«Արցախյան դիվերսիայի» տեղեկատվական վակուումը. ադրբեջանական բեմականությունն ու հայկական կողմի լռությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 8-ին՝ ժամը 19:30-ին, հաղորդագրություն է տարածել դիվերսիայի իրականացման մասին, թե իբր նույն օրը ցերեկային ժամերին արցախյան շփման գծի հարավ-արևելյան հատվածում հայկական կողմը հետախուզական-դիվերսիոն փորձ է ձեռնարկել:
Բաքուն նշում է, որ դիվերսիոն խմբի զինվորականներից մեկը սպանվել, ու իբրև ապացույց տեսանյութ է հրապարակել: Ինչին իրականում բացառված չէ, որ Բաքվի հատուկ պատվերով բեմականացված տեսագրություն է:
Պետք է նշել, որ տեսանյութի մեջ բացարձակապես ոչ մի հիմնավոր տեղեկատվություն չկա: Տեղաշարժվող անձանց համազգեստներից ոչինչ չենք կարող ասել, թե որ պետության զինուժի ներկայացուցիչներ են, մեծ հավանականությամբ կարող է լինել ցանկացած երկրի զինվորական խումբ, այդ թվում նաև Ադրբեջանի:
Մյուս հանգամանքը տեղանքն է, որից կրկին ոչ մի հիմնավոր եզրակացություն չեն կարող անել, քանի որ տեսագրությունը կարող է նկարահանված լինել ցանկացած վայրում, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքում:
Ամենամեծ անհեթեթությունն այն է, որ բաց տեղանքում ցերեկային ժամերին որևէ մեկը դիվերսիայի չի դիմում, մարտավարական տեսնակյունից դա բացահայտ ինքնասպանություն է: Պարզ է, որ Ադրբեջանի հայտարարությունն իրականությունից հեռու է, տեսանյութն էլ կեղծիք է, սակայն այդ ինֆորմացիան տարածվում է այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական մշտադիտարկումն է իրականացնում շփման գծում: Այսպիսով Բաքվի դեզինֆորմացիայի իրական նպատակները հստակ են դառնում:
Սակայն այս պայմաններում անհասկանալի է հայկական կողմի լռությունը. ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի պաշտպանության նախարարությունները որևէ ձևով չեն մեկնաբանում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը: Օրեր առաջ մենք զգուշացրել էին հայկական կողմի տեղեկատվական ինքնաիզոլացման վտանգների մասին, ներկա «տեղեկատվական վակուումը» բացարձակապես չի բխում հայկական կողմի շահերից: Առնվազն ներքին լսարանի (ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների) համար պետք է բացատրել ադրբեջանական տեղեկատվական արշավի իրական նպատակները, ինչը թերևս միջազգային հանրության համար պարզաբանելու կարիք չկա, բոլորը լավ գիտեն, թե ով է լարվածություն հրահրող իրական ագրեսորը: