Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն ներկայացրել է 2017 թվականի հունվար—մայիսի ամիսներին տնտեսության առանցքային ցուցանիշները:
ՀՆԱ-Ի ԿՐՃԱՏՈՒՄ.
Ադրբեջանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 25 մլրդ 338,7 մլն մանաթ (14,9 մլրդ դոլար), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 0,9 տոկոսով ավելի ցածր է: Նշենք նաև, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել էր 3,1 տոկոսով:
ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է ջերմա-էներգետիկ համալիրի արտադրության կրճատման հետ: Այսպես՝ նավթային ՀՆԱ-ի անկումը 2017 թ. հունվար-մայիս ամիսներին կրճատվել է 6.5 տոկոսով՝ կազվելով 10 մլրդ 420.2 մլն մանաթով (6,13 մլրդ դոլար):
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ.
Այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 15,7 մլրդ մանաթ (9,24 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույնն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 5,5 տոկոսով:
2017 թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից նավթի ու գազի արդյունահանումը ևս կրճատվել են. գազի արդյունահանումը կրճատվել է 7 տոկոսով` կազմելով 2 մլրդ 465,5 մլն խմ գազ, իսկ նավթի արդյունահանում՝ 9,2 տոկոսով՝ կազմելով 15 մլն 934,2 հազար տոննա:
ԳՆԱՃ.
Վիճակագրության կոմիտեի տվյալներով Ադրբեջանում արձանագրվել է շեշտակի գնաճ: 2017 թ. մայիսի միջին տարեկան հաշվարկով գնաճը կազմել է 13,8 տոկոս: Տարեսկզբից սննդամթերքը թանկացել է 18,2 տոկոսով, այլ ապրանքները՝ 12,5 տոկոսով, իսկ ծառայությունները 9,1 տոկոսով:
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ.
Միջազգային շուկայում ադրբեջանական «Azeri LT CIF» նավթի մեկ բարրելի գինը կազմում է 47,45 դոլար (2017 թ. հունիս): Նկատենք, որ Ադրբեջանի 2017 թվականի պետական բյուջեում նավթի գինը հաշվարկված է 40 դոլարով, մինչդեռ այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում նավթի միջին գինը կազմել է 50 դոլար: Բյուջեում սահմանված գնի համեմատությամբ այդ 20 տոկոսի հավելյալ արժեքը առնվազն Բաքվին պետք է ապահովեր դրական տնտեսական ցուցանիշներ, մինչդեռ պատկերը հակառակն է:
Նավթի գների աճման հաշվին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է: 2017 թ. հունվար-մայիս ամիսներին նավթի, նավթամթերքի ու բնական գազի վաճառքից եկամուտը կազմել է 1 մլրդ 253 մլն դոլար: Ադրբեջանի արտահանումների շուրջ 93 տոկոսը բաժին է հասնում նավթագազային ոլորտին:
Եթե 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշիռը բացասական էր (242 մլն դոլարով), իսկ այս տարի դրական է (1 մլրդ 633,2 մլն դոլարով):
Ստացվում է, որ չնայած նավթի գների աճման դրական միտումներին, այնուամենայնիվ Ադրբեջանի տնտեսությունն այնքան ծանր վիճակում է, որ շարունակում է անդադար բացասական անկում արձանագրել: