Ինչպես է դոլարը պահպանում իր գերակայությունը. արտարժույթների «չարյաց փոքրագույնը». The New Yorker
Ներկայացնում ենք ամերիկյան «The New Yorker» պարբերականի «How the Dollar Stay Dominant» հոդվածը:
Ամերիկյան դոլարի համար շուրջ 140 տարի թուղթ է արտադրում «Crane Currency» ընկերությունը, որը մի շարք պաշտպանիչ միջոցներ է ներդրել, որպեսզի դոլարը կեղծելը բավականին խրթին լինի: Այժմ ընկերությունը նաև տասնյակ այլ երկրների համար է թղթադրամ արտադրում:
Իրողություն է այն, որ ԱՄՆ դոլարը հազվադեպ է կեղծվում: Այժմ շրջանառության մեջ է գտնվում տրիլիոնից ավելի դոլար, 2016 թվականին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը բռնագրավել է միայն մոտ 64 մլն դոլարի կեղծ թղթադրամներ, որի կեսը արտադրվել է Պերուում: Իհարկե հասկանալի է, որ սա չնչին թիվ է:
Կեղծ թղթադրամներ արտադրողների դեմ պայքարելու համար շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան դրանց հասցված վնասներն են, սակայն այդ պաշտպանական միջոցները ավելի շուտ հոգեբանական նշանակություն ունեն: Թղթադրամները վստահության կարիք ունեն. գումարի ամենակարևոր գաղտնիքը այն է, որ դրա արժեքը բխում է մարդկանցից, այսինքն մարդիկ հավատում են, որ մյուսներն էլ կհավատան դրանց արժեքին: Թղթադրամի մշտական կատարելագործումը երաշխիք է տալիս, որ փողը պահպանում է իր արժեքայնությունը երկար ժամանակով:
Այլ երկրներում տարադրամի նկատմամբ այդ ամուր հավատը երբեմն վերանում է: Ամենահայտնի դեպքերից էին Գերմանիայի Վեյմարյան հանրապետությունը, ավելի ուշ Զիմբաբվեն, Իրաքը և Բրազիլիան: Պատմության մեջ ամենամեծ արժեզրկումը գրանցել է հունգարական պենգեն: Եթե 1944 թ. մեկ դոլար արժեր 33 պենգե, ապա երկու տարի անց՝ 460 սեպտիլիոն:
Սակայն դոլարը զարմանալիորեն կայուն է: 10 տարի առաջ լուրջ քննարկումներ էին ընթանում, որ համաշխարհային գլխավոր արժույթը կդառնա եվրոն կամ չինական յուանը: Դրան հաջորդեց մեծ ճգնաժամը, որի պատճառը ամերիկյան ֆինանսական համակարգի ձախողումներն էին: Այդ ընթացքում ձևավորվեցին թվային վճարումներ համակարգերը, ինչպես բիթքոինն ու «Apple Pay»-ը, աճեցին բջջային հեռախոսներով վճարումները: Սակայն դոլարը պահպանեց իր գերակա դիրքը՝ ցույց տալով, որ վստահության համար տարադրամը պետք է ոչ թե կատարյալ լինի, այլ միայն «չարյաց փոքրագույնը»: Այդպես Ուոլլ-Սթրիթի թրեյդերները դոլարն անվանում են «ամենամաքուր կեղտոտ վերնաշապիկը»:
Այսօր ամերիկյան թղթադրամների կեսից ավելին ԱՄՆ տարածքից դուրս են՝ հանդիսանալով խնայողությունների միջոց, որը շատ ավելի վստահելի է, քան տեղական արժույթը, դրանով այն հանդիսանում է ամերիկյան ազդեցության գործիք:
Ամերիկյան ինստիտուտների գործունեությունը քննադատող նոր նախագահը իր հարվածը դեռ չի ուղղվել դոլարին, սակայն 2018 թ. Թրամփը նախատեսում է փոխարինել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարությանը: Ոչ կոմպետենտ անձանց ներդրմամբ դոլարի փոխարժեքը կարող է շեշտակիորեն տատանումների ենթարկվել՝ ծառայելով ամերիկյան քաղաքականության նպատակներից: Արդյունքում դոլարի նկատմամբ վստահության անկում կարող է արձանագրվել, ինչն էլ կհանգեցնի շատ ավելի երկարատև ու բարդ հետևանքների: