Արդյոք մենք ապրում ենք «հետարևմտյա՞ն» աշխարհում. Folha
Ներկայացնում ենք բրազիլական «Folha» պարբերականի «Estamos vivendo num mundo ‘pós-ocidental’?» հոդվածը:
2008 թվականի տնտեսական ճգնաժամը, Թրամփը, Բրեքսիթը, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տնտեսական աճի ցածր տեմպերը, ըստ երևույթին, ազդարարում են անցումային շրջանի մասին: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վեր խոյացմանը զուգընթաց մենք անցում ենք կատարում «հետարևմտյան» աշխարհակարգի:
Միջազգային հարաբերությունների փորձագետներից շատերը «կարգ» և «համակարգ» բառերն համարում են հոմանիշներ: Սակայն տեղի ունեցող փոփոխությունները լավ հասկանալու համար անհրաժեշտ է տարանջատում մտցնել դրանց միջև:
«Կարգը» իր բնույթով «ռենտգենոգրաֆիա» է, թե ինչպես են իշխանության, հարստության և հեղինակության (մեղմ ուժի) ալիքները տարածվում աշխարհում:
«Համակարգը» ինստիտուտների և նորմերի համադրություն է, որոնք ստեղծվում և ղեկավարվում են մեծ տերությունների կողմից՝ որոշակի «կարգից» բխող շահերն ու տեսլականները արտացոլելու համար:
Այսպիսի տարբերակմամբ հետպատերազմյան աշխարհակարգի վառ արտահայտությունն էր ԱՄՆ հեգեմոնիան: Վերջինս ոչ միայն աշխարհում առաջին ռազմական, այլև տնտեսական գերտերությանն էր, որը պատերազմի ավարտին տնօրինում էր համաշխարհային ՀՆԱ-ի կեսը: ԱՄՆ-ի էքսպանսիան ուղեկցվում էր, բնականաբար, համընդհանուր մշակութային ազդեցությամբ:
1945 թվականինց հետո ամերիկացիները և եվրոպացիները նույնանման շահեր էին հետապնդում կամ էլ փոխզիջման էին գնում տարբեր հարցերի շուրջ, և հենց այդպիսի միասնությունը ձևավորեց ժամանակակից «Արևմուտք» հասկացությունը:
«Արևմտյան» տերմինը ոչ այնքան աշխարհագրական հասկացություն է, որքան վերաբերում է շուկայական տնտեսության, ներկայացուցչական ժողովրդավարության և օրենքի գերակայության մի շարք չափանիշների: Այդ «կարգը» վերածվեց նորմերի և ինստիտուտների «համակարգի»՝ Համաշխարհային բանկ, ՆԱՏՕ և այլն:
Այսօր, երբ խոսում են «հետարևմտյան» աշխարհի մասին, հարց է առաջ գալիս. «արդյոք ԱՄՆ և Եվրոպան շարունակու՞մ են գերակայություն պահպանել այն ոլորտներում, որոնք ունեն կարևոր ռազմական և ռազմավարական նշանակություն, վկայու՞մ են արդյոք արժեքների բարգավաճման ու տարածման մասին», թե՞ «արևմտյան ինստիտուտները անկում են ապրում»:
Աշխարհակարգի մակարդակում դեպի հետարևմտյան շրջան անցումը մեկնաբանել դժվար է: Ռազմա—քաղաքական դաշտում ԱՄՆ—ը և ՆԱՏՕ—ն պահպանում են անվիճարկելի դիրքերը թե՛ ավանդական զինուժով, թե՛ զսպման ներուժով:
Իհարկե, «միջուկային ակումբի» մեջ ներառված են բացահայտ կամ պոտենցյալ հակամարտող երկրներ (Ռուսաստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա), այսօր նաև սպառնալիք են դառնում անկանոն ահաբեկչական գործողությունները: Սակայն դեռ գոյություն չունի որևէ երկիր կամ միջազգային կառույց, որը կարող է համեմատվել Արևմտյան Դաշինքի հետ:
Ինչ վերաբերում է բարեկեցության մակարդակին, իհարկե այստեղ Արևմուտքն այլ զարգացող երկրների հետ հարաբերակցության ֆոնին կորցնում է իր դիրքերը: Չինաստանի, Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների աճը վերափոխում է աշխահատնտեսական միջօրեականը:
Հեղինակության (մեղմ ուժի) առումով Արևմուտքի անկումն ակնհայտ է, սակայն դրան հստակ և ունիվերսալ այլընտրանք դեռ չկա: Օրինակ, «ամերիկյան երազանքին» փոխարինման չի գալիս «չինական երազանքը»:
Իսկ «համակարգի» շրջանակներում Արևմուտքին այլընտրանք հանդիսացող կենտրոնների և մասնավորապես Չինաստանի առաջխաղացումն ակներև է, ինչը հանգեցնում են նոր տնտեսական իրողություններն արտացոլող մի շարք ինստիտուտների ձևավորմանը:
Իհարկե Չինաստանի ղեկավարությամբ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրասիայում Զարգացման նոր բանկի (ԲՌԻԿՍ բանկ) և մի շարք այլ գործակալությունների ստեղծումը չեն փոխարինում Արևմուտքի գերակայության շրջանում ստեղծված ինստիտուտները: Դրանք միայն ընդլայնում են ֆինանսական զարգացման տարբերակները, որտեղ պահանջմունքները շարունակում են ավելի մեծ լինել, քան ներդրումների աղբյուրները:
Ժամանակից «կարգն» ու «համակարգը» բազում գծեր ունի: Արևմտյան պարադիգմին փոխարինելու չեն գալիս ոչ՛ «չինական» կամ «ասիական» հեգեմոնիան, ո՛չ էլ «զարգացող երկրները»: Խոսքը վերաբերում է ավելի շուտ «բազմաձև» չափման մասին, որում գլխավոր գործող դերակատարները (ԱՄՆ և Չինաստան) և երկրորդ պլանի ֆիգուրները (Ռուսաստան, Գերմանիա, Ճապոնիա, Հնդկաստան), որոնց դերը չպետք է թերագնահատել, մասնակցում են մի խաղ, որի ելքը դեռ պարզ չէ: