Ինչպե՞ս է ընտրվելու Հայաստանի նոր վարչապետը (4 սցենար)
Ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող «Իմ քայլը» նախաձեռնությունը հասավ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչը դիտարկվեց որպես թավշյա հեղափոխության հաղթանակ։
Մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրելու է նոր վարչապետ։ «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» (ՀՀ սահմանադրության, հոդված 149․2)։
Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է թվով 53 պատգամավորի քվեն, իսկ Ազգային ժողովում մանդատներն ունեն հետևյալ բաշխվածությունը․
- «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն – 58 պատգամավոր
- «Ծառուկյան» խմբակցություն – 31 պատգամավոր
- «Ելք» խմբակցություն — 9 պատգամավոր
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն – 7 պատգամավոր։
Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում, ներկայացնում ենք վարչապետի ընտրության 4 հիմնական սցենարներ։
ՍՑԵՆԱՐ 1․ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ․
ՀՀԿ-ն կարող է առաջադրել իր թեկնածունին և միանձնյա ընտրել վարչապետ, եթե պահպանում է կուսակցական միասնականությունը և հաշվի չի նստում ժողովրդական զանգվածների ճնշման հետ։ Սակայն այս դեպքում ցուցարարների պայքարն արմատական բնույթ կստանա և կարող է հանգեցնել անգամ մարդկային կորուստների՝ անկախատեսելի ելքով (ամբողջական իշխանափոխությունից մինչև արտակարգ դրության հաստատում)։
ՍՑԵՆԱՐ 2․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐՎՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ․
«Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարող է ստանձնել այդ պաշտոնը կախված քաղաքական գործընթացներից տրամաբանությունից ու մյուս խմբակցությունների հետ բանակցությունների արդյունքից։
Սակայն «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների տեսական համաձայնության դեպքում անգամ թվով 47 պատգամավորների ձայները բավարար չեն լինի Փաշինյանին վարչապետ նշանակելու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը վարչապետ կարող է ընտրվել միայն ՀՀԿ-ի որոշ պատգամավորների համաձայնությամբ (ժողովրդական ճնշման պայմաններում Հանրապետական որոշ պատգամավորներ կա՛մ ընդհանրապես չեն մասնակցի քվեարկությանը, կա՛մ էլ, հայտարարելով ՀՀԿ-ից դուրս գալու մասին, իրենց ձայնը կտան ցուցարարների կողմից «հնչեցված» թեկնածուին՝ Փաշինյանին)։
ՍՑԵՆԱՐ 3․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐՎՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ․
Եթե Փաշինյանը մայիսի 1-ին չստանա պատգամավորների ձայների մեծամասնությունը, ընտրության հաջորդ փուլը կլինի մայիսի 8-ին։ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները» (ՀՀ սահմանադրության, հոդված 149․3)։ Հաշվի առնելով ուժային կոնֆիգուրացիան, եթե մայիսի 1-ի ընտրություններին տեսականորեն հնարավոր կլիներ ունենալ վարչապետի մինչև իսկ 4 թեկնածու, ապա մայիսի 8-ին՝ առավելագույնը 2 թեկնածու։
Դեպքերի նման ընթացքի դեպքում Փաշինյանը փորձելու է նոր թափ հաղորդել փողոցային ցույցերին և հարցը լուծել «ժողովրդական սպառնալիքի» տարբերակով։ Այս պայմաններում, գուցե, Հանրապետականը հրաժարվի առաջադրել իր թեկնածուին․ վերջին հաշվով Փաշինյանը ստանձնի վարչապետի պաշտոնը։
ՍՑԵՆԱՐ 4․ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ Է ՄՆՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐՁԱԿՎՈՒՄ Է, ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
«Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով» (ՀՀ սահմանադրության, հոդված 149․3)։ Հնարավոր է, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները չքվեարկեն Փաշինյանի օգտին, ավելին՝ անգամ բացառված չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունը հանդես գա իր թեկնածուով կամ որոշ պատգամավորներ չաջակցեն Փաշինյանին (քվեարկեն այլ թեկնածուի օգտին կամ չմասնակցեն քվեարկությանը)։ Եթե Ազգային ժողովն արձակվի մայիսի 8-ին, նոր ընտրություններ կլինեն հունիսի կեսերին։ «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո» (ՀՀ սահմանադրության, հոդված 92․2)։
Նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի նոր խորհրդարան, վերջինս էլ պատգամավորական մանդատների համամասնությամբ կընտրի նոր վարչապետ։
Այս սցենարների մշակման ժամանակ բացառվել են անկանխատեսելի ֆորս-մաժորային զարգացումները, որոնք կարող են արմատապես փոխել քաղաքական գործընթացների տրամաբանությունը։