Ցուցանիշ, որով Ադրբեջանն առաջատար երկիրն է աշխարհում. Բաքվի 18 մլրդ դոլարի «ստվերը». «ACCA»-ի զեկույցը
«Դիպլոմավորված սերտիֆիկացված հաշվապահների ասոցիացիան» (Association of Chartered Certified Accountants — ACCA) հունիսի 29-ին հրապարակել է «Դուրս գալով ստվերից. Ստվերային տնտեսությունը մինչև 2025 թվական» զեկույցը[1]:
Գլոբալ ստվերային տնտեսությունների զարգացման գնահատականների ու կանխատեսումների հետազոտությամբ 28 երկրների ցանկում առաջատարն Ադրբեջանն է: Այդ երկրում ՀՆԱ-ի երկու երրորդը բաժին է հասնում ոչ ֆորմալ ոլորտին, ինչը շուրջ երեք անգամ ավելի բարձր է աշխարհի միջից ցուցանիշից:
«ACCA»-ի մասնագետների բնորոշմամբ ստվերային տնտեսությունն այն տնտեսական գործունեությունն է, որը պետական կանոնակարգման, հարկային և վերահսկողական համակարգից դուրս է:
2017 թվականի տվյալներով ՀՆԱ-ի մեջ ստվերային տնտեսության ցուցանիշները հետևյալն են.
Աշխարհ – 22,5 | |
Ադրբեջան – 66,12 | Ավստրալիա – 22,5 |
Նիգերիա – 47,7 | Հնդկաստան – 16,55 |
Ուկրաինա – 46,12 | Կանադա – 14,15 |
Ռուսաստան – 39,29 | Մեծ Բրիտանիա – 11,29 |
Բրազիլիա – 34,75 | Չինաստան – 10,17 |
Իտալիա – 26,5 | Ճապոնիա – 9,89 |
Թուրքիա – 24,95 | ԱՄՆ – 7,69 |
Ստվերային տնտեսությունը կազմում է գլոբալ ՀՆԱ-ում 22,5 տոկոս, ինչը «ACCA»-ի կանխատեսումներով 2020 թվականին կկրճատվի մինչև 22,11 տոկոս, իսկ 2025-ին՝ 21,39 տոկոս:
Ուսումնասիրված երկրների ցանկում Հայաստանը ներկայացված չէ: Նվազագույն ստվերային տնտեսությունն ունեն ԱՄՆ-ը (7,69 տոկոս), Ճապոնիան (9.89 տոկոս) և Չինաստանը (10,17 տոկոս), իսկ վատագույն ցուցանիշն ունեն Ուկրաինան (46,12 տոկոս), Նիգերիան (47,7 տոկոս) և առաջատար Ադրբեջանը (66,12 տոկոս): Փորձագետների կանխատեսմամբ 2025 թվականին ևս Ադրբեջանը կլինի ստվերային տնտեսությամբ առաջատար երկիրը (58,38 տոկոսով):
Ադրբեջանում ստվերային տնտեսության ցուցանիշով առաջատար է ոչ միայն ԱՊՀ երկրների թվում, այլև գերազանցում է Աֆրիկյան երկրներին: Ոչ ֆորմալ բիզնեսի ծաղկմանը օժանադակում է կոռուպցիայի բարձր ցուցանիշները, ժողովրդավարական ինստիտուտների թուլությունը և տնտեսության մեջ նկատվող անկումը:
Զեկույցում շեշտվում, որ սովորաբար ստվերային տնտեսությունն աճում է այն երկրներում, որտեղ հարկային բեռը բարձր է, պետության կողմից ձեռներեցության վրա ճնշումը մեծ է, աղքատության մակարդակը բարձր է, բիզնես գործարքներն իրականացվում են առանց պաշտոնական գրանցման և բյուջե վճարվող հարկերի:
ACCA-ի հետազոտության արդյունքների հետ համաձայն են նաև ադրբեջանցի փորձագետները:
Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացման հարցերով հասարակական կազմակերպությունների ազգային խորհրդի համակարգող, տնտեսագիտության դոկտոր Ղուբադ Իբադօղլուն «Թուրան» լրատվականին հայտնել է.
«Եթե Ադրբեջանի ՀՆԱ-ն նախորդ տարի կազմում էր 54,4 մլրդ մանաթ (33 մլրդ դոլար) և դրանից ավելին քան 60 տոկոսը բաժին է հասնում ստվերային տնտեսությամբ, ապա գումարային արտահայտությամբ նշանակում է, որ ավելին քան 30 մլրդ մանաթ (18 մլրդ դոլար) բաժին է հասնում «ստվերային տնտեսությանը»: Մեծածավալ ստվերային տնտեսությունն առաջնահերթ ցույց է տալիս գործող տնտեսական համակարգի թերությունները, որը, անշուշտ, պահանջում է բարեփոխումներ: Կոռուպցիայի դեմ պայքարին խոչընդոտող ամենալուրջ խնդիրը պետական բյուջեի թափանցիկության բացակայությունն է: Անգամ խորհրդարանի պատգամավորին հասանելի չէ պետական ներդրումների մասին մանրամասն տեղեկատվությունը: Խորհրդարանն իրական մասնակցություն չունի ազգային հարստության վերահսկման գործում»:
Ադրբեջանում, փորձագետի կարծիքով, իշխանությունները ստվերային տնտեսությունը համարում են «չարյաց փոքրագույնը»: Ավելին, բազում պետական պաշտոնյաներ և ուժայիններ այն ակտիվորեն օգտագործում են՝ ստանալով ստվերային շահույթ: Ու այս ամենը ներառված է առկա տնտեսական համակարգի մեջ և փաստացիորեն դրա մի մասն է:
Տնտեսական նախաձեռնություններին աջակցության կենտրոնի փորձագետ Սամիր Ալիևի դիտարկմամբ միջազգային կազմակերպության տվյալները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանի տնտեսության, անարդյունավետ տնտեսական քաղաքականության և կոռուպցիայի ու մոնոպոլիայի դեմ ձեռնարկվող միջոցների վիճակը: Ճգնաժամի շրջանում ՀՆԱ-ի մասնաբաժինը կրճատվում է և համապատասխանաբար աճում է ստվերային տնտեսությունը:
«Եթե երկրում ՀՆԱ-ի հարաբերակցությամբ ստվերային տնտեսության տոկոսն այդքան մեծ չլիներ, ապա ճգնաժամը ավելի քիչ կազդեր: Ոմանք գտնում են, որ երկրում առկա խրթին ֆինանսական իրավիճակում, ստվերային տնտեսության վրա չի կարելի ճնշում գործադրել, քանի որ այն, օրինակ, կերակրում է այն մարդկանց, ովքեր զրկվել են աշխատանքից և գործում են անօրինակ ոլորտում: Սակայն չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ միլիարդավոր մանաթներ «հոսում են» բյուջեի կողքից՝ հնարավորություն չտալով պետությանը բարձրացնելու թոշակները, աշխատավարձերը, սոցիալական աջակցության վճարները: Անհրաժեշտ է ճանապարհներ գտնել անլեգալ բիզնեսն օրինականացնելու համար, համաներում տալ այն կապիտալին, որը երկրում ստեղծվել ու դուրս է բերվել արտասահման հարակից ճանապարհներով: Միայն այս միջոցները կօգնեն բարելավել պետության տնտեսական վիճակը: Անհրաժեշտ է քաղաքական կամք, տնտեսության ստվերային կողմը «լուսավորելու» ակտիվ միջոցներ », — նշել է Սամիր Ալիևը:
[1] «Emerging from the shadows The shadow economy to 2025»- http://www.accaglobal.com/content/dam/ACCA_Global/Technical/Future/pi-shadow-economy.pdf