Ռուսաստան-Ադրբեջան թիրախային պատերազմն ու Արցախյան հակամարտության գործոնը
ՊԱՅՔԱՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ.
Օգոստոսի 21-ին Լիտվայի Կլայպեդա նավահանգստային քաղաքի գազային տերմինալ հասավ ամերիկյան հեղուկ բնական գազի առաջին տանկերը (նավը): Հաջորդը տանկերը կժամանի արդեն սեպտեմբերի կեսերին, այդ մասին հայտնել է լիտվական «Lietuvos energija» ընկերության գլխավոր տնօրեն Դալյուս Միսյունասը: Վերջինս նաև նշել է, որ ամերիկյան հեղուկ գազը Լիտվայի համար ավելի էժան է արժեցել, քան Գազպրոմինը, սակայն նա չի շտապել կանխատեսում անել, թե ռուսական գազը կարող է դուրս մղվել շուկայից:
Եվրահանձնաժողովի տվյալներով 2017 թվականի առաջին եռամսյակում Լիտվան Ռուսաստանից գազը գնել է 1000 խմ—ի համար 180 դոլար գնով: Եթե ամերիկյան հեղուկ բնական գազը վաճառող «Cheniere» ընկերության և լիտվական «Lietuvos Duju Tiekimas» ընկերության միջև պայմանագիրը ստորագրվեր ձմռանը ամերիկյան գազը 40 տոկոսով ավելի բարձր կլիներ՝ 1000 խմ-ի համար 254 դոլար, իսկ այժմ պաշտոնապես չի բարձրաձայնվում, թե Վիլնյուսն ինչ գնով է ձեռք բերում ամերիկյան գազը:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հունիսի վերջերին հայտնել էր, որ հեղուկ բնական գազն ի համեմատություն խողովակաշարային գազի եվրոպական շուկայի համար մրցունակ չէ և չի լինի: Թեև արդեն իսկ 2016 թվականից, երբ ամերիկյան հեղուկ բնական գազի առաջին տանկերը ժամանեց Եվրոպա, արդեն մրցակցությունն ակնհայտ դարձավ: Նույն «Գազպրոմի» կորպորատիվ տեղեկագրերից պարզ է դառնում, որ ներկայում Եվրոպայի գազային տերմինալների հզորությունը կազմում է տարեկամ մոտ 220 մլրդ խմ, մինչդեռ 2016 թվականին գործարկվել է միայն 50-55 մլրդ խմ գազ, իսկ մնացյալ հզորության օգտագործումը բավարար է ռուսական գազային մատակարարումներից ամբողջությամբ հրաժարվելու համար:
ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ.
Ռուսական «Գազպրոմի» մրցակցությունը միայն հեղուկ բնականի գազի մատակարաններով չի սահմանափակվում: «Հյուսիսային հոսք-2» գազամուղից (2019 թ. – 55 մլրդ խմ հզորությամբ) և «Թուրքական հոսքի» երկու խողովակաշարերից (2019 թ. – 33 մլրդ խմ) բացի այժմ ընթանում նաև Վերանատոլական՝ «TANAP», (2018 թ. — 16 մլրդ խմ) և դրա շարունակությունը հանդիսացող Վերադրիատիկ՝ «TAP», (10 մլրդ խմ) գազամուղերի կառուցումը: Քննարկվում է նաև «TAP»-ից դեպի հյուսիս՝ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպա, այլ գազային միջանցք ձևավորելու միտքը: 2023 թվականին նախատեսվում է «TANAP»-ի հզորությունը հասցնել տարեկան մինչև 23 մլրդ խմ-ի: Դրա համար ռեսուրսային բազա պետք է դառնա ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրը:
Լեհաստանը ռուսական գազին այլընտրանք է համարում նորվեգիական «Baltic Pipe» գազամուղը, որը կարող է շահագործման հանձնվել արդեն իսկ 2022 թվականին:
Այդպիսով 2023 թվականին Եվրոպայում նորակառույց գազամուղերի ընդհանուր հզորությունը կկազմի 120 մլրդ խմ: Սակայն կա արդյոք այդքան պահանջարկ, այս հարցում կանխատեսումներն բավարար լավատեսական չեն՝ հաշվի առնելով նաև էներգաարդյունավետության բարձրացման ու վերականգնվող էներգետիկայի անցման եվրոպական քաղաքականության միտումները:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ.
Եվրոպական շուկային գազային մատակարարումների գերակա դիրքը պահելու համար «Գազպրոմը» հարկադրված կլինի ճկուն բանակցությունների մեջ մտնել, այդ պայմաններում նրա հիմնական կռվանը ռուսական գազի ցածր ինքնարժեքն է: Սակայն եթե համապատասխան պայմանագրեր չկնքվեն, կառուցվող խողովակաշարերի կարևորությունը զրոյանում է: Այսպես, օրինակ, դեռ «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով գազի մատակարարումների վերաբերյալ որևէ պայմանագիր չի կնքվել, սակայն պարզ է, որ այն լուրջ մրցակություն մեջ կմտնի առաջնահերթ «TANAP» նախագծի հետ:
Բացառված չէ, որ «Գազպրոմը» աճուրդների ժամանակ գնի «TAP» գազամուղի որոշակի փաթեթ, սակայն դա ևս իրեն չի ապահովագրում:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ.
Մոսկվայի ակնկալիքն այն է, որ Շահ Դենիզ հանքավայրից գազի մատակարարումները կարող են խոչընդոտների բախվել կապված աշխարհագրական յուրահատկությունների հետ, իսկ մյուս կողմից «TANAP» խողովակաշարով գազի տեղափոխությունը մինչև Թուրքիայի արևմտյան սահման բավականին թանկ կարժենա՝ մոտ 70 դոլար 1000 խմ-ի համար:
Եվրոպակական էներգետիկ թիրախային շուկայի համար Ադրբեջանի հետ «պատերազմում» Ռուսաստանի ամենաուժեղ խաղաքարտը Ղարաբաղյան չլուծված հակամարտությունն է, արցախյան շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին հնարավոր ռազմական գործողությունները կարող են երկար ժամանակով կանգնեցնել դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները: Ադրբեջանական էներգետիկ խողովակաշարերը հայաստանյան սահմանից շատ մոտ են անցում և անգամ ոչ հեռահար հրետանիով հնարավոր է խոցել դրանք: Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, հասկանալի է դառնում, որ սա Կրեմլի հաղթաթուղթն է, որն ըստ անհրաժեշտության կարող է գործի դրվել: