Ադրբեջանի զինուժը «50 առավել զորեղ բանակների թվում» տեսնող Իլհամ Ալիևի զառանցանքն ու իրականությունը
Հունիսի 26-ին Ադրբեջանում նշում են զինված ուժերի օրը, որի կազմավորումը, որքան էլ մարազմատիկ հնչի, Բաքուն համարում է 1918 թվականը: Բացարձակապես չմեկնաբանելով նման անհեթեթությունը՝ անդրադառնանք Ադրբեջանի զինուժի վերաբերյալ այդ երկրի ղեկավարության ոչ պակաս անհիմն հայտարարություններին:
Այսպես՝ հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ամբողջական վստահությամբ կարող ենք ասել, որ այսօր ադրբեջանական բանակը աշխարհի 50 առավել զորեղ բանակների թվում է: Դա ասում ենք ոչ միայն մենք, այլևս հաստատում են առաջատար վարկանիշային գործակալությունները»:
Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը Ալիևը մատուցում է իր հպատակներին: Որքան էլ փորձենք գտնել «առաջատար վարկանիշային գործակալությունների» առաջին հինգ տասնյակում Ադրբեջանի անունը, չեն կարողանա:
Իսկ ինչպիսի՞ն է պատկերն իրականում: «Global Firepower» 2017 թվականի վարկանիշով Ադրբեջանը միայն 59-րդ հորիզոնականում է[1], «FutureBattles» նախագծի վարկանիշով 65-րդ երկիրն է[2]: Ուրեմն որտեղից հայտնվեց Ադրբեջանի մոտ այդ կեղծ թվաբանությունը:
Ենթադրաբար Բաքուն հիմնվում է «U.S. News» կայքի «Best countries» վարկանիշի վրա, որում Ադրբեջանը ռազմական ներուժով զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը: Սակայն մեր հարևանները «գրագետները» այնքան են ոգևորվել այդ թվով, որ բնավ չեն շեշտում, որ ցանկի մեջ դիտարկվում է միայն 80 երկիր[3]: Այնպիսի գերռազմականացված երկրներ ինչպես Սիրիան, Իրաքը, Վենեսուելան կամ անգամ միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան և շատ այլ երկրներ այս ցանկում չկան, այսինքն ալիևյան բարբաջանքը, թե «Ադրբեջանը աշխարհի 50 առավել զորեղ բանակների թվում է», իրական խաբեություն է:
Ավելի լավ կլիներ, որ Բաքուն մեկ այլ հարցի անդրադառնար: «Best countries» վարկանիշը իր կողմից ուսումնասիրվող երկրներին ընդհանուր գնահատական է տալիս՝ 9 չափանիշներով, որոնցից միայն մեկն է վերաբերում ռազմական ներուժին: Ադրբեջանը ոչ թե ուրախանալու, այլ տխրելու առիթ ունի, քանի որ ընդհանուր գնահատականով 80 երկրների ցանկում 69-րդ հորիզոնականում է[4]:
[1] http://www.globalfirepower.com/countries-listing.asp
[2] http://www.futurebattles.com/
[3] https://www.usnews.com/news/best-countries/power-full-list
[4] https://www.usnews.com/news/best-countries/azerbaijan