ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում «հրատապ և երկարաձգված մարդասիրական դադարներ և միջանցքներ ամբողջ Գազայի հատվածում»: Սա առաջին անգամն է, որ այդ հարցի վերաբերյալ բանաձև է ընդունվում հոկտեմբերի 7-ին Իսրայել-Համաս պատերազմի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է POLITICO-ն:
15 անդամից բաղկացած մարմինն ընդունել է Մալթայի կողմից ներկայացված բանաձևը 12 կողմ ձայներով, այն բանից հետո, երբ նախկինում չորս բանաձևեր չեն ընդունվել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել։
Վերջին 40 օրվա ընթացքում Իսրայելի օդային և ցամաքային գործողությունները Գազայում սպանել են ավելի քան 11,000 պաղեստինցիների, այդ թվում՝ ավելի քան 4,500 երեխաների, ըստ Պաղեստինի ինքնավարության: Խիտ բնակեցված պաղեստինյան տարածքի պաշարումն Իսրայելի կողմից հանգեցրել է հումանիտար ճգնաժամի այն բանից հետո, երբ նա 2,2 միլիոն պաղեստինցիների համար դադարեցրել է սնունդը, վառելիքը, ջուրը և էլեկտրաէներգիան: Այս քայլը տեղի է ունեցել ի պատասխան հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակումներին, երբ զինյալները սպանեցին 1200 մարդու և ավելի քան 240 պատանդ վերցրեցին:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը X-ում (նախկին Twitter-ում) ասել է, որ իր երկիրը կհրաժարվի ենթարկվել բանաձևին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը իրավաբանորեն պարտադիր են, սակայն գործնականում շատ կողմեր անտեսել են դրանք: Իսրայելը անտեսել է նախկին բանաձևերը, մասնավորապես 2016 թվականին ընդունված մեկ բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել բնակեցման բոլոր գործողությունները օկուպացված Պաղեստինյան տարածքում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում:
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը կոչ է արել Իսրայելին պատասխանատվության ենթարկել, եթե նա չի ենթարկվի բանաձեւին: