Անգելա Մերկելն ընդհանուր եվրոպական ճակատ է ձևավորում ընդդեմ Դոնալդ Թրամփի
Հուլիսի 7-8 Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի կունենա «Մեծ քսանյակի» (G20)[1] գագաթնաժողովը: Այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից՝ 1999 թվականից, ի վեր այս տարի առաջին անգամ է, որ Արևմուտքը միասնականություն չի ցուցաբերում. հստակ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև:
Դոնալդ Թրամփի պաշտոնավարման կես տարին անգամ չի բոլորել (սկսած 2017 թ. հունվարի 20-ից), սակայն արդեն իսկ նրա պատճառով ԱՄՆ-ի վարկանիշը ողջ աշխարհում և հատկապես եվրոպական երկրների շրջանում զգալիորեն ընկել է (կարդացե՛ք. «ԱՄՆ վարկանիշը զգալիորեն ընկել է Թրամփի պատճառով. «Pew Research Centre»-ի հետազոտությունը»):
Դրա պատճառները պարզ են. ԱՄՆ նախագահի ամբարտավան կեցվածքն է այլ երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ և արմատական «մեծապետական» հայտարարությունները:
Եվրոպական դաշնակից երկրերի հետ հաշվի նստել պարտադրելու «օպերացիայի» դրոշակակիրը հանդես է գալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում համար «Քսանյակի» գագաթնաժողովը հենց նման հնարավորություն է:
Հունիսի 29-ին ելույթ ունենալով ԳԴՀ խորհրդարանում՝ Մերկելը հստակ հայտարարեց, թե ինչ նպատակներով ու շեշտադրումներով է հանդես գալու գագաթնաժողովի ընթացքում:
Առանցքային հարցերից մեկը վերաբերում է կլիմայական փոփոխությունների խնդրին: Թրամփի նախաձեռնությամբ ԱՄՆ-ը դուրս է եկել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Դրա կապակցությամբ Բունդեսթագում Մերկելը շեշտել է. «Մենք չենք կարող ու չենք սպասի, մինչև Երկրագնդի վերջին մարդը հավատա կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գիտական տվյալներին… Այն բանից հետ, երբ Միացյալ Նահանգները հայտարարեցին համաձայնագրից դուրս գալու մասին, պետք չէ ակնկալել, որ Համբուրգում հեշտ բանակցություններ կլինեն: ԱՄՆ-ի հետ տարաձայնություններն ակնհայտ են և երեսպաշտություն կլինի դրանք չնչին ներկայացնել»:
Գերմանիայի հիմնական մեսիջն այն էր, որ աշխարհում առաջացած խնդիրներն որևէ երկիր չի կարող միայնակ լուծել: Կանցլերը նշել է. «Ով մտածում է, որ այս աշխարհի խնդիրները կարելի է լուծել իզոլացիոնիզմի ու պրոտեկցիոնիզմի միջոցով, մեծ սխալ է թույլ տալիս»:
Իհարկե այս խոսքերը ևս ուղղված էին Թրամփին: Վերջինիս պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վերաբերում է ամերիկյան մաքսային դրույքաչափերի վերանայմանը, մինչդեռ Մերկելը ցանկանում է ԱՄՆ-ի հետ ապահովել ազատ առևտրային հարաբերություններ ու դեմ է մեկուսացմանը:
Անգելա Մերկելն նաև հայտարարել է. «Ես իմ առջև նպատակ եմ դրել՝ G20-ի գագաթնաժողովը պետք է ցույց տա այն վճռականությունը, որով պետությունների ու կառավարությունների ղեկավարները ի ցույց կդնեն, որ նրանք հասկացել են, թե ինչպիսի պատասխանատվություն կա իրենց ուսերին աշխարհի ճակատագրի համար և որ նրանք պատրաստ են այն ստանձնել»:
Նրա խոսքերով՝ օրինակը ցույց է տալիս միասնական Եվրոպան, որը կարողացել է հաղթահարել ճգնաժամային երևույթները և այժմ Գերմանիայի ղեկավարի շեշտադրմամբ. «Առաջ է գնում մեր ժամանակի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ և նորից լավատեսությամբ նայում է դեպի ապագա»: Կանցլերի գնահատականով եվրոպական միասնականության ոգին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո միայն ամրապնդվել է:
Ըստ երևույթին Մերկելը ցանկանում է եվրոպական երկրներին միավորել մեկ ընդհանուր օրակարգի շուրջ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու համար: Այդ նպատակով հունիսի 29-ին Մերկելը խորհրդակցություններ անցկացրեց «Քսանյակի» անդամ եվրոպական քառյակի (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա) և իր կողմից գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստացած Իսպանիայի, Նիդերլանդների ու Նորվեգիայի ղեկավարների հետ:
Սակայն որքանո՞վ է հնարավոր ԱՄՆ-ի դեմ օրակարգային միասնական ճակատով հանդես գալ: Մերկելը կարող է ապավինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն հստակ հասկանում է, որ Մեծ Բրիտանիան առանցքային հարցերում երբեք ԱՄՆ-ին դեմ չի գնա: Նույնպիսի ատլանտիստական դիրքորոշում ունի նաև Նորվեգիան:
Ստացվում է՝ որքան էլ Եվրոպան միասնական լինի, կան ուժեր, որոնք այնուամենայնիվ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության «դաշնակիցներն» են, ու նման «անհուսալի» դերակատարներին ներառելով «հակաթրամփյան ալյանսի» մեջ՝ Մերկելն իրականում ցույց է տալիս փոխզիջումային ճանապարհը: Ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացում չի լինի, եթե Վաշինգտոնը պատրաստակամություն հայտնի համաձայնության գալու իր եվրոպական «դաշնակիցների» հետ:
[1] «Քսանյակի» անդամ երկրներն են ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան, Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ու Ավստրալիան: