Գազի սակագինը Հայաստանում և եվրոպական երկրներում (ինֆոգրաֆիկ)
2017 թ. հունվարի 1-ից Հայաստանում բնական գազի սակագինը սպառողների համար կազմում է 139 դրամ 1 խմ-ի դիմաց, մինչդեռ սահմանին կրկնակի էժան է 150 դոլար 1000 խմ-ի համար: Այդուհանդերձ բնակչության համար Հայաստանում գազի գինը ի համեմատ եվրոպական երկրների բավականին ցածր է:
Սպառողների համար ամենաբարձր գինը Շվեդիայում է, 1000 խմ-ն արժե 1318,3 դոլար, իսկ ամենաէժանը Ղազախստանում է՝ 54,8 դոլար: Եվրոպական երկրներում գազի միջին սակագինը կազմում է 578,2 դոլար՝ կրկնակի ավելի բարձր, քան Հայաստանում, որտեղ բնակչությունը վճարում է մոտ 291,5 դոլար (139.000 դրամ):
Մեկ տարվա ընթացքում գազի գինը եվրոպական երկրներում կրճատվել է 9,2 տոկոսով, առավել նվազել է Բոսնիա և Հերցեգովինայում՝ 34,6 տոկոսով, բարձրացել է Ղազախստանում՝ 11,1 տոկոսով: Հայաստանում սակագինը նվազել է 5,25 տոկոսով, նախկին սակագինը կազմում էր 146,7 դրամ 1 խմ-ի համար:
Եվրոպական ամսական միջին աշխատավարձով հնարավոր է գնել 2648,6 խմ գազ: Միջին աշխատավարձի և բնական գազի սակագնի համեմատությամբ լավագույն ցուցանիշն է ապահովում Ղազախստանն ու Լյուքսեմբուրգը (միջին աշխատավարձով հնարավոր է գնել ավելի քան 7400 խմ գազ), իսկ վատագույնը՝ Մոլդովայում և Ուկրաինայում է (միջին աշխատավարձով հնարավոր է գնել համապատասխանաբար 687,1 և 795,7 խմ գազ): Հայաստանյան միջին անվանական աշխատավարձով (2017 թ. մարտին 191.861 դրամ) հնարավոր է գնել 1380 խմ գազ:
*Ինֆոգրաֆիկում ներկայացված են Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Լիխտենշտեյնի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայյի տվյալները.