Արմատական իսլամական կառույցների գործունեությունը ժամանակակից Թուրքիայում
Ժամանակակից Թուրքիան իր ներքաղաքական բնույթով ու միջազգային դերով յուրօրինակ երկիր է: Լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, որը ժամանակակին ասոցացվում էր մահմեդական աշխարհի հետ, մասնավորապես կապված պանիսլամիզմի գաղափարախոսության հետ՝ Թուրքիան սկսած 1923 թվականից ընթանում է աշխարհիկ պետության ուղիով:
Բավականին երկար ժամանակ Թուրքիան կողմնորոշված էր դեպի Արևմուտք (հատկապես Սառը պատերազմի ժամանակահատվածում), ցանկանում է մասնավորապես անդամակցել Եվրամիությանը, սակայն այդ ճանապարհին բազմաթիվ չափանիշներ կան, որոնք պետք է հաղթահարել: Այսօր Թուրքիայի մոտ որոշակի հիասթափություն է նկատվում Եվրոպայից, աստիճանաբար երկիրը իր կողմնորոշումը ուղղում է դեպի Արևելք, իսկ արևելքում մահմեդական աշխարհն է:
Եթե սրան գումարենք նաև Թուրքիայի ներուժը ռազմաքաղաքական ու տնտեսական, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան կարող է իր վրա վերցնել իսլամական աշխարհի կոնսոլիդացնող դերը:Իսկ դրա համար անհրաժեշտ է նախ երկրի ներքին քաղաքականության «իսլամականացում», ինչն էլ իրականացնում են իսլամամետ կուսակցությունները:
Թուրքիային, չնայած իր աշխարհիկ բնույթին, բնորոշ է իսլամական կառույցների, շարժումների, սուֆիական միաբանությունների և իսլամական տարաբնույթ աղանդների լայն ցանցը: Կրոնական հեղինակությունները որոշակի ազդեցություն ունեն Թուրքիայի ներկա քաղաքական դաշտում: Ներքաղաքական կյանքում այսօր կրոնական ուժերը համարվում են կարևոր գործոն:
2002-ից Թուրքիայում իշխանության եկած իսլամամետ Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարաններից են մի շարք իսլամական ուժեր:
Դրանցից է Նակշբանդի սուֆիական միաբանությունը, որ հիմնվել է դեռևս 14-րդ դարում Կենտրոնական Ասիայում՝ Թուրքեստանում, իսկ Անատոլիայում որոշակի կշիռ է ձեռք բերել արդեն 19-րդ դարում: Նակշբանդի միաբանությունից են սերում Թուրքիայում բավական ազդեցիկ մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ՝ նախագահ Աբդուլահ Գյուլը, պառլամենտի խոսնակ Բյուլենթ Արինջը, նախարար Մեհմեդ Ալի Սահինը (որոշ տվյալներով՝ նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը):
Թուրքական Իսկենդերպասա քաղաքի Նակշբանդի միաբանության առաջնորդ Մեհմեդ Զահի Քոթքուի դպրոցն են անցել Թուրքիայի նախկին նախագահ և վարչապետ Թուրգութ Օզալը, նախկին վարչապետ Նեջմեդդին Էրբաքանը և նրա իրավահաջորդը՝ Իսլամական բարօրություն կուսակցության առաջնորդ Ռեջայի Քութանը: Իսկենդերպասայի միաբանության ներկայիս առաջնորդ Շեյխ Նուրեդդին Քոսանը հրապարակայնորեն պաշտպանել է ԱԶԿ-ին 2002-ի ընտրությունների ժամանակ: Նույն շեյխ Քոսանը կոչ է արել ԱԶԿ խորհրդարանական անդամներին 2003թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանում դեմ քվեարկել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի տարածքն Իրաքի դեմ պատերազմում օգտագործելու մասին որոշմանը: Հայտնի է, որ ԱԶԿ խորհրդարանական շուրջ 100 անդամներ ընդառաջ գնացին Նակշբանդիի քաղաքական որոշմանը:
Նեջմեդդին Էրբաքանի Իսլամական Միլլի Գյորուշ շարժումը, որին ԱԶԿ-ն գաղափարապես մոտ է կանգնած, նույնպես բավական սերտ կապեր ունի Նակշբանդիի հետ: Թուրքական մամուլում շրջանառված տեսակետի համաձայն` միաբանության 80 նվիրյալ անդամներ ԱԶԿ հիմնադիրներից են:
ԱԶԿ իսլամական հենարանն են համարվում նաև Քադիրի, Սուլեյմանի և Մանզիլի աղանդները: Դրանք բոլորն էլ ԱԶԿ ցուցակով ունեն պառլամենտի անդամներ:
Առողջապահության նախարար Ռեջեփ Ակդաղը սերում է Մանզիլիից։ Մանզիլիից են ԱԶԿ ցուցակով ընտրված խորհրդարանականներ Հուսերև Քութլուն և Բեյազիդ Դենիզօղլուն:
ԱԶԿ իսլամական հենարանն է նաև Ֆեթուլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է Թուրքիայի ամենահզոր և ազդեցիկ իսլամական շարժումը և ներկայացված է նաև այդ երկրի սահմաններից դուրս: Նրա հիմնադիրը 1938թ. Էրզրումում ծնված կրոնական քարոզիչ, գրող և փիլիսոփա Ֆեթուլահ Գյուլենն է:
Շարժումը ձևավորվել է 1960-ականների սկզբներին՝ որպես սոցիալական շարժում: Այն մեծապես ներշնչվել է սուֆիականության, ինչպես նաև իսլամական տեսաբան և կրոնական հեղինակություն համարվող «Նուրսու» կամ «Նուր» («Լույս») շարժման հիմնադիր Սաիդե Նուրսիի (1877-1961) գաղափարներով:
1990-ականներին քաղաքական և տնտեսական փոփոխությունները Թուրքիայում, Սառը պատերազմի ավարտը, Թուրքիայից հարաճուն արտագաղթը դեպի Արևմուտք զգալիորեն ձևափոխեցին շարժումը, և այն վերաճեց միջազգային իսլամական սոցիալական շարժման, որն ակտիվ է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, ներկայացված է թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրոպայի թուրքական սփյուռքում, թե՛ Ամերիկայում և ասիական երկրներում: Աշխարհում առկա են շարժման հարյուրավոր դպրոցներ ու բջիջներ։ Թուրքիայում Գյուլենի շարժման շրջանակներում գործում են բազմաթիվ կառույցներ, ասոցիացիաներ, նրանց է պատկանում Today’s Zaman թերթը, հեռուստատեսության և ռադիոյի եթերներ։ Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի համալսարաններում մի շարք հայտնի և սկսնակ հետազոտողներ զբաղվում են Գյուլենի շարժման, դրա գաղափարախոսության և նպատակների ուսումնասիրության խնդիրներով, այդ ուղղությամբ կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ, սեմինարներ, ֆորումներ։
Պատահական չէ, որ Գյուլենի շարժման կարևոր բաղադրիչն են կրթական ծրագրերն ու մասնագիտական թրեյնինգները, ինչն իրականացվում է բավական կազմակերպված և բարձր մակարդակով: Ինչպես նշեցինք, շարժումը հիմնել է հարյուրավոր դպրոցներ թե՛ Թուրքիայում, թե՛ արտերկրում, այդ թվում` սփյուռքի թուրքական համայնքներում:
Կառույցը գործում է անկախ բջիջներով: Այն հիմնված է տարբեր աստիճանի ակտիվիստների հիերարխիայի վրա: Ակտիվիստների առանձին խումբ են, այսպես կոչված, աբիները՝ ավագ եղբայրները, որոնք զբաղվում են սոցիալական անապահով շրջանակներից երիտասարդների հավաքագրմամբ։ Վերջիններս ապահովվում են բնակարանով և կրթություն ստանալու հնարավորությամբ: Գյուլենի ուսումնական ծրագրերի շրջանակներում երիտասարդները ստանում են իսլամական կրթություն: Այդ կադրերն են, որ կարող են օգտագործվել ապագայի իսլամական Թուրքիայում և կարող են հետագայում կարիերա անել իրավական, քաղաքական և կրթական ոլորտներում: Հատկանշական է, որ Գյուլենի շարժման անդամները որոշակի դիրքեր են զբաղեցնում թուրքական պետական կառույցներում, քաղաքական կուսակցություններում, ամենատարբեր կազմակերպություններում, համալսարաններում, սպորտային ակումբներում, և ներկայացված են նույնիսկ անվտանգության ուժերում: Շարժման ֆինանսական աղբյուրները հստակ չեն, և հրապարակայնորեն դրանց մասին չի խոսվում:
1999թ. իր հայտնի քարոզի ժամանակ Ֆեթուլահ Գյուլենը ներկայացրեց Թուրքիայում իսլամականության իր տեսլականը: Գյուլենի համոզմամբ՝ շարժման անդամները պետք է աննկատ ներթափանցեն համակարգ, ճյուղավորումներ տան, մինչև որ հասունանա իշխանության լծակները ձեռք բերելու հարմար պահը։ Ըստ Գյուլենի` վաղաժամ քայլեր անելը կարող է կործանար լինել այնպես, ինչպես դա եղավ Ալժիրում, Սիրիայում և Եգիպտոսում:
1999-ի քարոզից հետո Գյուլենը, առողջական խնդիրների պատճառաբանությամբ, տեղափոխվում է ԱՄՆ: Նրան մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի կառավարման համա-կարգը փոխելու և իսլամական պետություն ստեղծելու նպատակով անլեգալ կազմակերպություն ստեղծելու մտադրության համար: 2003-ին, երբ արդեն իշխանության էր եկել ԱԶԿ-ն, դատական լսումների ժամանակ որոշվեց հետաձգել Գյուլենի դատավարությունը՝ պայմանով, որ նա առաջիկա հինգ տարիների ընթացքում զերծ մնա արդարադատության հետ խնդիրներ ունենալուց: 2006թ. ԱԶԿ կառավարությունը ձևափոխեց ահաբեկչությանը վերաբերող քրեական օրենսգիրքը, և Գյուլենի գործը կարճվեց։
Ներկայումս Ֆեթուլահ Գյուլենն ապրում է ԱՄՆ-ում (Փենսիլվանիայում) և հենց այդտեղից էլ ղեկավարում է իր միլիոնանոց համայնքը: Նա համարվում է «չափավոր իսլամի» գաղափարախոսության կրող։ Նրա կարծիքով` իսլամը համատեղելի է արդիականության հետ: Ըստ նրա՝ արևմտյան քաղաքակրթությունից պետք է վերցնել այն, ինչ օգտակար է և ուսանելի, փորձել համադրել դրանք իսլամականի հետ:
Հակառակորդները Գյուլենին մեղադրում են շարիաթական պետություն ստեղծելու ցանկության մեջ։ Թուրքիայի աշխարհիկ շրջանակները Ֆեթուլահ Գյուլենի շարժումը համարում են սպառնալիք, քանի որ հետամուտ է իսլամիստական գաղափարների: Իսլամիստական շրջանակների կարծիքով՝ աշխարհիկ իսթեբլիշմենթն օգտագործում է Գյուլենի համայնքը՝ աղճատելու իրենց գաղափարախոսությունը, թուլացնելու իրենց շարժումը: Գյուլենի համոզմամբ` իսլամը մեծ մասով պետք է առնչվի հոգևոր, բարոյական, նաև սոցիալական ոլորտներին և միայն փոքր մասով` պետությանն ու կառավարությանը։ Այս տեսանկյունից` նրա համար անընդունելի են Իրանի և Սաուդյան Արաբիայի քաղաքական համակարգերը։
Թուրքիայի քաղաքական շրջանակներում իշխում է այն տեսակետը, թե Ֆեթուլահ Գյուլենն այն ուժն է, որի հետևում կանգնած են շատ իսլամամետ քաղաքական գործիչներ կամ ուժեր, ինչպիսին, օրինակ, ԱԶԿ-ն է: Թուրքական մամուլում տեղ գտած տվյալներով՝ ԱԶԿ-ի մեջ Գյուլենի շարժման համախոհները բավական թիվ են կազմում:
Առանձին ուսումնասիրողների համոզմամբ՝ Գյուլենի շարժումն իսլամական սոցիալական շարժում է, որը ձգտում է միավորել թուրքական և իսլամական արժեքները, իսլամականացնել թուրքական ազգայնական գաղափարախոսությունը, առհասարակ թուրքացնել իսլամը։ Գյուլենը համոզված է, որ պետք է վերականգնվի դեռևս Օսմանյան կայսրությունում կրոնի և պետության մեջ գոյություն ունեցող կապը։ Նա կողմ է երկրի կառավարման դեմոկրատական ձևին։ Նրա կարծիքով` դրա լավագույն տարբերակը հանրապետությունն է, որը համատեղելի է իսլամական սկզբունքների հետ։
Ֆեթուլահ Գյուլենը համարվում է թուրքական իսլամի և առհասարակ իսլամական չափավորության գաղափարախոս, ով կողմ է հանդուրժողականությանը, միջդավանական և միջկրոնական երկխոսությանը, Եվրոպայում` հատկապես Գերմանիայում, փորձում է նպաստել թուրքերի (կամ մահմեդականների) ինտեգրմանը եվրոպական հանրության մեջ, որի կարևոր բաղադրիչը, ըստ նրա, կրթական ծրագրերն են։
Ստամբուլում Ֆեթուլահ Գյուլենը բազմաթիվ անգամներ հանդիպել է էթնոդավանական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Մեր ունեցած տեղեկություններով` Գյուլենը մի քանի անգամ (հրապարակայնորեն) հանդիպել է նաև Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ։
Ակնհայտ է, որ թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Եվրոպայում կան շրջանակներ, որոնք պատրաստ են ֆինանսավորել և աջակցել շարժմանը, շարժման գաղափարախոսությանը, որի հիմքում չափավոր իսլամականության գաղափարներն են։ ԱԶԿ քաղական հենարանի ուսումնասիրությունն ապացուցում է, որ դրանում առանձին շերտ է կազմում իսլամական մասը, որ նպաստել է ԱԶԿ իշխանության գալուն, ուստի և հետամուտ կլինի, որպեսզի երկիրն ընթանա իսլամականացման որոշակի ծրագրով, որի դրույթները դեռևս այնքան էլ հստակ ու պարզորոշ չեն։