Ադրբեջանը հարկադրված է վերանայել 2017 թվականի բյուջեն. պակասուրդն աճում է 83 տոկոսով
Ադրբեջանական խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նիստում հունիսի 22-ին քննարկվել է «2017 թվականի պետական բյուջեում փոփոխությունների կատարելու մասին» օրինագիծը:
Համաձայն օրինագծի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 1 մլրդ մանաթով (590 մլն դոլար), իսկ եկամուտները՝ միայն 511 մլն մանաթով (303 մլն դոլար): Խորհրդարանականների հիմնավորմամբ նոր ծախսերը կապվում են Ավանդների երաշխավորման հիմնադրամի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ, նշենք, որ համաձայն Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալների 2017 թ. հունվար-մայիս ամիսներին SOCAR-ի կողմից գազի արդյունահանումը կրճատվել է 7 տոկոսով` կազմելով 2 մլրդ 465,5 մլն խմ գազ, իսկ նավթի արդյունահանում՝ 9,2 տոկոսով՝ կազմելով 15 մլն 934,2 հազար տոննա (կարդացե՛ք «Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը»:)
Դրանից բացի Ադրբեջանի միջազգային բանկի կողմից եվրոբոնդերի թողարկման հետ կապված երկրի արտաքին պետական պարտքի շեմը կբարձրացվի մինչև 4,5 մլրդ մանաթ (2,67 մլրդ դոլար): Բանկի արտաքին պարտքի վերակազմավորման համար պետությունը կհատկացնի 4 մլրդ մանաթ (2,37 մլրդ դոլար), այսինքն պետությունն իր վրա է վերցնուն Ադրբեջանի միջազգային բանկի պարտավորությունները:
Այդպիսով՝ պետբյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 1 մլրդ 173 մլն մանաթ (696 մլն դոլար), որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1,8 տոկոսը:
Նշենք, որ Ադրբեջանի 2017 թվականի պետական բյուջեն կազմում էր եկամուտների գծով 16 մլրդ 255 մլն մանաթ (9,56 մլրդ դոլար), ծախսերի գծով 16,9 մլրդ մանաթ (9,95 մլրդ դոլար), պակասուրդը՝ 645 մլն մանաթ (380 մլն դոլար): Օրինագծի ընդունումից հետո Ադրբեջանի բյուջեի պակասուրդը կաճի ավելի քան 83 տոկոսով: