Ադրբեջանցի իրավապաշտպանները կոչ են անում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել
Ներկայացնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության «Իրավապաշտպան. «Ադրբեջանին անհրաժեշտ է պատժամիջոցներ»» հոդվածը:
Նախօրեին Ադրբեջան են այցելել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորիգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենախն ու Սեզար Ֆլորին Պրեդան: Եռօրյա այցի ընթացքում նրանք հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, այլ պետական պաշտոնյանների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: ԵԽԽՎ ներկայացուցիչների այցերն արդեն ավանդական են դարձել և սկզբունքորեն ձևական բնույթ ունեն: Դրա մասին է վկայում քաղբանտարկյալների տարեց տարի աճող թիվը: Այս պահին նրանց թիվը 160-ից շատ է:
Վերջին տարիներին ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ բանաձևեր է ընդունել: Մի քանի օր առաջ ևս մեկ նման բանաձև է ընդունվել Թբիլիսիում առևանգված և Բաքու փոխադրված լրագրող Աֆգան Մուխտարլիի մասին (կարդացե՛ք «Եվրախորհրդարանը սպառնում է Բաքվին. նոր բանաձև առևանգված լրագրողի և մամուլի ազատության վերաբերյալ»): Բոլոր այս բանաձևերում ադրբեջանական իշխանություններից խստորեն պահանջում են լուծել քաղբանտարկյալների խնդիրը և մարդու իրավունքների խախտումների հարցերը: Սակայն արդյունք չկա:
Չնայած իրավապաշտպանները կոչ են անում ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ գործադրել, սակայն միջազգային կառույցները խուսափում են այդ արմատական միջոցը գործի դնել: Մի քանի տարի առաջ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների նկատմամբ, որից հետո Մինսկը հարկադրված էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում վիճակը ավելի վատ է, քան Բելառուսում, ուրեմն ինչու՞ է Արևմուտքը խուսափում պատժամիջոցներ կիրառել: Ի՞նչ դեր ունի դրանում ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը (կարդացե՛ք «2,39 մլն եվրոյի կաշառքի համար քաղաքացիական հասարակությունը կոչ է անում զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից») և արժե՞ արդյոք որևէ բան ակնկալել օտարերկյա պաշտոնյաների այցից:
«ԵԽԽՎ համազեկուցողների այցից քաղբանտարկյալների հարցով որևէ առաջընթաց չեմ ակնկալում», — «Թուրան» գործակալությանը հաղորդել է իրավապաշտպան Բաշիր Սուլեյմանլին:
«Ինքս նրանց հետ չեմ հանդիպել և չգիտեմ՝ ինչ հարցեր են քննարկվել, սակայն լուրջ առաջխաղացում չեմ սպասում: Քանի որ այս հարցում միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը այնքան էլ հաշվի չի առնվում, ադրբեջանական իշխանությունները նպատակադրված չեն նրանց հետ հաշվի նստել: Եթե ուշադրության չեն արժանանում ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ինչպես նաև Եվրախորհրդի Նախարարների խորհրդի բանաձևը Իլգար Մամեդովի վերաբերյալ, ապա չեմ կարծում, որ համազեկուցողների խորհուրդները հաշվի առնվեն: Սա ուղղակի հերթական այցերից մեկն է: Նրանք պետք է հանդիպեին բոլոր կողմերին, հանդիպեցին, խոսեցին: Ադրբեջանական իշխանությունները լսեցին նրանց և կշարունակեն վարվել այնպես, ինչպես նպատակահարմար են համարում: Նման «անհնազանդության» մեջ իր դերն է խաղում նաև ԵԽԽՎ-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը: Բայց հարցն այն է, որ իշխանությունների հաշվի չեն առնում նաև այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, որոնք կոռուցպիայի մեջ ներգրավված չեն:
ԵԱՀԿ-ն որոշակի դիտարկումներ է արել ինչպես ընտրությունների, այնպես էլ քաղբանտարկյալների վերաբերյալ, Եվրախորհրդարանը մի քանի բանաձև է ընդունել: Ուղղակի միջազգային մակարդակում անարգվում է Ադրբեջանի անունը: Մեզ ամենաշատը դա է անհանգստացնում: Իհարկե, իշխանություները թքած ունեն, որ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես երկիր, որը խախտում է մարդու իրավունքները, հաշվի չի նստում իր իսկ քաղաքացիների հետ:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա մտածում են, որ Ադրբեջանի նկատմամբ դրանք չեն գործադրվում երկրի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Արևմուտքը աշխարհաքաղաքական շահերից բացի կարևորում է նաև էներգետիկ գործոնը (կարդացե՛ք «Ինչո՞վ է հետաքրքրում Ադրբեջանը Եվրամիությանը. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը»): Նման պայմաններում պատժամիջոցների հարցը օրակարգում չէ: Իհարկե ես չեմ բացառում որոշակի փուլում պատժամիջոցների կիրառությունը: Որևէ երկիր չի կարող ասել, որ իր դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի: Օրինակ հիմա ԱՄՆ կառավարությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը (կարդացե՛ք «Carthago delenda est. աշխարհաքաղաքականությունը վեր է նախագահից. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են»); Ադրբեջանի դեմ ևս ցանկացած պահի կարող են պատժամիջոցներ գործադրվել» , — շեշտել է Բ. Սուլեյմանլին:
«Նման այցեր եղել են նաև ավելի վաղ: Դրանից բացի ադրբեջանական իշխանությունները վերջին տարիների ընթացքում ջերմ հարաբերություններ են ունեցել ԵԽԽՎ ղեկավարության հետ» , — «Թուրան» գործակալությանը հայտնել է իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը: «Կազմակերպությունը Վոլոնտեի (ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտե – խմբ.) կոռուպցիոն սկանդալի պատճառով թուլացել է: Դրա համար միանշանակ խոսել քաղբանտարկյալների հարցում առաջընթացի մասին դեռ վաղ է: Սակայն միջազգային հանրությունը ադրբեջանական քաղբանտարկյալների հարցում աճող հետաքրքրություն ունի: Դրա վառ ապացույցն է մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը («Case of Afgan Mukhtarli and situation of media in Azerbaijan» — 15.06.2017): Հուսամ, թեև այն ուղղակիորեն չի հանգեցնի քաղբանտարկյալների ազատմանը, սակայն դրա ուղղությամբ հերթական քայլը կլինի:
Վերջին շրջանում Ադրբեջանում բռնությունները շատացել են. Աֆգան Մուխտարլիի առևանգումն ու փոխադրումը Բաքու, Գոզեր Բայրամլիի, լրագրողների, հավատացյալների ձերբակալությունները, դատարանների անհեթեթ վճիռները: Գտնում եմ, որ բոլոր այս անօրինությունների ֆոնին դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների արձագանքներն ադեկվատ չեն: Ադրբեջանի հանդեպ պետք է գործադրվեն կոշտ միջոցներ, կիրառվեն տարբեր պատժամիջոցներ: Պատմությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունները նահանջում են միայն իրենց վրա լուրջ ճնշման դեպքում: Գտնում եմ, որ խիստ միջոցներ չգործադրվելու դեպքում այցերով ու բանակցություններով լուրջ արդյունքների հնարավոր չէ հասնել: Այսօր Ադրբեջանը մեկ շնչի հաշվով քաղբանտարկյալների թվով առաջատարն է Եվրոպայում: Դրա համար համարում եմ, որ պատժամիջոցների ու բիրտ միջոցների ժամանակը եկել է» ,- նշել է Օ. Գյուլալիևը: