Եվրոպայի «աշխարհաքաղաքական վերածնունդը». Աշխարհակարգի վերափոխման խնդիրը
2017 թվականի մայիսի 7-ի Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ նորաստեղծ «Առաջ, հանրապետություն» («La République en Marche!») կուսակցության ղեկավար Էմանուել Մակրոն՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների երկու երրորդը:
Ընդամենը մեկ ամիս անց՝ հունիսի 18-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Մակրոնն էլ ավելի ամրապնդեց իր քաղաքական հենքը. իր կուսակցությունը Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմելու:
Ամրապնդելով իր ներքին լեգիտիմությունը՝ Մակրոնը կարող է այնպիսի արտաքին քաղաքականության վարել, որը համեմատելի կլինի Ֆրանսիայի նախկին առաջնորդ դը Գոլի գործունեության հետ, ինչի համար բոլոր նախադրյալները կան:
Շառլ դը Գոլի ժառանգությունը.
Երկրորդ աշխարհամարտի և հետպատերազմյան տարիներին Ֆրանսիայի՝ որպես գերտերության խորհրդանիշը Շառլ դը Գոլն էր: Փարիզի աշխարհաքաղաքական դիրքն ամրապնդելու համար դը Գոլը չէր վարանում դեմ դուրս գալ ժամանակի «մեծ եռյակին» (ԱՄՆ, ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիա): Դրանով դը Գոլը նաև խորհրդանշում էր ազատ ու ինքնուրույն Ֆրանսիան: Անգամ դուալիստական աշխարհակարգի պայմաններում, երբ Ֆրանսիայի պետական շահերը չէին համապատասխանում առաջնորդ-դաշնակից Վաշինգտոնի դիրքորոշման հետ, դը Գոլը չէր վարանում արմատական միջոցների դիմել: Վառ օրինակը ՆԱՏՕ-ից դուրս գալու վճռական մտադրությունն էր, հետևանքում՝ ԱՄՆ զիջումները:
Գոլն էր ղեկավարում Ֆրանսիական հանրապետության ժամանակավոր կառավարությունը (1944-1946 թթ.), երբ Ֆրանսիան դարձավ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից դեռ պատերազմի տարիներին նախագծված նոր աշխարհակարգում լինելու էր միայն չորս գերտերություն («Չորս ոստիկանների» հայեցակարգը), ու հազիվ թե ՄԱԿ-ի Անվանգության խորհուրդը հինգ մշտական անդամ ունենար, եթե դրա կազմավորման ժամանակ Ֆրանսիան չղեկավարեր դը Գոլը: Նրա նախագահության (1959-1969 թթ.) մեկ այլ ձեռքբերումն այն էր, որ Ֆրանսիան դարձավ թվով չորրորդ միջուկային տերություն (1960 թ.):
Այդպիսով՝ Ֆրանսիան դարձավ աշխարհաքաղաքական տերություն միայն դը Գոլի շնորհիվ:
Էմանուել Մակրոնի «աշխարհաքաղաքական» ինագուրացիան.
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Ֆրանսիան՝ որպես աշխարհաքաղաքական գերտերություն, երկրորդ պլան մղվեցին, երկիրը չէր կարող իր ներուժով համեմատվել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ԽՍՀՄ-ի հետ: Այսօր էլ՝ վաշինգտոնակենտրոն միաբևեռ աշխարհակարգի պայմաններում Ֆրանսիան շատ բան չի կարող հակադրել ամերիկահեն գլոբալ գործընթացներին (կարդացե՛ք. «Ժամանակակից աշխարհակարգի էությունը»):
Այս հարցում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը ասելիք ունի, նա մեծ ներուժ ունի դը Գոլի ուրվագծած արտաքին քաղաքական կուրս («գոլիզմ») պահպանելու և առաջ տանելու համար:
Ֆրանսիայի նոր առաջնորդի «աշխարհաքաղաքական» ինագուրացիան կանխորոշեց երկու հանդիպում: Մայիսի 25-ին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մայիսի 29-ին Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները, դրանցում տեղ գտած «քաղաքական ժեստերն» ու մակրոնյան «ռադիկալ դիտարկումները» ցույց տվեցին, որ Ֆրանսիայի նոր նախագահը չի վարանում գերտերությունների գերհարիզմատիկ լիդերներին «տեղը դնել»՝ փաստացիորեն հայտարարելով, որ Ֆրանսիան աշխարհաքաղաքական անկախ դերակատար է ու չի շեղվելու պետականակենտրոն այդ ճանապարհից:
Ֆրանս-գերմական դաշինքը.
Արևմտակենտրոն միաբևեռությունը այսօր ճեղքեր է տալիս հենց ներսից: Անգլո-ամերիկյան միջազգային դիկտատուրան վերամբարձորեն անտեսում է իր «դաշնակիցներին» (մասնավորապես Եվրամիության տերություններին), ինչը մայրցամաքային Եվրոպայի համար անընդունելի է: Եթե Սառը պատերազմի շրջանում ամերիկյան «միջուկային վահանը» խլացնում էր Եվրոպայի ձայնը, ապա այժմ պոտենցյալ ագրեսորից պաշտպանվելու կարիք բնավ չկա, այսինքն այսօր Եվրոպան վաշինգտոնյան պատրոնաժի կարիքը չունի («Եվրո-ամերիկյան դաշինքի գոյատևման սպառնալիքը»):
Թրամփյանի Ամերիկայի «շովինիզմի» արդյունքում ակնհայտ է, որ իրենց «դաշնակցից» հատկապես հիասթափված են Գերմանիայի իշխանությունները ու բնավ բացառված չէ, որ պատեհ առիթի դեպքում դիմեն «քաղաքական ապահարզանի»:
Բեռլինին վճռականություն է տալիս ֆրանս-գերմանական դաշինքը, որը վերջին յոթ տասնամյակների ընթացքում կայացման լուրջ շրջան է անցել ու այդ եվրոպական վաղեմի թշնամիների հարաբերությունները հասցրել է հարմոնիայի կարգավիճակի:
Փարիզ – Բեռլին առանցքի ինստիտուցիոնալ մարմնավորումը Եվրոպական միությունն է, որից կազմից «տրոյական ձիու» (Մեծ Բրիտանիայի) դուրս գալու դեպքում կառույցը աշխարհաքաղաքական տեսանկյունից էլ ավելի է ամրապնդվում (նշենք, որ ժամանակին Գոլը դեմ էր Մեծ Բրիտանիայի անդամությանը եվրոպական ընտանիքին և միայն նրա իշխանությունից հետո Լոնդոնը միացավ այդ կառույցին՝ 1973 թ.): Պետք է շեշտել, որ միասնական Եվրամիությունը այն բացառիկ կենտրոնն է, որը ներուժով համեմատելի է ԱՄՆ-ի հետ:
Աշխարհակարգի վերափոխման տեսլականը.
Արդեն իսկ հասկանալի է, որ եթե Թրամփը շարունակի իր բացահայտ «իմպերիալիստական» արտաքին քաղաքական կուրսը, դրանով Մակրոնին աշխարհաքաղաքական քարտ-բլանշ կտա: Եվրամիությունը գործուն քայլերով կփորձի ազատագրվել ամերիկյան ազդեցությունից, բացառված չէ, որ եվրոպական տերությունները նաև օրակարգ իջեցնեն ՆԱՏՕ—ից դուրս գալու և եվրոպական միասնական զինուժ ձևավորելու հարցը:
Դրանով աշխարհակարգի վերափոխման մեկնարկը կազդարարվի, տեղի կունենա աստիճանական անցում միաբևեռությունից բազմաբևեռության: Առնվազն 2 աշխարհաքաղաքական տերություններ (Չինաստան, Ռուսաստան) և 3 տարածաշրջանային տերություններ (Հնդկաստան, Բրազիլիա, Իրան) կմիանան Եվրամիությանը այդ նախաձեռնությանը:
Իհարկե ԱՄՆ-ը կփորձի ամեն ձև խոչընդոտել նման զարգացումներին՝ առաջնահերթ օգտագործելով այդ «ընդդիմացող» կենտրոններում իր ազդեցության գործակալներին, իսկ անհրաժեշտության դեպքում կդիմի նաև այլ արմատական միջոցների: Այնուամենայնիվ գլոբալ ստատուս-քվոն պահպանելու և աշխարհաքաղաքական բախում թույլ չտալու համար ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի կա՛մ ընդունել իրեն դաշնակից տերությունների էգալիտար իրավունքները՝ լինելով «առաջինը հավասարների մեջ», կա՛մ էլ ամերիկյան հեգեմոնիայի անքննելիությունն ապացուցելու համար մտնել համակողմանի առճակատման մեջ, որի ելքն անկանխատեսելի է: