Ադրբեջանի պաշտպանության նախարարության ակամա ինքնախոստովանությունն ագրեսոր լինելու մեջ
Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ, իսկ չհաստատվածների թիվը շատ ավելի մեծ է:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում սահմանային առավել լուրջ միջադեպ գրանցվեց հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, երբ Ադրբեջանի հատուկ ջոկատայիներն Արցախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեցին, սակայն զգալի կորուստներով ետ շպրտվեցին: Բաքուն, իր պրոպագանդիստական թեզերի ոգով, ամեն կերպ փորձեց հերքել իր կողմից դիվերսիա կազմակերպելու իրողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը մեկնաբանելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց նաև կորուստներ ունենալու այդ տեղեկությունները, հավանաբար դեռ երկար ժամանակ են մտադրված իրենց զինվորների դիակները պահել հանրությունից: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց մի բան, որը ալիևյան գրաքննությունից դուրս էր մնացել, այսպես. «Ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ այլ գործոններ Հայաստանին հնարավորություն չեն տալիս Ադրբեջանին ուժեղ հարված հասնել» (ադրբեջանական «Report» տեղեկատվական գործակալություն):
Այս «ինքնավստահ» հայտարարությունն իրականում Բաքվի ինքնախոստովանությունն է, որ իրավիճակի սրման ու լարվածության աճի համար միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Եթե իրենց ենթադրությամբ հայկական կողմը բավարար ներուժ չունի ուժեղ հարված հասնելու համար, ուրեմն կձգտի պահպանել իրավիճակի հարաբերական կայունությունը, այսինքն շփման գծում տեղի ունեցող դիվերսիոն գործողություններն ու կրակի պարբերաբար ինտենսիվացումն Ադրբեջանի նախաձեռնությունն է:
Ռազմավարական տեսանկյունից ևս հայկական կողմը իրավիճակը ապակայունացնելու բացարձակ անհրաժեշտություն չունի՝ հակամարտության կռվախնձոր հանդիսացող տարածքի զգալի մեծամասնությունը հայկական ուժերի վերահսկողության տակ է, ուստի մեզ անհրաժեշտ է միայն դիվանագիտական ճանապարհով ամրագրել հաղթանակը, որը տարել ենք ռազմի դաշտում (կարդացեք. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը»):
Սեփական ագրեսիան քողարկելու համար Բաքուն դիմում է ապատեղեկատվության տարածմանը, իսկ վեր նշված անկեղծ խոստովանությունը ներքին լսարանի համար է: Այն ադրբեջանական զինուժի հզորության առասպելի ժանրից է, ինչը վերջին շրջանում հատուկ շեշտադրումներով է կիրառվում (կարդացե՛ք. «Ադրբեջանի զինուժը «50 առավել զորեղ բանակների թվում» տեսնող Իլհամ Ալիևի զառանցանքն ու իրականությունը»)
Անհիմն է մտածել, որ նման հայտարարություններով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների մոտ հնարավոր է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանն ավելի մեծ ներուժ ունի: Այստեղ Բաքուն կրկին մոռանում է, որ 1990-1994 թվակաների պատերազմի ժամանակ համամասնությամբ անհամեմատ ավելի մեծ սպառազինություն ու զորք ուներ, քան հայկական կողմը, սակայն հենց իրենք էին ստիպված Մոսկվայի միջնորդությամբ խաղաղություն աղերսել:
Եթե Ադրբեջանը վստահ լիներ իր ռազմական գերազանցության մեջ վաղուց նոր պատերազմ կսկսեր, մինչդեռ հայկական երկու պետությունների ժողովուրդն ու իշխանությունները բնավ կասկած չունեն, որ նոր առճակատման դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստների վտանգի առջև կկանգնի: