման գնալու համար (ըստ երևույթի Կատարի ճգնաժամի աշխարհաքաղաքական հիմնական պատճառը հենց դրանում է):
Այժմ արդեն ստանալով վաշինգտոնյան աջակցությունը՝ Սաուդյան Արաբիան և իր վասալները անցան Կատարին պատժելու օպերացիային: Տնտեսական բնույթի սահմանափակումների ներդրմամբ Արաբական երկրները փորձելու են իզոլացնել Կատարին մինչև այն պահ, երբ վերջինս, ներքին բարեկեցության և արտաքին սպառնալիքների կեղծ երկընտրանքի առջև կանգնած, հարկադրված լինի ընտրել չարյաց փոքրագույնը: