Չբարձրաձայնվող պայմանավորվածություններ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումից առաջ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ կհանդիպի ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ Համբուրգում (հուլիսի 7-8): Հանդիպում, որն ուրվագծելու է առաջիկա տարիներին գլոբալ քաղաքական գործընթացների տրամաբանությունը:
Մեկ շաբաթ անց ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում կլինի այն իրողությունը, թե ինչպիսին կլինի Պուտինի և Թրամփի հանդիպումը՝ սկսած ձեռքսեղմումից մինչև խնդրահարույց հարցերի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներ (արևմտյան պատժամիջոցներ, ուկրաինական հիմնախնդիր, ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք, հակերային հարձակումներ, սիրիական պատերազմ, մերձավորարևելյան ճգնաժամ, միջազգային ահաբեկչություն և այլն):
Թեև ամերիկյան Սպիտակ տունը հայտարարում է, որ հանդիպումն օրակարգային հարցեր չի պարունակում, այսինքն նախագահները կխոսեն այն հարցերի շուրջ, ինչ ցանկանան, սակայն գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստն իսկ իրենից բազմաբովանդակ օրակարգ է ենթադրում:
Պուտինը զգալի ակնկալիքներ ունի ԱՄՆ նախագահից (կարդացե՛ք. «Ի՞նչ է ակնկալում Պուտինը Թրամփից»), իսկ ԱՄՆ նախագահն «աշխարհի հզորների» շարքում իր տեղն ամրապնդելու խնդիրն ունի, առավել ևս այն պայմաններում, երբ հարցականի տակ է դրված եվրոպական իր դաշնակիցների անվերապահ աջակցությունը (կարդացե՛ք. «Անգելա Մերկելն ընդհանուր եվրոպական ճակատ է ձևավորում ընդդեմ Դոնալդ Թրամփի»), մյուս կողմից Թրամփը ռուսամետ դիրքորոշում ունենալու քննադատությունները փարատելու խնդիր ունի: Մի խոսքով՝ համաձայնության ու տարաձայնության նախադրյալներն ակնհայտ են:
Սակայն նախքան նախագահների հանդիպումը փորձ է արվում լուծել հնարավոր անհամաձայնությունների խնդիրը: Այսպես՝ հունիսի 29-ին տեղի ունեցավ ԱՄՆ և ՌԴ նախագահների կողմից քննարկվելիք հարցերի օրակարգը որոշող մեկ այլ հանդիպում. Վլադիմիր Պուտինն Կրեմլում ընդունեց ամերիկյան քաղաքագետ, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին, ով, ըստ հայտարարությունների, մեկնել էր Ռուսաստան «Պրիմակովյան ընթերցանություն» միջազգային ֆորումին մասնակցելու համար (հունիսի 29-30):
Թեև պաշտոնապես հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ ոչինչ չի բարձրաձայնվում (սովորաբար որոշիչ հանդիպումների ու պայմանավորվածությունների բովանդակությունը մամուլի համար հրապարակային չեն դարձնում), սակայն կարելի է ենթադրել, որ 94-ամյա Քիսինջերը զուր տեղը չէ, որ հանդիպում է ՌԴ նախագահին, իսկ նշված ֆորումին մասնակցությունը միայն առիթ է:
Քիսինջերը՝ որպես ամերիկյան աշխարհաքաղաքականության առանցքային գաղափարախոս, Պուտինի հետ բազմաթիվ հարցերում հստակություն մտցնելու խնդիր ունի: Կարող ենք վստահ լինել, որ Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ նախագահները կառաջնորդվեն այն տրամաբանությամբ, որը բխում է քիսինջերյան պայմանավորվածություններից: