ԱՄՆ – Ադրբեջան տնտեսական հարաբերություններն ու դրանց քաղաքական ենթատեքստը
ԱՄՆ և Ադրբեջանն իրենց տնտեսական ներուժով և ընդհանրապես երկու երկրների կշիռով անհամեմատելի են: ԱՄՆ-ը թիվ մեկ տերությունն է աշխարհում, իսկ Ադրբեջանը նորանկախ նախկին խորհրդային հանրապետություն: Այս երկրների միջև ցանկացած տիպի հարաբերությունները, այդ թվում նաև տնտեսական, կարող են լինել միայն հիերախիկ բնույթի:
Երբ խոսում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների մասին, պետք է նախևառաջ հասկանանք, թե ինչ ասել է «երկու երկրների տնտեսական հարաբերություններ»: Այդ հասկացությունը առանձնացված չէ մնացյալ հարաբերություններից (մասնավորապես քաղաքական), այսինքն նման տարբերակով տարանջատումն իսկ որոշակի պայմանական մոտեցում է ենթադրում: Ուստի մենք հասկացությունը կդիտարկենք երկու` լայն և նեղ ընկալմամբ:
Նեղ իմաստով` զուտ տնտեսական բաղադրամասը ենթադրող ու զուտ միայն իրավաբանորեն ֆիկսված հարաբերությունների մասին ԱՄՆ պետքարտուղարության կայքում նշված է. «Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն ունեն երկկողմ առևտրային համաձայնագիր և երկկողմ ներդրումային պայմանագիր: Ամերիկյան կազմակերպությունները ներառված են Ադրբեջանի հետ նավթային ոլորտի զարգացման օֆշորային նախագծերի մեջ և հետազոտում են ներդրումային հնարավորությունները Ադրբեջանում` հեռահաղորդակցության և այլ ոլորտներում: Ադրբեջանը դիտարկվում է որպես թիրախային երկիր Նախընտրությունների գեներացված համակարգ (GSP, գործում է 2008 թվականից) կոչվող ծրագրում, համաձայն որի Ադրբեջանի մի շարք ապրանքներ կարող են արտահանվել Միացյալ Նահանգներ ազատ ռեժիմով: Այս համակարգը հնարավորություն է տալիս ներդրողներին արտադրանք տալ Ադրբեջանում և ընտրված ապրանքները ազատորեն արտահանել ԱՄՆ-ի շուկա»[1]:
Ավելին քան ակնհայտ է, որ նման ձևակերպումն իր մեջ ոչ մի առանձնահատուկ շեշտադրումներ չի պարունակում, ոչ մի մեծ կարևորություն ունեցող դրույթ չունի: Միայն այն հանգամանքը, որ երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությունը չափազանց մեծ է, բավական է, որ նույն այս տնտեսական արտոնություն նշվածն արդյունավետություն չունենա: Տնտեսական իմաստով այս հարաբերությունները զուտ դեկլարացիոն բնույթի են:
ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի ընդգրկուն են աշխարհագրորեն: ԱՄՆ-ին հետաքրքրում է Հարավային Կովկասն ամբողջությամբ, այդ համատեքստում էլ՝ Կասպիան էներգետիկ ռեսուրսները: ԱՄՆ-ի հիմնական նպատակադրություններն են նախ մուտք ունենալ ադրբեջանական նավթի ու գազի պահուստներին, և երկրորդ հնարավորություն ունենալ մասնակցելու այդ ռեսուրսներն արևմտյան շուկա տեղափոխել: Իսկ սա ենթադրում է ոչ միայն ու ոչ այնքան տնտեսական շահավետություն, որքան աշխարհաքաղաքական: Մի կողմից ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում հարվածել Ռուսաստանի Դաշնության շահերին, մյուս կողմից էլ վերահսկել Եվրոպական Միության երկրների` մասնավորապես Գերմանիայի ու Ֆրանսիային էներգետիկ անվտանգության այլընտրանքները: Սակայն նույն այս նպատակներին ճանապարհին ԱՄՆ-ը հաճախ գործում է ոչ իր ձեռքերով, տվյալ դեպքում բրիտանական կազմակերպությունները շատ ավելին են անում: Այսինքն մեր հետազոտության նյութը ավելի է ընդլայնվում, քանի որ ներառում է ոչ միայն ԱՄՆ-ի պետական շահերը, այլև ներառում է մի շարք այլ արևմտյան վերազգային դերակատարների շահագրգռվածությունը:
Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն հովանավորում էր նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի շինարարությունը, որի հիմնական նպատակն էր Կասպիան հումքը հասցնել մինչև Միջերկրական ծով[2]: Գազամուղի շինարարություն վերջնականապես ավարտվեց 2006 թվականին, այն առաջին նախագծերից էր, որը Կասպիան հումքը արտահանում էր Արևմուտք` շրջանցելով Ռուսաստանը:
Այսօր իսկ օրակարգում է մեկ այլ գազամուղի շինարարությունը, երկար ժամանակ նախատեսվում էր կառուցել մի քանի հազար կիլոմետր երկարությամբ գազամուղ «Նաբուկո» («Նաբուկո-Վեստ») անվանմամբ, սակայն 2013 թ. պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր Վերանատոլիական գազամուղի կառուցման վերաբերյալ, որի ավարտը պլանավորվում է մինչև 2020 թվականը: Այս գազամուղի գործառնման մեջ ևս ներգրավված են այն վերազգային արևմտյան կորպորացիաները, որոնք շատ դեպքերում ապահովում են ԱՄՆ-ի աշխարհատնտեսական շահերը[3]:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների հստակեցման համար անհրաժեշտ է անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերություններին ևս: Ըստ էության Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում հետզհետե ավելացան աշխարհաքաղաքական դերակատարների քանակը, իսկ ԱՄՆ-ն որպես ժամանակի միակ գերտերություն, իր աշխարհաքաղաքական հաշվարկներում որոշակի տեղ հատկացրեց նաև այս տարածաշրջանին: 1990-ական թվականների սկզբում ԱՄՆ գործողությունների հիմնական տրամաբանությունը հիմնված էր հետևյալ սկզբունքի վրա. «որքան ինքնուրույն և դեմոկրատական են Հարավային Կովկասի երկրները, այնքան քիչ է հավանականությունը, որ նրանք կընկնեն Ռուսաստանի ազդեցության տակ»[4]: Հարավային Կովկասի երկրներից ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունեին Ադրբեջանի հետ հարաբերությունները և ազդեցությունն այդ երկրի վրա: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հիմնական գաղափարախոս, քաղաքական խորհրդատու Զբիգնև Բժեզինսկին գտնում էր, որ Ադրբեջանը Եվրասիայի հինգ կարևոր աշխարհաքաղաքական կենտրոններից մեկն է, ինչ և փորձ է արվում իրականացնել որպես երկրի արտաքին քաղաքական, ինչպես և տնտեսական քաղաքականության հիմք:
Սակայն ԱՄՆ-ի ամիցիաները հակադարձ համեմատական են Ռուսաստանի շահերին նույն տարածաշրջանում: Վաշինգտոնը փորձում է դիմել «փափուկ ուժ» (Soft power) ռազմավարությանը, որը առավել արդիական էր նախագահ Բիլ Քլինթոնի կառավարության տարիներին:
Ինչպես հետխորհրդային մնացած երկրներում, այնպես էլ Ադրբեջանում, ԱՄՆ-ն փորձում էր հաստատել դեմոկրատական կարգեր և մեծացնել հետաքրքրությունը ամերիկյան կենսաձևի նկատմամբ, դրանով իսկ հաղթանակ տանելով ռուսական այլընտրանքի նկատմամբ: 1992 թ. հոկտեմբերին ամերիկյան Կոնգրեսը որդեգրեց «Ազատ Ռուսաստանի և եվրասիական ծագող ժողովրդավարություններին օժանդակություն ցույց տալու քաղաքականություն»: Ի դեպ Միացյալ Նահանգներն իր տարեկան բյուջեի շուրջ 1 տոկոսը ծախսում է այլ երկրներին օժանդակության գործերով, այդ մեխանիզմը վերահսկվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով[5]:
Ադրբեջանն այն եզակի երկրներից էր, որը նշված քաղաքականության արդյունքում 1990-ականների սկզբներին ֆինանսական որևէ օժանդակություն չստացավ` Հայաստանին շրջափակելու պատճառով: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նկատմամբ կիրառվում էր 907 սանկցիան, որով արգելվում էի որևէ ուղղակի ֆինանսական աջակցություն Ադրբեջանին[6]:
Ամերիկյան գումարներն Ադրբեջանում հայտնվեցին ներդրումների տեսքով: Այդ ժամանակշրջանում Ադրբեջանը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ԱՄՆ-ի համար հատկապես իր նավթագազային պաշարների պատճառով: Ամերիկյան վերազգային կազմակերպությունները նույնիսկ միացան 1994 թ. կնքված «Դարի գործարքին»: Այսօր «Դարի գործարքը» ալիևյան կլանի հպարտության առարկան է դարձել[7]:
ԱՄՆ-ն ցանկանում էր Հայաստանին և Ադրբեջանին ներառել միասնական էներգետիկ նախագծերում` վերջ տալու հակամարտությանը: Սակայն Հայաստանը դուրս մնաց ռեգիոնալ մի շարք կարևոր նախագծերից’ վճարելով Ռուսաստանի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունները պահելու գինը: ԱՄՆ-ի համար կարևորվեց Ադրբեջան-Վրաստան տանդեմը, արդյունքում Բաքու-Թբիլիս-Ջեհյան նավթամուղը շրջանցեց Հայաստանը:
Կոշտ ուժի (Hard power) ռազմավարությանն անցում կատարվեց Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության շրջանում: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ամերիկյան արտաքին քաղաքականությունն էականորեն փոխվեց: Բուշը հռչակեց «ահաբեկչության դեմ պատերազմի» ռազմավարություն:
Հարավային Կովկասի հարակից երկրներում` Իրաքում, Աֆղանստանում պատերազմներ սկսվեցին, որի պատճառով մեծացավ Ադրբեջանի դերը` որպես տրանզիտային գոտի: Սկսվեցին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտի վերաբերյալ համագործակցության բանակցությունները: Ադրբեջանի կարևորությունն այնքան մեծացավ ԱՄՆ-ի համար, որ Բուշը չեղյալ հայտարարեց մինչ այդ կիրառվող 907 սանկցիան: Ադրբեջանը միացավ Միջազգային անվտանգությանն աջակցող զորքերին և խաղաղապահներ ուղարկեց Իրաք և Աֆղանստան:
2005 թ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Ռինո Հարնիշը հայտարարեց, որ ԱՄՆ պատարաստվում է երկու ռադար տեղակայել Ադրբեջանում, մեկը Աստարայում` Իրանի հետ սահմանի մոտակայքում, իսկ մյուսը Ռուսաստանի հետ սահմանամերձ գոտում: Այսպիսով, ԱՄՆ փորձում էր կապել Կենտրոնական Եվրոպայում և Հարավային Կովկասում տեղեկայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերը և «անվտանգության վահան» ստեղծել Կասպից ծովից մինչև Բալկաններ: Այս ամենը շատ սուր քննադատության արժանացավ Ռուսաստանի և Իրանի կողմից:
ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը նվազեց 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, երբ ԱՄՆ լուռ դիտորդի դերում մնաց: Այդ ամենից հետո Ադրբեջանը ավելի զգուշավոր քաղաքականություն սկսեց վարել Ռուսաստանի նկատմամբ` վախենալով, որ Վրաստանին հնարավոր պարտության դեպքում նա կփորձի տարածաշրջանում ուժային բալանսը վերականգնի ի հաշիվ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերվելիք հաջողությունների:
Իրավիճակը փոխվեց Բարաք Օբամայի նախագահ դառնալով: Խելացի ուժի (Smart power) ռազմավարությունը մինչ այժմ կիրառվում է ԱՄՆ-ի կողմից: Այն նախատեսում է նախորդ երկու ռազմավարությունների զուգակցում: Սակայն ԱՄՆ-ի կողմից անփոփոխ է մեկ կարևոր սկզբունք. տարածաշրջանում պետք է խաղաղություն և կայունություն լինի: Ածխաջրածնային հումքի արտահանման համար դա կատեգորիկ իմպերատիվ է:
Սակայն ԱՄՆ-ը հասկանում է, որ առանց Արցախյան հակամարտության լուծման տարածաշրջանում երկրատև խաղաղություն չի լինի, այսինքն նաև առկախված կմնան գազամուղերի ճակատագրերը: Հաշվի առնելով Ադրբեջանական Հանրապետության վրա Թուրքիայի զգալի ազդեցությունը Օբամայի նախագահությունը մեկնարկեց հենց այս վեկտորով հարցը կարգավորելու մոտեցմամբ: ԱՄՆ-ն մեծ շահագրգռվածություն էր ցուցաբերում Թուրքիա-Հայաստանի հարաբերությունների լավացման կապակցությամբ, սակայն ընդհակառակը Ադրբեջանը անվստահությամբ մոտեցավ դրան և հենց Ադրբեջանի ջանքերով էլ հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեցին:
ԱՄՆ-ի համար նախկին Վրաստան-Ադրբեջան տանդեմը փոխարինվեց Հայաստան-Թուրքիա գործընկերությամբ: Այդ ընթացքում երկու երկրների հարաբերություններն այնքան են սրվում, որ Բարաք Օբաման չի հրավիրում Իլհամ Ալիևին Միջուկային անվտանգության գագաթնաժողովինին, որին հրավիրված էին Հայաստանի և Վրաստանի նախագահները, իսկ Բաքուն էլ չեղյալ է հայտարարում Ադրբեջանում ԱՄՆ-ի զորքերի հետ կայանալիք զորավարժությունները: Շուրջ մեկ տարի Ադրբեջանում չէր նշանակվում ԱՄՆ-ի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ: Հարաբերությունների մեջ փոփոխություն նկատվեց միայն 2010 թ. ամռանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս այցի շրջանակներում եղավ նաև Բաքվում: ԱՄՆ-ն հասկացրեց Բաքվին, որ պետք է հետագայում ևս աջակցություն ցուցաբերի` կապված Աֆղանստանի հետ[8]:
Ներկայումս երկու երկրների հետ հարաբերություններում կրկին որոշակի լարվածություն է նկատվում: Ադրբեջանական կառավարությունը մեղադրում է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտ կազմակերպությանը (National democratic institute) հակապետական շարժումներ հրահրելու և ընդդիմադիրներին աջակցություն ցույց տալու մեջ: Իսկ ամերիկյան կառավարությունը պարբերաբար քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և ժողովրդավարության ցածր մակարդակը: Թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նոր նախագահ Դոլանդ Թրամփը Բաքվի նկատմամբ, դեռ հստակ չէ:
Այնուամենայիվ, պետք է փաստել, որ որքան էլ այս երկու երկրների հարաբերություններում լարվածություն նկատվի, կան որոշակի պրագմատիկ շահեր, որոնք ստիպում են ԱՄՆ-ին աչք փակել որոշ երևույթների վրա: Դրանցից հարկ է առանձնացնել հետևյալները.
- Ադրբեջանն շիա մուսուլման երկրներ է, որն ունի պրոարևմտյան դիրքորոշում և դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ:
- Ադրբեջանը տարանցիկ երկիր է, որով կարելի է իրականացնել էներգետիկ որոշ նախագծեր:
- Ադրբեջանը սահմանակցում է Իրանի և Ռուսաստանի հետ և հնարավոր պատերազմի դեպքում կարող է ծառայել, որպես ամերիկյան ռազմաբազաների տեղակայման վայր:
- Իրանի ադրբեջանական համայնքը, ըստ արևմտյան վերլուծաբանների կարող է ազդեցություն ունենալ Իրանի վրա[9]:
[1] U.S. Relations With Azerbaijan, Bureau Of European And Eurasian Affairs, Fact Sheet
September 10, 2013, Bilateral Economic Relations // ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայք http://www.state.gov/r/pa/ei/bgn/2909.htm
[2] Մանրամասն տե’ս Bülent Gökay. The Politics of Caspian Oil, Palgrave Macmillan, 2001, էջ 195:
[3] Socor, Vladimir (2012-06-27). “Aliyev, Erdogan Sign Inter-Governmental Agreement on Trans-Anatolia Gas Pipeline to Europe”. Eurasia Daily Monitor 9 (122) (Jamestown Foundation), http://www.jamestown.org/programs/edm/single/?tx_ttnews%5Btt_news%5D=39545&tx_ttnews%5BbackPid%5D=27&cHash=2e9f386bf569ef7ea670cde5a5c3784c#.UqxFqNIW1QE
[4] ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նկրտումների մասին, մասնավորապես Եվրասիական Բալկաններում Ադրբեջանի դերի մասին տե’ս Zbigniew Brzezinski, The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives, 1998:
[5] Գործակալության կողմից Ադրբեջանում ֆինանսավորված ծրագրերի մասին տե’ս http://www.usaid.gov/azerbaijan
[6] Heather S. Gregg Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States. — Inter-University Committee on International Migration, 2002. էջ 22:
[7] «Դարի գործարքի» մասին տե’ս Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում http://en.president.az/azerbaijan/contract/
[8] http://www.times.am/?p=24842&l=am
[9] Նույն տեղում: