Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնում է նոր ստագնացիոն շրջափուլ
Հունիսի 30-ին Հայաստանի Հանարպետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, որ չի կբացառում, որ հուլիսին հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Հանդիպման հավանականության մասին հայտարարել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
Նախատեսվող բանակցություների տրամաբանությունն ավելի հստակ հասկանալու համար ներկայացնենք վերջին մեկուկես ամսվա ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում տեղ գտած հիմնական զարգացումները:
Այսպես՝ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում շեշտվում էր մայիսի 15-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Սա կոնկրետ անվանական մեղադրանք էր Բաքվի հասցեին:
Դրանից հետո միջնորդները ժամանեցին տարածաշրջան՝ հունիսի 10-ին Երևան, ապա հունիսի 12-ին մեկնեցին Ստեփանակերտ և տարածաշրջանային այցը եզրափակեցին հունիսի 19-ին Բաքվում (կարդացե՛ք. «Արցախյան հակամարտության ստատուս-քվոյի վերանայման հավանականությունը»):
Այդ նույն ժամանակահատվածում Բաքուն բանակցային գործընթացի կարևորությունը կասկածի տակ դնելու և համանախագահների հանդեպ «դիվանագիտական դեմարշ» իրականացնելու համար «ջանասիրաբար» զորավարժություններ էր անցկացնում (կարդացե՛ք. «Բաքուն Մինսկի խմբին պատասխանում է լայնամասշտաբ զորավարժություններով». ադրբեջանական լրատվական գործակալության անդրադարձը»):
Իսկ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի առաքելությունն ամբողջությամբ զրոյացնելու համար հունիսի 21-22-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց, սակայն զգալի կորուստներով ետ շպրտվեց: Ռազմի դաշտում սեփական անզորությունը քողարկելու համար Բաքուն պաշտոնական ամենաբարձր մակարդակով սկսեց ապատեղեկատվություն տարածել իր «ազդեցիկ ռազմական ներուժի» մասին (կարդացե՛ք. «Ադրբեջանի զինուժը «50 առավել զորեղ բանակների թվում» տեսնող Իլհամ Ալիևի զառանցանքն ու իրականությունը»): Նման կեցվածքը որևէ ձևով չի նպաստում բանակցությունների առաջընթացին:
Այսպիսի նախադրյալների պայմաններում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են հանդիպել: Այդ հանդիպումից նշմարելի արդյունք ակնկալել բնավ պետք չէ, այն ավելի շուտ լինելու է «բանակցություններ հանուն բանակցությունների», որոնք անհրաժեշտ են ոչ այնքան հիմնախնդրին փոխզիջումային լուծում գտնելու, այլ հարաբերական զինադադարը պահպանելու համար, թեև Ադրբեջանն ուխտադրուժ քաղաքականությամբ բազմիցս բանակցություններից առաջ և դրանց ընթացքում սահմանային լարվածության աճի գործողություններ է նախաձեռնում:
Արցախյան հիմնախնդիրը կքննարկվի նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Աթենքում, որին կմասնակցեն Մինսկի խմբի անդամները և խաղաղարար գործընթացի մասնակից կողմերը: Այս ձևաչափով բանակցություններից ևս որևէ տեղաշարժ ակնկալելն անհիմն է:
Հակամարտության կարգավորման առավել գործուն մեխանիզմը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումն է, իսկ առարկայական առաջընթացը ենթադրում է երկարատև ժամանակահատված: Մինչդեռ երկու երկրների ներքին քաղաքական գործընթացներն առայժմ այդ հնարավորությունը չեն տալիս:
Նախ Հայաստանն անցումային փուլում է, երկիրը կիսանախագահականից անցում է կատարու խորհրդարանական համակարգի, 2018 թվականի ապրիլից հետո միայն պարզ կլինի, թե ով է լինելու բանակցային գործընթացի առաջամարտիկը (ՀՀ վարչապետը), ով և կկարողանա ստանձնել բանակցությունների վարման առանցքային պատասխանատվությունը:
Իսկ Ադրբեջանում 2018 թվականի հոկտեմբերին են լինելու նախագահական ընտրություններ, այսինքն մինչև այդ ժամկետի ավարտը բանակցային գործընթացում նշանակալի տեղաշարժ չի արձանագրվի, իսկ հնարավոր բանակցությունները կլինեն միայն խաղաղության պահպանման շեշտադրումներով:
Այդպիսով՝ կարող ենք շեշտել, որ այս պահին ստատուս-քվոն ձեռնտու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին: