Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին ներկայացրեց Հայաստանի ապագայի իր տեսլականը մինչև 2050 թվականի համար[1]: Ակնհայտ է, որ հեռահար՝ 30 տարվա կտրվածքով կանխատեսումների իրականացումը «պոպուլիստական» մեծ բաղադրիչ ունի իր մեջ, առավել ևս երբ բարձրաձայնվում են թվային տվյալներ, այլ ոչ թե ուղենիշներ կամ այլ երկրների հետ համեմատական:
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
ՆՊԱՏԱԿ. «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու» :
Հայաստանի Հանրապետության վիճակագրության կոմիտեի տվյալներով 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2961.6 հազար մարդ[2]: Եթե անգամ տեսականորեն ընդունենք այս տվյալների իսկությունը[3], ապա Հայաստանի բնակչությունը 30 տարում պետք է ընդլայնվի 60 տոկոսով (ավելի քան 2 մլն-ով): Միջազգային կանխատեսումներով 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի շուրջ 2.7-2.8 միլիոն[4], այդ ընթացքում աշխարհի բնակչության թիվը կհասնի 10 միլիարդի շեմին:
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչի հաշվին պետք է Հայաստանում ժողովրդագրական թռիչք ապահովվի.
- Ծնելիության մակարդակի զգալի բարձրացում,
- Ներգաղթյալների թվի շեշտակի աճ, արտագաղթի կասեցում:
Դեմոգրաֆիական ճգնաժամի առջև կանգնած երկրի համար բնակչության աճի խթանման համար անհրաժեշտ են արմատական ու համակողմանի վերափոխումներ ու հատուկ ուղղորդված պետական քաղաքականությունը (վարչապետի ռազմավարական նպատակի հրապարակումից հետո 2 ամիս անց դրա իրագործման «ճանապարհային քարտեզի» մծակման ճանապարհին դեռ գործնական քայլեր չեն նշմարվում):
Պատմականորեն մենք ունեցել ենք նման օրինակ, երբ ոչ թե 30, այլ 20 տարում Հայաստանի բնակչությունը ավելացավ 60 տոկոսով. այսպես Հայկական ԽՍՀ բնակչությունը 1959 թվականին կազմում էր 1763 հազար մարդ[5], իսկ 1979 թվականին հասավ 3030 հազարի[6]: Սակայն այսօր հազիվ թե կարող ենք համեմատականներ տանել 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի սկզբի ԽՍՀՄ-ի ու Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական միտումների ու քաղաքականության միջև:
Հայաստանն այսօր պետք է այնպիսի սոցիալական քաղաքականություն որդեգրի, որ երիտասարդ ընտանիքները պատրաստակամություն հայտնեն ունենալ երրորդ, չորրորդ ու ավելի երեխաները, արտոնությունների այնպիսի համակարգ է պետք ներդնել, որ ընտանիքի համալրում միայն առավելություն և ոչ երբեք բեռ դիտարկվի ծնողների համար: Օրինակ՝ երրորդ երեխա ունենալու պարագայում պետությունը կարող է ընտանիքին ապահովել բնակարանով (սոցիալական բնակարանաշինության քաղաքականություն) կամ տրամադրել զգալի մեծ գումար ընտանեկան բիզնես կազմակերպելու կամ որևէ կարևորագույն հարց լուծելու համար: Էականն այն է, որ ընտանիքը վստահ լինի, որ կկարողանա ապահովել իրենց երեխաների բարեկեցիկ ապագան: Ունի՞ արդյոք Հայաստանն այսպիսի ֆինանսական միջոցներ, այս պահին ցավոք՝ ոչ, կարո՞ղ է ունենալ, տեսականորեն՝ այո:
Բնակչության թվի աճի մյուս գրավականը միգրացիոն դրական բալանսի ապահովումն է: /Միգրացիան դիտարկելիս մենք ներկայացնում ենք հայության ներգաղթի խնդիրը՝ բացառելով ինչ-ինչ իրավիճակներով պայմանավորված այլ ազգերի վերաբնակեցումը Հայաստանում: Չենք դիտարկում նաև այլ երկրներից հայության արտաքսմանհնարավորությունը/
Անկախության 28 տարիների ընթացքում Հայաստանում արտագաղթողների թիվը մշտապես ավելի մեծ է եղել՝ պայմանավորված առավելապես սոցիալական պայմաններով: Հայաստանցիները լքում են երկիրը հիմնականում աշխատատեղերի բացակայության կամ ոչ բավարար աշխատավարձերի պատճառով:
Արտագաղթի կասեցման ու ներգաղթի ապահովման համար առաջնահերթ անհրաժեշտ է ապահովել համապատասխան սոցիալական պայմաններով, որպեսզի Հայաստանից հեռացած անձինք ցանկանան վերադառնալ, ինչպես նաև Սփյուռքի հայությունը ցանկություն ունենա վերաբնակվելու Հայաստանում: Կրկին սոցիալական խնդիր, որը բախվում է արդյունավետ քաղաքականության մշակման և անհրաժեշտ միջոցների ձեռքբերման հետ:
Արդպիսով՝ հասկանալի է, որ Հայաստանը կարող է 2050 թվականին ունենալ 5 մլն և ավելի բնակչություն, եթե որդեգրի հատուկ սոցիալական քաղաքականություն, որը միտված է բնակչության աճի խթանմանը: Հայաստանի համար ուղենիշային պետք է լինեն այնպիսի երկրներ, ինչպես Իսրայելը, Նիդերլանդները, Բելգիան կամ Շվեյցարիան, որ փոքր տարածքով կարողանում են ապահովել բնակչության համար զարգացման նշանակալի պայմաններ:
[1] Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին // https://www.primeminister.am/hy/videos/item/HKSaCwsZaNo/
[2] Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ // https://www.armstat.am/am/?nid=82&id=2176
[3] Վիճակագրության սխալ կանխատեսումների մասին կարդացե՛ք. «Հայաստանի մշտական բնակչության ընթացիկ հաշվառման վիճակագրական սխալները» // http://geopolitics.am/archives/14200
[4] https://www.worldometers.info/world-population/armenia-population/, http://worldpopulationreview.com/countries/armenia-population/, https://www.populationpyramid.net/armenia/2050/
[5] Всесоюзная перепись населения 1959 года // http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr59_reg1.php
[6] Всесоюзная перепись населения 1979 года // http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr79_reg1.php