«Վհուկների որսի» մեկնարկը տրված է. Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է անդրկուլիսային կառավարման
ՀՀԿ—ի համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ներքաղաքական ենթատեքստը.
Նոյեմբերի 26-ին Երևանում ունեցավ իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը, ըստ երևույթին այս համագումարը կանխորոշելու էր Հանրապետության առաջիկա մի քանի տարվա քաղաքական ուղենիշը:
Կուսակցության նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը հանդես եկավ այսպես կոչված «հաշվետու զեկույցով», որում ի թիվս այլ շեշտերի հայտարարեց. «Գալիք ընտրություններում (ԱԺ ընտրություններ – խմբ.) վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»:
Հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները՝ կարելի է կանխատեսել, որ ՀՀԿ-ն կունենա խորհրդարանական մեծամասնություն, արդյունքում Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել երկրի գործադիր մարմինը:
Ի՞նչ դեր է վերապահվելու Կարեն Կարապետյանին, սա ամենակարևոր հարցն է, քանի որ դրանից է կախված, թե ինչ հավակնություններ կարող են ունենալ քաղաքական էլիտայի ու կոնտրէլիտայի ներկայացուցիչները՝ բոլոր հետևություններով: Հանրապետական կուսակցության բավականին ցածր վարկանիշի պայմաններում Կարապետյանի ուսերին են դրվելու կուսակցության իմիջային վերափոխման գործառույթները, ինչն էլ վերջին հաշվով ապահովելու է ապրիլյան ընտրություններում կուսակցության հաղթանակը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի քարոզարշավի լոկոմոտիվը կլինի Կարեն Կարապետյանը, ով ժողովրդի կողմից թերևս «բացասական չդիտարկվող» կերպարով կարող է կուսակցությանը ապահովել անհրաժեշտ քվեն: Սակայն դրան պետք է նախապատրաստվել, ուստի «փոփոխությունների իմիտացիա» ներկայացնելու և Կարապետյանին քաղաքական կշիռ հաղորդելու համար նրան պետք է տրամադրել «հատուկ գործողությունների մանդատ», որը կենթադրի «ճիվաղներին պատժելու» գործառույթ:
Անհրաժեշտ կլինի առաջիկա մի քանի ամսում «հաշվեհարդար» տեսնել որոշ օլիգապոլիկ քաղաքական գործիչների ու իրենց պրոյեկտների հետ: Արդյունքում Կարեն Կարապետյանի վարկանիշն էլ ավելի կբարձրանա, ինչն էլ ընտրությունների ժամանակ «կտեղայնացվի» ՀՀԿ-ական համատեքստում: Բնավ բացառված չէ, որ «վհուկների որսը» կարող է իրականացվել նախապես «թիրախի» հետ համաձայնեցված ու երկարաժամկետ համագործակցություն ենթադրող ծրագրով, իսկ կոնկրետ սցենարը կախված է քաղաքական զարգացումների տրամաբանությունից:
Վերջնական արդյունքում հաղթելով ընտրություններում՝ իշխող էլիտան կապահովագրի իրեն առաջիկա 5 տարվա համար, ու արդեն բուրգի գագաթին կանգնած Սերժ Սարգսյանը կորոշի Հայաստանի ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը ու իր հետագա անելիքը:
Ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում երկիրը կկառավարվի ֆորմալ «դուալիստական» ձևաչափով, երբ երկու պաշտոնյա (նախագահ և վարչապետ) կունենան գրեթե հավասարաչափ լիազորություններ, իսկ արդեն 2018-ին՝ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկիրն Արևմուտքի համար դասական դարձած անդրկուլիսային ձևաչափով: Միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանում ֆորմալ լիազորությունները ժամանակի ընթացքում առարկայանում են ու հիմք են դառնում «պալատական հեղաշրջումների» համար…