Թյուրքական գաղափարախոսություն (օսմանիզմ, պանթուրքիզմ)
ՕՍՄԱՆԻԶՄ
Օսմանիզմի ու պանթուրքիզմի էությունն հասկանալու համար անհրաժեշտ է նախ անդրադառանալ այն ձևավորող պատմական իրավիճակին: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունը հայտնվեց կործանման եզրին: Հսկայական չափերի հասավ արտաքին պարտքը, լայն ծավալներ ընդունեցին ազգային-ազատագրական շարժումները, երկրի վրա մեծ ազդեցություն ունեին տերությունների դեսպանները, որոնք տարբեր պատրվակներով անընդհատ միջամտում էին կայսրության ներքին գործերին, սուլթանի հետադեմ ֆեոդալական վարչակարգը արգելակում էր երկրի առաջընթացին: Այդ ամենը դժգոհություն էր առաջացնում թուրքական բարձրացող բուրժուազիայի շրջանում, որոնք հայտնի էին երիտթուրքեր անունով: Նրանք ստեղծել էին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Սուլթանական վարչակազմը համատեղ ուժերով տապալելու համար 1907թ. դեկտեմբերին Փարիզում համաձայնություն կնքեցին երիտթուրքերը, Դաշնակցությունը, հրեական, արաբական և մակեդոնական կազմակերպությունները: 1908թ. հուլիսին Մակեդոնիայում Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ ապստամբեց բանակը և իրականացրեց պետական հեղաշրջում: Օսմանյան կայսրությունում հաստատվեց սահմանադրական միապետություն: Համիդի իրավունքները սահմանափակվեցին, իշխանության լծակներն անցան երիտթուրքերին: Նրանք խոստանում էին հավասար պայմաններ ստեղծել կայսրության բոլոր ժողովուրդների համար, բարելավել նրանց վիճակը: Հայերը խանդավառությամբ ընդունեցին երիտթուրքերի խոստումները, սակայն շուտով խորը հիասթափություն ապրեցին:
Իշխանության գալով՝ երիտթուրքերը որդեգրեցին օսմանիզմի գաղափարախոսությունը: Նրանք ցանկանում էին կայսրության բոլոր ժողովուրդներին ձուլել մեկ` օսմանյան ազգի մեջ: Հայտարարեցին, որ Օսմանյան կայսրության բոլոր հպատակներն օսմանցիներ են և պետության առաջ հավասար են` առանց կրոնական ու ազգային խտրականության: Նրանք հայտարարում էին, թե իբր այդպիսով ժամանակի ընթացքում կստեղծվի միասնական լեզու և մշակույթ: Միասնական լեզվի տակ, անշուշտ, նրանք հասկանում էին թուրքերենը: Մինչդեռ օսմանիզմի քաղաքականության իրական նպատակն էր ձուլել մյուս ազգերին թուրքերի հետ, վերջ տալ ազգային-ազատագրական շարժումներին և ամրապնդել կայսրությունը: Սակայն այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Կայսրության ոչ միայն քրիստոնյա ժողովուրդները, այլև մահմեդական արաբներն ունեին ազգային բարձր ինքնագիտակցություն և նրանց ձուլումը բնականաբար հանդիպեց լուրջ ընդդիմության:
Օսմանիզմը բացասաբար ընդունեցին նաև թուրքերն ու մյուս մահմեդականները, քանի որ դրանով վերանում էր նրանց նախկին արտոնյալ վիճակը, իսկ ոչ մահմեդական ռայաները հավասարվում էին իրենց, ինչը հակասում էր շարիաթի օրենքներին: Անհաջողության մատնվելով օսմանիզմի քաղաքականության հարցում՝ երիտթուրքերը որդեգրեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը:
Սակայն 21-րդ դարի սկզբին, երբ Թուրքիայի իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտան արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տվեց նեոօսմանիզմին (Neo-Osmanlicilik), այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։ Պետական նպատակաուղղված քարոզչությունն այսօր նեոօսմանիստական տրամադրություններ է ձևավորել հասարակության տարբեր շերտերում։ Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ գեղարվեստական «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է օսմանյան սուլթանի իշխանության ներքո գտնվող Թուրքիայի մասին: Երիտասարդների շրջանում ընդունված է ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» մակագրությամբ վերնաշապիկներ կրելը: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman-ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էին խաղաղությունը, հանգստությունը, բարգավաճումն ու կրոնական հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ»:
Նեոօսմանիզմի կենսագործման համար կարևոր է նաև իսլամական, մասնավորապես՝ արաբական երկրներում համապատասխան տրամադրությունների ձևավորումը, որի ուղղությամբ նույնպես տարվում է նպատակաուղղված քաղաքականություն։ Գաղափարախոսությունն «արտահանվում» է ինչպես թուրքական «սփյուռք», այնպես էլ արաբական երկրներ։ Նշանակալի իրադարձություն էր 2010թ. հունվարին թուրքական բուհում «նեոօսմանյան» նախաձեռնություն իրականացնելու Արդարություն և զարգացում կուսակցության և բարձրագույն կրթության խորհրդի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով անվճար հիմունքներով Թուրքիայի համալսարաններ են ընդունվելու արաբական երկրների, մասնավորապես՝ սիրիացի ուսանողներ։ Նեոօսմանականության աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետն է համարվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Այս գաղափարախոսության գլխավոր նպատակներն արտացոլված են նրա «Խորքային ռազմավարություն» աշխատությունում։ Սակայն գաղափարախոսության ակունքները գնում են մինչև Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որի կարծիքով՝ երկրի բնակիչներին և բալկանյան մուսուլմաններին համախմբողն իսլամն է, որոնց մեկ ընդհանուր պետության գաղափարի շուրջ կարող է միավորել նորովի մշակված գաղափարախոսությունը։ Օզալը չի նշել, թե որ գաղափարախոսությունն է ի վիճակի լուծել նման խնդիրներ, սակայն ակնարկվում էր օսմանականության գիրկը վերադառնալու Թուրքիայի ձգտումը։
2009թ. Դավութօղլուն հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»։ Այնուհետև Դավութօղլուն հստակեցրեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ իրար պետք է հաջորդեն Թուրքիայի ծավալապաշտական մյուս գաղափարախոսությունները. «Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամը՝ մեր մշակույթի տարրերից մեկը։ Արևմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմը՝ գլխավոր շարժումը»:
ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄ
Պանթուրքիզմը ծնունդ էր առել Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդների մոտ, որոնց նպատակն էր ազատագրվել օտար տիրապետությունից, թուրքական ժողովուրդներին համախմբել միասնական պետության մեջ, որը ձգվելու էր Բալկաններից մինչև Սիբիր ու Չինաստան: Այդ իդեալն իրականացվելու էր միակ անկախ թուրքական պետության` Օսմանյան կայսրության աջակցությամբ և գլխավորությամբ: Պանթուրքիզմի գաղափարախոսները առաջարկում էին թուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր և պարտադիր լեզու դարձնել Պոլսի թուրքերենը, քարոզել թուրքերի փառավոր անցյալն ու մշակույթը:
Օսմանյան կայսրության մեջ թուրքերը քրիստոնյա ժողովուրդներից հետ էին մնում ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային, այլև ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, ազգային գաղափարների զարգացման մակարդակով: Բավական ժամանակ պահանջվեց թուրքերի մեջ ազգային «եսը» ձևավորելու համար: Պանթուրքիզմը ռասիստական, շովինիստական գաղափարախոսություն էր: Այն փորձում էր ապացուցել, որ թուրքական էթնոսը բարձր է կանգնած մյուս ժողովուրդներից և ստեղծված է իշխելու համար: Պանթուրքիստները նշում էին, որ Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական, իսկ եվրոպական երկրների ղեկավարները գերմանական ռասաներից: Մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումները վերագրում էին թուրքական էթնոսին: Սեփական ռասայի գովերգումը ինքնանպատակ չէր, այն հիմքեր էր նախապատրաստում հետագա անհեթեթ հավակնությունների համար:
Պանթուրքիզմն իրականացվելու էր երեք փուլով. թուրքիզմ, օղուզականություն, թուրանիզմ. Առաջին փուլում թուրքացվելու էր Օսմանյան կայսրությունը (այն, փաստորեն, նախատեսում էր ոչնչացնել արևմտահայությանը), երկրորդ փուլում միավորվելու էին օղուզ թուրքերը (օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Անդրկովկասի թուրքալեզու մահմեդականները) և թուրքմենները: Այս փուլում կամ ամբողջությամբ ոչնչացվելու էին նաև արևելահայերը կամ նրանց մի մասը և Արևելյան Հայաստանից գրավվելու էին նվազագույնը Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը, որպեսզի կապ ստեղծվեր Ադրբեջանի հետ: Վերջին փուլում միավորվելու էին բոլոր թուրքալեզու ժողովուրդները:
1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Կայսրության մահմեդական ժողովուրդները պետք է թուրքացվեին, իսկ քրիստոնյաները` ոչնչացվեին: Ապա Թուրքիային էին միացվելու Իրանական Ադրբեջանը, Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմենստանը, Մանջուրիան, և ստեղծվելու էր մեծ Թուրանը:
Երիտթուրքերը նշում էին, որ եթե սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինեին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրությունը չէր բռնի քայքայման ուղին: Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին էր գտնվում Հայաստանը, և հայ ժողովուրդը դարձավ դրա առաջին զոհը: Իշխանությունները թուրք բնակչության մեջ սկսեցին հրահրել ամենավայրենի շովինիզմ ու հայատյացություն, կոչ էին անում քանի դեռ ուշ չէ թուրքացնել Անատոլիան, իսկ հայերին ոչնչացնել: Այսպիսով, պանթուրքիզմի ազգայնական, ռասիստական, ծավալապաշտական գաղափարախոսությունը իր սուր ծայրով ուղղված էր հայ ժողովրդի դեմ և հանդիսացավ Մեծ եղեռնի գլխավոր գործոններից մեկը:
Ժամանակակից Թուրքիայում պանթուրքիզմը ևս վերածնունդ է ապրում, նորովի մեկնությամբ՝ նեոպանթուրքիզմը։ Պանթուրքիզմը հզոր գործիք էր ԱՄՆ-ի համար ընդդեմ Խորհրդային Միության։ Սակայն վերջինիս փլուզումից հետո, երբ Թուրքիայի՝ թյուրքախոս ազգերին համախմբելու փորձերն ավելի ռեալ հարթության մեջ դրվեցին, դա ԱՄՆ-ին անհանգստանալու տեղիք տվեց։ Թեև ամերիկյան քաղաքական շրջանակները դեռ օգտագործում են պանթուրքական (ույղուրական) գործոնը՝ այն ուղղելով գլխավորապես Չինաստանի դեմ, որն այսօր կարող է մրցակցել ԱՄՆ-ի հետ։
Պանթուրքիստների գլխավոր նպատակը թյուրքախոս ժողովուրդներին մեկ ընդհանուր պետության մեջ ընդգրկելն է՝ հաշվի չառնելով նրանց աշխարհագրական տարածման սահմանները, մշակութային տարբերությունները։
Այս գաղափարախոսության իրականացման ճանապարհին առաջնային է համարվում թյուրքական էթնոսի համախմբումը՝ Չինաստանից մինչև Ադրիատիկ ծով։ Կարևորվում է նաև տնտեսական գործոնը, որն այդ համախմբմանը տալիս է ավելի ընդգծված բնույթ, քանի որ Միջին Ասիայի նավթային պաշարները՝ «թուրանական նավթը», Թուրքիայի էներգետիկ խնդիրների լուծման ճանապարհն են։
Նեոօսմանների և նեոպանթյուրքիստների միջև բավական մեծ տարաձայնություններ կան, քանի որ վերջիններիս համար հիմնական նշանակետը էթնիկական գործոնն է, որը համախմբում է թյուրքախոս ժողովուրդներին, այլ ոչ թե կրոնականը (սեմական արաբներ, բալկանյան մուսուլմաններ)։ Անգամ այս տարաձայնության պարագայում նեոօսմանները պանթյուրքիզմը դիտում են որպես այլընտրանքային ճանապարհ, օսմանիզմին հետևող, այն լրացնող գործոն, որոնց վերջնանպատակն է դառնալու թուրքական եվրասիականությունը։
Այնպես որ, թուրքիզմը որպես գաղափարախոսություն երբևէ հետընթաց չի ապրել և կարող է օգտագործվել տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխության դեպքում։ Ցայտուն օրինակ է Իրաքյան վերջին պատերազմը, երբ ազգայնական ուժերը, այդ թվում և ուլտրազգայնական գեներալները, քարոզչական և ռազմական օգնություն ցուցաբերեցին իրաքյան թուրքմեններին։
Պանթուրքիստական գաղափարախոսության կրողներն են Ազգայնական շարժում կուսակցությունը, զինվորականության ուլտրազգայնական թևը, կիսառազմականացված «Գորշ գայլեր» ազգայնական-ծայրահեղական խմբավորումը։