Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներն ու առկա մտահոգությունները
Հայաստանի արտաքին առևտային շրջանառությունը, համաձայն ԱՄՆ ԿՀՎ տվյալների, վերջին երկու տարում հետաքրքիր միտումներ է արձանագրում: 2016 թվականին առևտրաշրջանառությունը կրճատվել է 90 մլն դոլարով (4,406 իջել է մինչև 4,316 մլրդ դոլար), արտահանումները կազմել են 1,678 մլրդ դոլար, իսկ ներմուծումները 2,638 մլրդ դոլար:
Սակայն պետք է նշել, որ նախորդող տարվա համեմատությամբ արձանագրվել է առևտրային հաշվեկշիռի բարելավում՝ արտահանումն ավելացել է (3,2 տոկոսով), ներմուծումը՝ պակասել (5,1 տոկոսով): Այսպես՝ 2015 թվականին Հայաստանից արտահանումները կազմել են 1,626 մլրդ դոլար, իսկ ներմուծումները՝ 2,78 մլրդ դոլար:
2015 թ.
(մլն դոլար) |
2016 թ.
(մլն դոլար) |
2015-2016 թթ. տարբերությունը (%) | |
Արտաքին առևտրաշրջանառություն | 4406 | 4316 | -2,0 |
Արտահանում | 1626 | 1678 | 3,2 |
Ներմուծում | 2780 | 2638 | -5,1 |
Առևտրային հաշվեկշիռ | 1154 | 960 | -16,8 |
Ամենամտահոգիչ խնդիրն այն է, որ Հայաստանը պահպանում է բացասական առևտրային հաշվեկշիռը, այսպես՝ 2015 թվականին ներմուծումները ավելին են եղել 1,154 մլրդ դոլարով (41,5 տոկոսով), իսկ 2016 թվականին՝ 960 մլն դոլարով (36,4 տոկոսով): Դրական միտումն ակնհայտ է, բայց բնավ գոհացուցիչ չէ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտային գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան, 2015 թվականի այդ երեք երկրի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1,848 մլրդ դոլար կամ ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 42 տոկոսը:
2015 թվականի տվյալներով Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը հետևյալն է.
Արտահանման երկիր | Տոկոս | Ներմուծող երկիր | Տոկոս | |
Ռուսաստան | 15,2 | Ռուսաստան | 29,1 | |
Չինաստան | 11,1 | Չինաստան | 9,7 | |
Գերմանիա | 9,8 | Գերմանիա | 6,2 | |
Իրաք | 8,8 | Իրան | 6,1 | |
Վրաստան | 7,8 | Իտալիա | 4,6 | |
Կանադա | 7,6 | Թուրքիա | 4,2 | |
Բուլղարիա | 5,3 | |||
Իրան | 5,3 |
Պահանջատիրության խնդիր ունեցող հայ ժողովրդի համար մեծ ցավ է, որ Թուրքիայի Հանրապետության հետ մեր երկրի առևտուրը 2015 թվականի պաշտոնական տվյալներով կազմում է շուրջ 112 մլն դոլար, որից միայն 1,34 մլն դոլարն (1,2 տոկոսը) է Հայաստանից արտահանվող ապրանքները: Իսկ ամենամեծ մտահոգությունն այն է, որ Թուրքիայից ներմուծվող այդ 110,7 մլն դոլարի ապրանքների բացարձակ մեծամասնությունը հնարավոր է արտադրել Հայաստանում:
Մեր Հանրապետության զարգացման համար հնարավորինս պետք է ավելացնել երկրից արտահանվող ապրանքների ծավալները (այս վերլուծության մեջ չենք անդրադառնում կոնկրետ ապրանքատեսակներին), ինչի համար անհրաժեշտ է պետական քաղաքականությամբ խրախուսել Հայաստանում այն ապրանքներ արտադրությունը, որոնցով հնարավոր է բավարարել ներքին պահանջարկը: Սա միաժամանակ ենթադրում է և՛ նոր աշխատատեղերի ստեղծում, և՛ երկրի ՀՆԱ-ի ցուցանիշի բարձրացում: Իհարկե պարզ է, որ «ներմուծումների փոխարինման քաղաքականության» ներդրումը Հայաստանում բավականին բարդ կլինի, սակայն երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական հիմնական ուղղություններից մեկը պետք է դառնա: