«Բաքուն Մինսկի խմբին պատասխանում է լայնամասշտաբ զորավարժություններով». ադրբեջանական լրատվական գործակալության անդրադարձը
Բոլորին ակներև է Արցախյան համակարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Մենք ևս անդրադարձել ենք այն հարցին, թե ինչ նպատակով են Ադրբեջանում Մինսկի խմբի համանախագահների այցելության նախաշեմին ու դրա ընթացքում զորավարժություններ անցկացնում (կարդացե՛ք. «Ադրբեջանական զինված ուժերի չորս զորավարժությունները հունիս ամսվա ընթացքում. Բաքվի նպատակները»):
Նման դիվանագիտական դեմարշը մեկնաբանել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես «Թուրան» գործակալությունը (հայտնի է իշխանություններին քննադատող հրապարակումներ) հրապարակել է «Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին պատասխանել է լայնամասշտաբ զորավարժություններով» վերլուծական հոդվածը: Պարզաբանենք հոդվածում ներկայացված հիմնական մտքերը:
Լրատվականը շեշտում է, որ Միսկի խմբի համանախագահների /Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդ (ԱՄՆ)/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի (Լեհաստան) այցը հերթական «դատարկ» բանակցություններն էին։ Այդ ընթացքում ամանախագահները Բաքվին, Երևանին և Ստեփանակերտին կոչ արեցին խուսափել իրավիճակի լարվածության հետագա աճից, միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածության նվազման համար: Գործակալությունը հատուկ շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ համանախագահներն Արցախին դիտարկում են որպես հակամարտության բանակցային կողմ (նշենք, որ Ադրբեջանի համար ցանկալի չէ, որ Արցախը մասնակցի հակամարտության բանակցային գործընթացին, կարդացե՛ք «Արցախյան (հայ-ադրբեջանական) հակամարտության քարոզչական թեզերը», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը. Մադրիդյան սկզբունքներ» ):
Գործակալության հաղորդմամբ Ադրբեջանում այդ այցի վերաբերյալ գնահատականները տատանվում էր՝ սառը վերաբերմունքից մինչև շեշտված բացասական դիրքորոշում: Այս առումով ներկայացվում է ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն կարծիքը. «Ծանոթանալով համանախագահաների հայտարարություններին՝ իմ հետևությունն այն, էր, որ առաջնահերթ Ադրբեջանին են մեղադրում լարվածության աճի համար»: Վերջինս եզրակացնում է, որ Մինսկի խումբը հանդես է գալիս խաղաղության ու բանակցություններ վարելու քաղաքական կամք դրսևորելու կոչերով, մինչդեռ «հյուծող պատերազմը» շարունակվում է:
«Իրականում պաշտոնական Բաքուն համանախագահներին հենց այդպես էլ պատասխանել է, միայն թե ոչ թե խոսքերով, այլ գործով». եզրակացնում է լրատվական և հավելում, որ Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել, որոնցում մասնակցում են 23 հզր զինվորականներ, 120 միավոր տանկեր և զրահատեխնիկա, 180 միավոր հրթիռա-հրետանային միջոցներ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, 30 միավոր մարտական ավիացիա, նոր ռադիոէլեկտրոնային հետախուզության և անօդաչու թռչող սարքերի:
Գործակալության հետևությունն այն է, որ այս զորավարժությունները հստակ ազդանշան են, որ խաղաղ բանակցություններ չեն վարվում, որ ներկայում երկխոսություն հնարավոր չէ, իսկ Միսկի խմբի այցը ոչ միայն դատարկ է, այլև անցանկալի: Այնուհետ ադրբեջանական լրատվականը փորձում է մեղադրել Հայաստանին՝ շեշտելով, թե հայերը ոչ միայն ցանկանում են ամրապնդվել Արցախում և վերաձևել սահմանը, այլև անգամ Նախիջևանի ուղղությամբ ռազմարշավ ձեռնարկել (հեղինակը անտեսում է այն փաստը, որ հունիսի 12-16-ին հենց Բաքուն էր Անկարայի հետ միասին զորավարժություններ անցկացնում Նախիջևանում):
Հեղինակը փորձում է Ադրբեջանի՝ որպես բացահայտ ագեսորի արտաքին քաղաքականությունը ներկայացնել իբրև հայկական կողմի գործելակերպ: Ամենակարևորը Նախիջևանի զորավարժությունների նպատակը չմեկնաբանելով՝ շեշտում է, որ դա Հայաստանում անհանգստություն է առաջացնում՝ մեջբերելով հայկական մամուլում տեղ գտած հրապարակումներն ու փորձագիտական կարծիքները: Այդ համատեքստում շեշտում է Հայաստանի տնտեսական ներուժի անբավարարությունն ինչպես այսօր, այնպես էլ հինգ տարվա տեսլականով (նշենք, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ, կարդացե՛ք. «2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացման ծրագրի տեսլականն ու նպատակները»): Ըստ երևույթին հոդվածագիրը ցանկանում է Ադրբեջանի ներքին լսարանի համար հիմնավորել իրենց երկրում առկա տնտեսական խնդիրները (կարդացե՛ք. «Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը»)՝ կրկին համեմատվելով Հայաստանի հետ:
Հոդվածի վերջում լրատվականը ևս մեկ անգամ քննադատություն է բարձրացնում Մինսկի խմբի գործունեության նկատմամբ, սակայն ընդհանուր համատեքստից պարզ է դառնում, որ ոչ թե միջնորդների գործունեության արդյունավետությունն է հարցը, այլ այն իրողությունը, որ նրանք սկսել են իրավիճակին հասցեական գնահատական տալ, մայիսի 18-ի հայտարարությունը դրա մասին է (կարդացե՛ք. «Արցախյան հակամարտության ստատուս-քվոյի վերանայման հավանականությունը»):
Այժմ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հետագայում համանախագահները կրկին հասցեական հայտարարություններ անեն, արդյունքում Բաքուն վիժեցնում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: