Ադրբեջանի քաղբանտարկյալների նոր ցանկն ու Արևմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու պահանջը
«Ադրբեջանում աճում է քաղբանտյալների թիվը: Բռնաճնշումները դադարեցնելու ադեկվատ արձագանք չկա», — հայտնում է ադրբեջանական «Meydan.tv» լրավականը:
Աշխատանքային խումբը, որը կազմում է Ադրբեջանի քաղբանտարկյալների ամբողջական ցանկը, օգոստոսի 28-ին ներկայացրել է 123 էջանոց նոր զեկույց, որում ներառված են թվով 160 քաղբանտարկյալներ:
Տարատիպ փաստաթղթերի, վկայությունների, դատական գործընթացների և հարցազրույցների հիմքով աշխատանքային խումբը հաստատել է, որ թվով 158 ձերբակալություններն ունեին քաղաքական ենթատեքստ, ևս երկու գործ դեռ ուսումնասիրվում են:
Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկի մեջ են 10 լրագրող, 11 հասարակական-քաղաքական գործիչ, 97 հավատացյալ և այլ անձինք:
Նշենք, որ այդ ցանկը մշտապես թարմացվում էր «Թուրան» տեղեկատվական գործակալության կողմից, մինչդեռ այսօր այդ նույն լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևին է հայտնվել քաղբանտարկյալների շարքերում, ինչն էլ դժգոհությունների ալիք է բարձրացրել ադրբեջանցիների շրջանում:
Իրավապաշտպանները հայտարարում են, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի շարունակվող բռնաճնշումներին: Մինչդեռ իշխանություններն բացահայտ ցույց են տալիս, որ չեն պատրաստվում հրաժարվել այդ քաղաքականությունից:
«Աշխատանքային խումբը դիմում է ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրամիությանը, Համաշխարհային բանկին և այլ միջազգային կազմակերպությունների և պահանջում է չօգտագործել մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերն ադրբեջանական կառավարության հետ բանակցությունների ժամանակ որպես առևտրի միջոց և այլևս աչք չփակել բռնաճնշումների վրա, ինչը տարիներ շարունակ իրականացվում է պետության կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ»:
Քաղբանտարկյալների հարցերով աշխատանքային խումբը նաև դիմում է ԵԽԽՎ-ին ու ԵԽ Նախարարների կոմիտեին՝ պահանջելով ադեկվատ միջոցներ գործադրել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կարգավորման ուղղությամբ:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը և Եվրամիության երկրներին հասցեական պատժամիջոցներ կիրառել այն անձանց հանդեպ, ովքեր կոպտորեն խախտում են մարդու իրավունքները», — նշված է աշխատանքային խմբի հայտարարության մեջ:
Նշենք, որ ադրբեջանցի իրավապաշտպանները ավելի վաղ ևս կոչ էին արել Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, սակայն այդ նախաձեռնություններն անպատասխան էին մնացել միջազգային հանրության կողմից: