Ադրբեջանական նավթի դարձերեսն ու Բաքվի արվարձանների թշվառությունը
Ադրբեջանի տնտեսությունը շուրջ 85 տոկոսով հիմնված է նավթագազային արդյունաբերության վրա: Այդ երկրի համար Բաքվի նավթը զարգացումը ապահովող թերևս միակ խթանն է: Նավթի գների չնչին տատանումը շեշտակիորեն ազդում է Ադրբեջանի տնտեսության վրա (կարդացեք. «Ադրբեջանի տնտեսության անկման մտահոգիչ տվյալները», «Ադրբեջանի նկարված վիճակագրությունը», «Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նավթի գնից», «Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը»)
Ադրբեջանը նավթի պահուստներով աշխարհում 20-րդ երկիրն է աշխարհում (ունի շուրջ 7 մլրդ բարել նավթ), իսկ գազի պահուստներով 14-րդ երկիրն է (ունի շուրջ 2,55 տրլն խմ գազ): Բաքուն տարեկան արդյունահանում է ավելին քան 300 մլն բարել նավթ և շուրջ 30 մլրդ խմ գազ: Սրանք միլիարդավոր դոլարներ են, որոնք առնվազն Ադրբեջանը պետք է դարձնեին Պարսից ծոցի «նավթային» երկրների կենսամակարդակն ունեցող պետություն: Սակայն մեկ անձի հաշվով այդ երկրի համախառն ներքին արդյունքը ընդամենը 3956 դոլար է (ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2016 թվականի տվյալների)` զիջելով Սաուդյան Արաբիայի 5 անգամ, ԱՄԷ—ին՝ 9,5 անգամ, իսկ Կատարին՝ 15 անգամ:
Այս ամենի ֆոնին Ադրբեջանում վտանգավոր չափերի է հասնում նաև աղքատ և հարուստ բնակչության միջև տարբերությունները: Այդ ամենի հետ մեկտեղ ալիևյան կլանը իր հաշվին հատկապես արտասահմանում հսկայական միջոցներ է դիզում, իսկ երկիրը զարգանում է միայն Բաքվում, արտաքին փայլը միայն մայրաքաղաքի համար է:
Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են, թե ինչպիսի ծայրահեղ վիճակում է ողջ երկիրը, այդ թվում և Բաքվի արվարձանները: Մասնավոր դեպքերից մեկը վերաբերում է Սաբունչիի շրջանի Մուխտարով բնակավայրին, որը դարձել է ադրբեջանական նավթի զոհը:
Այդտեղ հիմնականում բնակվում են աշխատանքի համար երկրի այլ շրջաններից տեղափոխված անձինք, սակայն բնակավայրում խնդիրները բազմազան են՝ փողոցներ, հասարակական տրանսպորտ, ուսումնական հաստատություններ, գրեթե քանդված բնակելի տներ և դրանց հարևանությամբ համատարած աղտոտվածություն: Նավթային արտանետումների, բարձր խոնավության, ինչպես մաքուր օդի բացակայության պատճառով բազմազան են բնակչության մոտ առաջացող հիվանդությունները: Բնակիչները բազմիցս դիմել են իշխանություններին այս խնդիրներին լուծում տալու համար, սակայն նրանց ահազանգներն անարդյունք են: Այսպիսին է Ադրբեջանի բռնակալի կառավարման իրական արդյունքները:
Լուսանկարները ըստ Vesti.az լրատվականի: