Ադրբեջանական «լայնամասշտաբ» զորավարժությունների ֆարսը. գեներալիտետի «էնդորֆինային ներարկում»
Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժություններ են, այդ երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են մինչև 60 հազար զինծառայողներ, ավելին քան 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելին քան 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, ինչպես նաև հրթիռային զորքերի և հրետանու մինչև 700 համակարգ, անօդաչու թռչող սարքեր և ռազմանավեր:
Հասկանալի է, որ նման թվեր ներկայացնելը զուտ պրոպանգադիստական նպատակ ունի. եթե հայտարարվում է, որ զորավարժություններին մասնակցում են շուրջ 60.000 զինվորականներ, այսինքն Ադրբեջանի զինված ուժերի 90 տոկոսը (համաձայն բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների Ադրբեջանի զինվորականների թիվը շուրջ 66.950 է):
Ենթադրելի է, որ իրականում զորավարժություններին անհամեմատ փոքր թվով զինվորականներ են մասնակցում, իսկ կոռուպցիայի մեջ թաթախված գեներալներն ու պատասխանատու չինովնիկները դե յուրե գրված, դե ֆակտո չիրականացված «լայնամասշտաբ» զորավարժությունների համար պաշտպանության նախարարությունից հերթական խոշորածավալ ֆինանսական «տրանշը» կստանան: Ինչը մանաթի գահավիժող արժեզրկման պարագայում (1 դոլարը նոյեմբերի 15-ին արժե 1,7 մանաթ, իսկ հոկտեմբերի 15-ին՝ մինչև իսկ 1,6 մանաթ էր), իլհամյան աստիճանավորների համար հերթական «էնդորֆինային ներարկում» կլինի: Իսկ թե ինչ պետք է անի ադրբեջանցին, Իլհամը մեծ հաշվով թքած ունի: