Իսրայել – Հայաստան. տնտեսական ու ռազմական ներուժի համեմատություն
17-18-րդ դարերում հրեական և հայկական սփյուռքն արդեն իսկ ընդգրկում էր բազմաթիվ երկրներ, թեև այդ ժամանակ այս ազգերը չունեին պետականություն, սակայն տարբեր երկրներում տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա զգալի ազդեցություն ունեին, այդ շրջանում երկու ժողովուրդների ազդեցության ներուժը գրեթե նույնական էր:
Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այսօր. աշխարհասփյուռ հրեաների թիվը չի գերազանցում 14 մլն-ը, իսկ հայերի թիվը 12 մլն-ը, այսինքն մեր երկու ազգերի բազային ներուժը նույնական է, սակայն որքանով է այն ռեալիզացվում: Չանդրադառնալով հրեաներին վերագրվող գաղտնի ու կիսագաղտնի կառույցների գոյության իրողություններին՝ նշենք, որ հրեական սփյուռքի ու լոբբիի ազդեցությունը միջազգային գործընթացների վրա անհամեմատ մեծ է: Չափելի թվային համեմատություն իրականացնելու համար կարող են դիտարկել հայկական և հրեական պետությունների (Հայաստանի ու Իսրայելի) տնտեսական ու ռազմական ցուցանիշները:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ.
Տնտեսական ու ժողովրդագրական ցուցանիշներով Հայաստանն զգալիորեն զիջում է Իսրայելին: Ներկայացնենք հիմնական տվյալներն ըստ ԱՄՆ ԿՀՎ «The World Factbook» պարբերականի.
Հայաստան[1] | Իսրայել[2] | |
Տարածք (քկմ) | 29 743 | 20 770 |
Բնակչությունը (մլն) | 3,051 | 8,174 |
ՀՆԱ՝գնողունակություն (մլրդ դոլար) | 26,3 | 297 |
ՀՆԱ՝ անվանական (մլրդ դոլար) | 10,75 | 311,7 |
ՀՆԱ՝ մեկ անձի հաշվով (դոլար) | 8 900 | 34 800 |
Պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ (տոկոս) | 53,4 | 63,2 |
Պետբյուջեի ծախսերը (մլրդ դոլար) | 2,969 | 88,4 |
Արտահանումներ (մլրդ դոլար) | 1,678 | 51,61 |
Ներմուծումներ (մլրդ դոլար) | 2,638 | 57,9 |
Ոսկու և արտարժույթի պահուստներ (մլրդ դոլար) | 1,512 | 97,22 |
Գործազրկություն (տոկոս) | 17,9 | 5 |
Այս թվային պատկերը ցույց է տալիս, որ Իսրայելը Հայաստանից առնվազն 20 անգամ ավելի մեծ տնտեսական ներուժ ունի, այսպես՝ Իսրայելը բնակչությամբ գերազանցում է 2.7 անգամ, գնողունակությամբ 11 անգամ, անվանական ՀՆԱ-ով՝ 30 անգամ, կենսամակարդակով՝ 4 անգամ, պետբյուջեի մեծությամբ՝ 30 անգամ, արտահանումների ծավալով՝ 31 անգամ, ներմուծումներով՝ 22 անգամ, ոսկու և արտարժույթի պահուստներով՝ 64 անգամ: Հայաստանում գործազրկության տոկոսը 3,6 անգամ ավելի շատ է: Իսրայելը Հայաստանին զիջում է միայն տարածքով (30 տոկոս) և ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պետական պարտքի մեծությամբ (10 տոկոս):
ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ.
Իսրայելն ու Հայաստանը անկախության առաջին իսկ տարիներից հարկադրված են եղել իրենց արտաքին քաղաքական շահերը պաշտպանել զենքի միջոցով ու կարողացել են ռազմի դաշտում հաղթել զինուժով ու սպառազինությամբ իրենց զգալիորեն գերազանցող հակառակորդների: Ինչպիսին է այս երկու երկրների ռազմական ներուժն այսօր: Ըստ GlobalFirePower.com կայքի վարկանիշի ռազմական ներուժով Հայաստանը 95-րդ երկիրն է, իսկ Իսրայելը՝ 15-րդ, ընդհանուր պատկերը հետևյալները.
Հայաստան[3] | Իսրայել[4] | |
Ակտիվ զինուժ (հազար մարդ) | 70 | 160 |
Պահեստազոր (հազար մարդ) | 210 | 630 |
Զինծառայությանը պիտանի անձանց թիվը (մլն մարդ) | 1,4 | 3 |
Պաշտպանության բյուջեն (մլն դոլար) | 225 | 15500 |
Ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ (հատ) | 64 | 654 |
Տանկեր (հատ) | 229 | 2620 |
Մարտական մեքենաներ (հատ) | 636 | 10185 |
Այդպիսով, Իսրայելն ակտիվ զինուժով գերազանցում է 2,3 անգամ, իսկ պահեստազորով՝ 3 անգամ: Զինծառայությանը պիտանի անձանց թվով Հայաստանը զիջում է 2,1 անգամ: Իսրայելի պաշտպանության նախարարության բյուջեն 69 անգամ ավելի մեծ է:
Հայաստան զիջում է նաև ռազմական սպառազինությամբ. ինքնաթիռների ու ուղղաթիռների թվով զիջում է 10 անգամ, տանկերի թվով՝ 11 անգամ, մարտական մեքենաների թվով՝ 16 անգամ: Հայաստանը զիոնուժը նաև հրթիռա-հրետանային սպառազինության համեմատությամբ բավականին նվազ ցուցանիշ ապահովում: Երկու երկրների ամենակարևոր տարբերությունն այն է, որ Իսրայելը հանդիսանում է աշխարհի 9 միջուկային տերություններից մեկը, ունի մոտ 80 միավոր միջուկային մարտագլխիկ[5]:
Ստացվում է, որ թե տնտեսական, թե ռազմական ուժով Հայաստանը հնարավոր չէ համեմատել Իսրայելի հետ:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.
Տնտեսական ու ռազմական ներուժի ընդլայնման համար անհրաժեշտ են քաղաքական նախադրյալներ, առաջնահերթ դա վերաբերում է համազգային կարողությունների համախմբմանը: Հրեաներն այս հարցում զգալի հաջողություն են հասել, իսկ հայ ժողովուրդը ցավոք առարկայական ոչ մի նախաձեռնություն չունի:
Ամենակարևոր բացթողումն այն է, որ մենք չունենք համապարփակ ազգային գաղափարախոսություն, ի տարբերություն հրեական սիոնիզմի, չունենք նաև արդյունավետ գործառնող համահայկական կառույցներ, որոնք գոնե Հայաստանի ու Սփյուռքի համազգային շահերի համակարգման հարթակ կլինեին: Ստացվում է, որ հայությունն ազգային ներուժի զարգացման համար ինստիտուցիոնալ-գաղափարական նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ միջոցներ պետք է ձեռնարկի, մի բան, որը հրեաներն արել են դեռ 19-րդ դարի վերջին:
[1] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/am.html
[2] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/is.html
[3] http://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=armenia
[4] http://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=israel
[5] https://fas.org/issues/nuclear-weapons/status-world-nuclear-forces/