Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ձեւավորվել է բազմակողմ համագործակցության հսկայական իրավապայմանագրային դաշտ, ինչը վստահելի հիմք է հանդիսանում ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքվել են քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 270 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:
Առեւտրատնտեսական կապեր
Ռուսաստանը մեր երկրի առևտրային թիվ մեկ գործընկերն է. առաջատար է և՛ արտահանումների (22.6 տոկոս), և՛ ներմուծումների (24.8 տոկոս) առումով:
Երկու երկրների առեւտրատնտեսական կապերի հագեցվածության ցուցանիշ է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կայուն աշխատանքը, որը մինչ այժմ անցկացրել է 15 նիստ:
ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության իրավապայմանագրային բազայի կարեւորագույն հիմքերն են հանդիսացել 2001թ. սեպտեմբերի 15-ի «Մինչեւ 2010թ. ժամանակահատվածի համար ՀՀ եւ ՌԴ միջեւ երկարատեւ տնտեսական համագործակցության մասին» պայմանագիրը եւ «Մինչեւ 2010թ. ժամանակահատվածի համար ՀՀ եւ ՌԴ միջեւ երկարատեւ տնտեսական համագործակցության» ծրագիրը:
2011թ. հոկտեմբերին ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:
2013թ. ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը:
Հաջող է զարգանում ներդրումային համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: 1988-2014թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում Ռուսաստանի ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ 29 մլն 302 հազ. մլն. դոլար, որոնցից ուղղակի ներդրումները`3 մլրդ. 104 մլն 411 հազ. դոլար:
Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն դոլար)
Ներմուծում | Արտահանում | |
2000թ. | 445,5 | 137,1 |
2001թ. | 605,0 | 173,6 |
2002թ. | 646,3 | 192,8 |
2003թ. | 944,1 | 203,3 |
2004թ. | 778,9 | 179,6 |
2005թ. | 242,6 | 119,0 |
2006թ. | 304,1 | 121,1 |
2007թ. | 720,0 | 201,5 |
2008թ. | 851,1 | 208,1 |
2009թ. | 793,6 | 107,7 |
2010թ. | 603,2 | 160,5 |
2011թ. | 687,1 | 222,7 |
2012թ. | 881,3 | 334,4 |
2013թ. | 1 110 | 280,8 |
2014թ. | 1 094 | 308,4 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, գյուղատնտեսական ապրանքներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, տրանսպորտի ու կապի միջոցներ, չմշակված ադամանդներ, փայտանյութ, թանկարժեք քարեր, քիմիական արտադրություն
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
գունավոր մետաղների հանքանյութ, թանկարժեք քարեր, գունավոր մետաղներ, քիմիական արտադրություն, պարենային եւ գյուղատնտեսական ապրանքներ:
Ազգային անվտանգության ռազմավարության արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափի մեջ Ռուսաստանի մասով նշված է.
Կովկասի տարածաշրջանի մաս կազմող Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն տարածաշրջանային մակարդակով չսահմանափակվող բնույթ և ներուժ:
Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերով, հայ- ռուսական ավանդական բարեկամական կապերով, առևտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ:
Երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին»պայմանագրով և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին»հռչակագրով կողմերի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն: Նշված պայմանագրերը և պաշտպանության ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունը, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում կարևորվում է որպես Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման գործոն: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային անվտանգության ապահովման և հակաօդային պաշտպանության բնագավառներում:
Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը պաշտպանական, ռազմատեխնիկական և էներգետիկայի բնագավառներում, տրանսպորտային երթուղիների գործարկման, տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներում, Հայաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիների իրավական կարգավիճակի բարելավման հարցերում:
Ռուսաստանի Հայաստանի ռազմական դաշնակիցն ՀԱՊԿ շրջանակներում, զենքի հիմնական մատակարարն է: Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման առանցքային երեք տերություններից (Մինսկի խումբ) մեկն է:
Սակայն Ռուսաստանի ազդեցության ամենագործուն մեխանիզմը ռուսաստանաբնակ հայությունն է և աշխատանքային միգրացիան: Ռուսաստանում հայկական ամենամեծ սփյուռքն է կուտակված (գրեթե 3 մլն մարդ), որը ավելին է քան Հայաստանի առկա բնակչությունը: Նրանց և աշխատանքային միգրանտների կողմից Հայաստանի ուղարկվող տրանսֆերտները Հայաստանի բյուջեի կեսից ավելին են. օտարերկրյա տրանսֆերտների 85 տոկոսը հենց բաժին է հասնում Ռուսաստանին: