Ե՞րբ կլինեն Ազգային ժողովի նոր ընտրություններ (5 սցենար)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 թ․ ապրիլի 2-ին խորհրդարանական դարձած Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին ընտրություններին էին։ Ազգային ժողով անցան 4 քաղաքական ուժեր․
- ՀՀԿ – 49․08 տոկոս (58 մանդատ)
- «Ծառուկյան» դաշինք – 27․32 տոկոս (31 մանդատ)
- «Ելք» դաշինք – 7․78 տոկոս (9 մանդատ)
- ՀՅԴ – 6․57 տոկոս (7 մանդատ)։
Ընտրություններից մեկ տարի անց խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության համամասնությունը լեգիտիմության խնդիր ունի, ինչն հստակ արտահայտվեց ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունք։
Հայկական հեղափոխության դրոշակակիրները նոր քաղաքական իրողություններին համապատասխան իշխանություններ ձևավորելու խնդիր ունեն։ Անգամ կառավարության ղեկը ստանձնելու հետո Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող «Ելք» դաշինքը չի ունենա բավարար լծակներ «հեղափոխության վերջաբանը» գրելու համար։ Հեղափոխության ինստիտուցիոնալ հաղթանակի վերջին քայլը կարձանագրվի խորհրդարանական ընտրություններով։
Ե՞րբ կլինեն խորհրդարանական ընտրությունները, առանձնացնենք հիմնական սցենարները․
ՍՑԵՆԱՐ 1․ Մայիսի 8-ին Ազգային ժողովը վարչապետ չի ընտրի, արդյունքում Ազգային ժողովն արձակվում է, որից 30-45 օրվա ընթացքում (հունիսի 7-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում) նշանակվում են նոր ընտրություններ։
ՍՑԵՆԱՐ 2․ Մայիսի 8-ին խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրում է վարչապետ․ 15-օրյա ժամկետում (մինչև մայիսի 23-ը) վարչապետը ձևավորում է կառավարություն, որից հետո ևս 20 օրվա ընթացքում (մինչև հունիսի 12-ը) Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը 7 օրվա ընթացքում (մինչև հունիսի 19-ը) որոշում է հաստատել ծրագիրը, թե ոչ։ Կառավարության ծրագիրը չհաստատելու դեպքում, կարող է ընտրվել նոր վարչապետ։ Եթե վարչապետ չի նշանակավում, ապա Ազգային ժողովը արձակվում է, արդյունքում օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նշանակվում են նոր ընտրություններ։
ՍՑԵՆԱՐ 3․ Ազգային ժողովը Փաշինյանին ընտրում է վարչապետ, այնուհետ հաստատում է կառավարության ծրագիրը։ Հանրապետական կուսակցությունը պահպանում է խորհրդարանում իր իշխող կարգավիճակը և արդեն մեկ տարի անց փորձում է հասնել ռևանշի։ 2019 թվականի մայիսի 8-ից հետո ցանկացած պահի «Հանրապետական» խմբակցությունը կկարողանա օրակարգ իջեցնել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը և նշանակել նոր վարչապետ։ Նման պայմաններում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կլինի ՀՀԿ-ի ձեռքում, իսկ վեցերորդ գումարման Ազգային ժողովը կարող է գործել նույնիսկ մինչև իր լիազորությունների ավարտը՝ մինչև 2022 թվական, երբ կլինեն ԱԺ հերթական ընտրությունները։
ՍՑԵՆԱՐ 4․ Մայիսի 8-ին օրենսդիրը տալիս է Նիկոլ Փաշինյանին գործադիր իշխանություն ձևավորելու լծակները։ Փաշինյանը, ունենալով ժողովրդական զանգվածների աջակցության հաղթաթուղթը, բանակցություններ է սկսում Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունների հետ արտահերթ ընտրությունների անցկացման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Ելնելով քաղաքական ուժերի հնարավոր փոխհամաձայնությունից՝ արտահերթ ընտրությունները կարող են հայտարարվել ցանկացած պահի (սահմանադրությամբ հաստատված ժամկետներում)։
ՍՑԵՆԱՐ 5․ Նիկոլ Փաշինյանն և Հանրապետական կուսակցությունը փոխհամաձայնության չեն գալիս, հեղափոխական պայքարն արմատական բնույթ է ստանում։ Փաշինյանը կարող է հայտարարել ամբողջական իշխանափոխության, իսկ Հանրապետականը՝ արտակարգ իրավիճակի հաստատելու մասին։ Այս պայմաններում դեպքերի ընթացքն անկախատեսելի է ու հստակ չէ, թե ֆորս-մաժորային իրավիճակի ավարտից հետո երբ կլինեն նոր ընտրություններ։
Նշենք, որ թավշյա հեղափոխության առաջնորդների համար ցանկալի է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն իրենց կողմից (կառավարություն ձևավորելուց հետո) և հնարավորինս կարճ ժամանակահատվածում, երբ ժողովրդի աջակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Իսկ Հանրապետականների համար էլ ցանկալի է պահպանել Ազգային ժողովում իրենց դոմինանտ ներկայացվածությունը և հնարավորինս հետաձգել նոր ընտրությունների անցկացումը։