ՀՀ անվտանգային մարտահրավերները աշխարհակարգային փոփոխությունների համատեքստում
Աշխարհակարգային փոփոխությունները մեծ ազդեցություն են թողնում պետությունների արտաքին քաղաքականության, անվտագության, տնտեսության այլ ոլորտների վրա։ Այս իրողություններով պայմանավորված՝ կարևոր է թե պետությունը որ տարածաշրջանում է գտնվում, ինչ ռեսուրսներ և ներքին դիմադրողականություն ունի։ Ասվածից ակներև է, որ ՀՀ-ն ևս գնտվում է այս փոփոխությունների հորձանուտում։
Հայաստանը ապրում է իր ողջ պատմության ամենածանր և բախտորոշ շրջաններից մեկում։ ՀՀ-ն և հայ ժողովուրդը կանգնած են պետականության կորստի և գոյաբանական վտանգի առջև։ Միջազգային հարաբերությունների շարունակական սրվող իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է ստեղծում աշխարհի գրեթե բոլոր պետությունների՝ հատկապես մեր նման փոքր պետությունների համար։ Իրավիճակը էլ ավելի բարդանում, երբ գտնվում ես Հարավային Կովկասում, որը սահմանակից է Մերձավոր Արևելքին և Կենտրոնական Ասիային։
Կա մեկ պարզ իրողություն․ ՀՀ-ն քայլում է անդունդի եզրով։ Այն անվտանգային միջավայրը, որը ձևավորվել է մեր երկրի շուրջ փաստացի դեռևս չի գործում։ Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մենք որևէ քաղաքական հրապարակային աջակցություն, առավել ևս ռազմական աջակցություն չստացանք ՌԴ-ից և այն ռազմաքաղաքական կառույցի կողմից (ՀԱՊԿ), որի անդամ ենք։ Այս համատեքստում իհարկե կարելի է պնդում անել, որ մենք գտնվում ենք անվտանգային վակուումում։
Այս ռիսկերից եկող վտանգները մեղմելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ներքին համերաշխության, դիմադրողականության ամրապնդումը և պետության ողջ ռեսուրսի նպատակուղղումը անվտանգության և պետականության պահպանմանը։ Արտաքին ճակատում պետք է անհապաղ ավելացնել դիվանգիտական աշխատանքի ծավալները ուժային բոլոր կենտրոների հետ։ Հարկավոր է վերլուծել, թե ինչ վտանգներ է պարունակում անդամակցության հրաժարումը ՀԱՊԿ-ից և վերջինիս կազմում մնալը։ Երկու պարագայում էլ պետությունը կարող է առերեսվել լրջագույն խնդիրների։ ՀԱՊԿ-ի վերաբերյալ քայելերը պետք է դիտարկել ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների շրջանակում։ Արևմուտքի հետ (հատկապես ԱՄՆ) ռազմավարական երկխոսությունը և հնարավոր մերձեցումը ինչ հնարավորություններ է ստեղծում պետության առջև առկա մարտրահրավերների և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում։ ԱՄՆ-ի դերակատարումը չափազանց կարևոր է Ադրբեջանի և Թուրքիայի զսպման հարցում։ Այս համատեքստում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը ՀՀ բավականին դրական էր։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ վարչապետը և արտգործնախարարը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հատկանշական են վարչապետի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսի հետ։ Արտգործնախարարի հանդիպումներից պետք է առանձնացնել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումը։ Ուշագրավ էր նաև կարճ զրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Այս հանդիպումները ահռելի աշխատանքային դաշտ են ստեղծում համատեղ շահերի վրա հիմնված օրագրերի ձևավորման և իրագործման համար։ Այս հանդիպումների ներուժը պետք է ծառայեցնել ՀՀ անվտանգային միջավայրի ամրապնդման գործում՝ հաշվի առնելով Միացյալ Նահագների և Իրանի այլ պետությունների դիրքորոշումը մեր երկրի սահմանների անխախտելիության վերաբերյալ։ Միջուկային համաձայնագրի հետագա ճակատագիրը մեծ ազդեցություն է թողնելու Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների վրա։
Տարածրջանային երկրներից Վրաստանի հետ հարկավոր է ահռելի աշխատանք իրականացնել։ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները մեծամասամբ հիմնված են բնական շահերի վրա, հետևաբար աշխատանքից դրական արդյունքներ ակնկալել, անշուշտ, կարելի է։
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական և տնտեսական հավակնություններ ունեն Չինաստանը և Հնդկաստանը։ Մեծածավալ աշխատանք իրականացնելու հնարավորություն կա այս երկրների հետ հարաբերություններում՝ հատկապես տնտեսության ոլորտում։ Փոխհարաբերությունների զարգացումը այս ոլորտում իր հետ կբերի նաև հավելյալ ռեսուրսներ անվտագության ոլորտում։
Վերջում մեկ կարևոր դիտարկում․ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կամ տարածաշրջանային տերությունների հետ հարաբերվելիս հույժ անհրաժեշտ է քաղաքականություն մշակել նրանց շահերի համադրման համատեքստում։ Հակառակ պարագայում՝ շահերի բախումը հղի է կործանարար հետևանքներով։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան