Հեռուստատեսային սերիալների վտանգավոր քաղաքականությունը
Հեռուստատեսությունը մեր օրերում շարունակում է մնալ որպես պետականակենտրոն քարոզչության առավել արդյունավետ միջոց, իրականացնում է մշակութային պրոպանգա և ընդհանուր առմամբ զբաղվում է քաղաքացու դաստիարակությամբ:
Իսկ ի՞նչ են մատուցում հայրենական հեռուստաընկերությունները: Այս հարցին առաջին իսկ դիտարկումը պարզ է՝ անհեթեթ ու անարժեք սերիալներ:
Սերիալները «գայթակղիչ» են հեռուստաընկերությունների համար, քանի որ ապահովում են հարաբերականորեն կայուն լսարան, այսինքն հուսալի տարբերակ են տևական եկամուտ ապահովելու համար, իսկ հեռուստադիտողների համար սերիալները հնարավորություն են տալիս պարբերաբար «կտրվել» իրականությունից: Այն ինֆորմացիան, որը մատուցվում է սերիալներում շատ հեշտ է մարսելը, դրանք առավելապես առօրյա լեզով, մտածելակերպով ու գրեթե դաստիարակչական նպատակ չհետապնդող «արտադրանք» են:
Հայկական սերիալները սյուժեի մեծ խնդիր ունեն, ի սկզբանե «անբովանդակ» աշխատանքին արժեք հաղորդելու համար հեռուստաընկերությունները հատուկ «թակարդ» են լարումը: Այսպես՝ նախքան եթեր դուրս գալը սերիալը գովազդային ողջ զինանոցով մատուցվում է որպես հետաքրքրաշարժ ու յուրօրինակ երևույթ, բայց հեռարձակումից կարճ ժամանակ անց բովանդակային իմաստն ու գաղափարական ասելիք սպառվում է, ու հենց այդտեղ սկսվում է սերիաներն անիմատորեն երկարաձգելու գործընթացը: Պատճառը մեկն է այդ սերիալն արդեն դարձել է բավականին եկամտաբեր, որից հրաժարվելն արդեն «ֆինանսական մեղք» է: Այդպիսով քաղաքացու դաստիարակությունը մնում է երկրորդ պլանում: Մինչդեռ ակնհայտ է, թե սերիալային քաղաքականությունը հանրությանը համար ինչ խնդիրներ է ստեղծում (կարդացե՛ք. ««Ագրեսիվ հեռուստատեսության» հետևանքները – Վ. Միրաքյան»):
Առավել զազրելի է այն, որ հայկական հեռուստաընկերությունները հեռարձակում են այլ երկրների սերիալներ, որոնցում ներկայացվող կենսակերպն օտար է մեր ազգին ու մշակույթին: Այս ամենն ավելի շուտ նման է պետական դավադրությամբ, այլապես ինչպես կարելի է բացատրել, որ հանրապետության սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերն ուղղակի լցված է հնդկական սերիալներով, այսպիսի քաղաքականության համար Հնդկաստանի մշակույթի պրոպանգայով զբաղվող գերատեսչությունը պետք է հայկական հեռուստաընկերություններին «խրախուսական պարգևներ» հանձներ:
Դիտարկենք հանրապետական հեռարձակում ունեցող առաջատար հեռուստաընկերությունների եթերում հեռարձակվող սերիալների, հաղորդումների ու լրատվության տևողությունը: Որպես հաշվարկային ժամանակահատված վերցնենք սովորական աշխատանքային օր. մենք ուսումնասիրել ենք 2017 թ. հունիսի 22-ը (հինգշաբթի): Ի՞նչ կարող ենք տեսնել ամենամեծ հեռուստալսարանն ունեցող երկու հեռուստաընկերությունների («Շանթ» և «Արմենիա») 24-ժամյա եթերային ծրագրում:
«Շանթ» հեռուստաընկերության եթերի առյուծի բաժինը կազմում են սերիալները (63 տոկոս), իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է.
— Հայկական սերիալներ, մանրապատումներ — 360 րոպե (25 տոկոս),
— Հնդկական սերիալ – 445 րոպե (31 տոկոս),
— Մանկական սերիալներ – 105 րոպե (7 տոկոս),
— Տեղեկատվական, ժամանցային հաղորդումներ – 320 րոպե (22 տոկոս),
— Լրատվություն – 210 րոպե (15 տոկոս):
«Արմենիա» հեռուստաընկերության եթերում սերիալներին էլ ավելի շատ ժամանակ է հատկացվում (69 տոկոս), իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է.
— Հայկական սերիալներ, մանրապատումներ — 695 րոպե (48 տոկոս),
— Հնդկական սերիալ – 295 րոպե (21 տոկոս),
— Տեղեկատվական, ժամանցային հաղորդումներ – 245 րոպե (17 տոկոս),
— Լրատվություն – 205 րոպե (14 տոկոս):
Ստացվում է, որ հայկական առաջատար հեռուստաընկերությունների եթերի շուրջ երկու երրորդը կազմում են սերիալները: Այստեղ մտահոգության խնդիր ունեն պետական իշխանությունները, որովհետև դիվերսիֆիկացված եթերի հավասար բաշխման անհրաժեշտություն կա, իսկ այդ հարցը կարող է լուծել օրենքի շրջանակներում:
Այսպես, եթե «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում դրույթ կա, որը պարտադրում է եթերաժամի առնվազն 55 տոկոսն ապահովել հայրենական արտադրության հաղորդումներով (հոդված 8), ապա կարող է նաև դրույթ լինել, որը կարգելի եթերաժամի դիցուք կեսը «լցնել» նույնատիպ հաղորդումներով (օրինակ՝ սերիալներով):
Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք դա ցանկալի կլինի՞ իշխանություններին, որովհետև սերիալները հանրության համար բթացնող նշանակություն ունեն, իսկ ղեկավարության համար միշտ հեշտ է կառավարել «չմտածող» զանգվածին: