Վանգ Յին հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի հետ
Սեպտեմբերի 21-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է China Daily-ն։
Հանդիպմանը Վանգ Յին ասաց, որ այժմ սկսվում է տուրբուլենտության և փոփոխությունների դարաշրջանը։ Չինաստանը և Եվրոպան, որպես կարևոր տերություններ, պետք է հավատարիմ մնան փոխադարձ ռազմավարական գործընկերության դիրքորոշմանը։ Նրանք աշխատելու են զարգացնել երկարաժամկետ և կայուն հարաբերություններ՝ հավատարիմ մնալով փոխշահավետության և աջակցության սկզբունքին։ ՉԺՀ-ն և ԵՄ-ն կպահպանեն բազմաբևեռությունը, կպայքարեն ճամբարների բաժանման դեմ և կփորձեն ընդհանուր լեզու գտնել, երբ տարաձայնություններ առաջանան՝ միմյանց հակառակորդներ չհամարելով:
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Վանգ Յին ասել է, որ այս պահին առաջնայինը հրադադարն է և հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորումը։ Չինաստանը չի ցանկանում ռազմական գործողությունների էսկալացիա, ուստի ձեռքերը ծալած չի նստի, բայց կրակի վրա յուղ չի լցնի՝ նպաստելով իրավիճակի վատթարացմանը։ Վանգ Յին աջակցել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ երկխոսություն հաստատելու ԵՄ ջանքերին։
Բորելն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ռազմավարական համագործակցությունը Պեկինի հետ։ Նա հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս Չինաստանի՝ որպես մեծ տերության կարգավիճակին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հույս ունի, որ միասին կկարողանան համագործակցության մեխանիզմ մշակել և վերացնել միջուկային հակամարտության հնարավոր վտանգը։
Կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների հարցը և եզրակացրել, որ դրանք չպետք է քաղաքականացվեն։