Ռուսաստանն ընդդեմ ՆԱՏՕ-ի. ո՞վ կհաղթի պատերազմում. The National Interest
Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող լարվածությունից ելնելով՝ ամերիկյան «The National Interest» պարբերականը վերլուծում է, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի և ՆԱՏՕ—ի առճակատումը («Russia vs. NATO: Who Would Win in a War?»):
Ռուսաստանն ակնհայտորեն ցանկանում է ցույց տալ, որ նա կարող է արևմտյան դաշինքին հակակշիռ լինել, սակայն ռուսական զինված ուժերի իրական վիճակի մանրամասն ուսումնասիրությունը կասկած է առաջացնում, իսկ կարող է արդյոք նա ՆԱՏՕ—ին ռեալ մարտահրավեր նետել երկարատև տոտալ պատերազմի դեպքում: Պենտագոնյան մի շարք փորձագետների կարծիքով Արևելյան Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ—ի զորքերը բավարար չեն ռուսական ներխուժումը կանգնեցնելու համար:
Ժամանակակից ռուսական զինուժը խորհրդային բանակի միայն մի փոքր մասն է: Ռուսաստանի սովորական և միջուկային զինանոցն այսօր շատ ավելի փոքր է, քան սառը պատերազմի տարիներին, սակայն այդ երկիրը ստեղծում է նոր զինատեսակներ՝ նոր տիպիավտոնոմ սուզանավեր, «Տ-50» հինգերորդ սերնդի կործանիչներ, նոր սերնդի հրթիռներ և այլ սպառազինություն: Մոսկվան հաջողությամբ փորձարկում է հրթիռներ, որոնք կարձակվեն տիեզերական տարածքից արբանյակների ոչնչացման համար («Нудоль» համակարգ):
Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ ողջ ծախսերի գրեթե կեսը ռազմական բյուջեին էր բաժին հասնում, այժմ ռուսական բանակի ծախսերը զգալիորեն քիչ են: Այնուհանդերձ Կրեմլի ռազմական բյուջեն տարեց տարի աճում է, 2006-ից 2009 թվականներին այն աճել է 25-ից մինչև 50 մլրդ դոլարի, իսկ 2013 թվականին կազմել է արդեն 90 մլրդ դոլար: Այսօր անգամ տնտեսական դժվարությունները Ռուսաստանին չեն խոչընդոտում բանակն արդիականացնելու և ռազմական բյուջեն ավելացնելու գործում:
Ընդհանուր առմամբ ռուսական ոչ միջուկային ուժերը սառը պատերազմի տարիներին հինգ անգամ ավելին էին, քան այսօր: 2013 թվականի տվյալներով ռուսական բանակի զինվորականների թիվը կազմում էր 766 հազար, ևս 2,4 մլն պահեստազորն է, իսկ խորհրդային բանակում զինծառայողների թիվը կազմում էր 3-4 մլն մարդ:
Ռուսական բանակում այժմ առկա են 3 հազար ինքնաթիռ, 973 ուղղաթիռ, 15 հազար տանկ, 27 հազար մարտական մեքենա, 6 հազար ինքնագնաց հրետանային կայանք, 352 նավ, 63 սուզանավ: Այժմ ընթանում են նոր «Ս-500» զենիթա-հրթիռային համալիրների փորձարկումները:
«Rand» կորպորացիայի ռազմական խաղերը
Մի շարք փորձագետների կարծիքով ռազմական բախման դեպքում ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հանդեպ հաղթանակ կտան: Մինչդեռ ամերիկյան «Rand» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից մեկ տարի առաջ հրապարակված վերլուծությունը այլ բան է շեշտում: Դրանում նշվում է, որ եթե Ռուսաստանի հարձակում գործի մերձբալթյան երկրների վրա, ՆԱՏՕ-ն դժվարին կարգավիճակում կհայտնվի, Դաշինքի չի կարողանա կանխել ռուսական ներխուժումը:
Մերձբալթյան տարածաշրջանում տարբեր սցենարներով իրականացված ռազմական խաղերը հետևության հանգեցրեցին, որ այդ շրջանի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է ցամաքային զորքերի և օդուժի զգալիորեն ավելի մեծ զորակազմ տեղակայել: 1980-ականներին խորհրդային զինուժի զսպման համար Եվրոպայում տեղակայված էին մի քանի հարյուր հազարների հասնող ամերիկյան զորքերը, մինչդեռ այսօր նրանց թիվը 30 հազարն է: «Rand» կորպորացիայի դիտարկմամբ Արևելյան Եվրոպայի պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 7 բրիգադ (ամերիկյան մեկ բրիգադի կազմում 4413 զինվորականներ են – խմբ.) կազմավորել, ինչպես նաև կրակային և ավիացիոն աջակցության միջոցներ ներդնել, այլապես Ռուսաստանը կկարողանա մերձբալթյան երկրները գրավել 60 ժամվա ընթացքում:
Մերձբալթյան հարձակումից հետո ՆԱՏՕ—ն արձագանքելու սակավ տարբերակների առաջ է կանգնում.
- ռիսկային լայնամասշտաբ հակահարձակում,
- միջուկային զենքի գործադրման սպառնալիք,
- այդ տարածաշրջանի ռուսական անեքսիայի ընդունում:
Հակահարձակում իրականացնելու համար ռազմական մոբիլիզացիան երկար ժամանակ կպահանջի, ինչը նշանում է երկարատև արյունալի բախումներ: Միջուկային զենքի գործածման սպառնալիքը քիչ հավանական է, գուցե նաև ընդհանրապես անհնարին, երբ հաշվի ենք առնում միջուկային զինանոցը կրճատելու ու դրա գործածությունից հրաժարվելու ԱՄՆ նկրտումները: Երրորդ տարբերակը՝ մերձբալթյան տարածաշրջանը հանձնելը, Դաշինքը էլ ավելի երկարատև սառը պատերազմի կհանգեցնի, ինչը հազիվ թե նախընտրելի լինի գրավյալ երկրների բնակչության համար, վերջին հաշվով ՆԱՏՕ-ն անխուսափելիորեն կթուլանա կամ ընդհանրապես կկազմաքանդվի:
«Rand» կորպորացիայի փորձագետների դիտարկմամբ 7 բրիգադի առկայությունը (այդ թվում 3 տանկային բրիգադ), որը կունենա ավիացիոն և կրակային աջակցություն, հնարավորություն կտա կանգնեցնել մերձբալթյան երկրների արագ գրավումը:
Լատվիան, Լիտվան և Էստոնիան կարող են ռուսական ագրեսիայի օբյեկտ դառնալ, քանի որ այդ երկրները Ռուսաստանին շատ մոտ են տեղակայված և երկար տարիներ ԽՍՀՄ կազմում են եղել: Կարևոր նշանակություն ունի նաև Էստոնիայում և Լատվիայում զգալի ռուսական մեծաթիվ բնակչության առկայությունը (ինչպես Ուկրաինայում), այդ հանգամանքով Կրեմլը կարող է հիմնավորել իր «միջամտությունը»:
«Rand» հետազոտական կենտրոնի վերլուծաբանների կարծիքով հավելյալ բրիգադների տեղակայումը, չնայած ծախսատարությանը, ՆԱՏՕ-ի համար արդարացված ձեռնարկ է: Տանկային բրիգադի համար տեխնիկայի և հարակից սպառազինության ապահովումը կարժենա մոտ 13 մլրդ դոլար: Սակայն այդ տեխնիկայի զգալի մասը, հատկապես թանկարժեք «Աբրամս» տանկերը և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները արդեն իսկ առկա են:
Այժմ ամերիկյան նոր վարչակազմն ուսումնասիրում է ՆԱՏՕ-ի նոր զորքերն Արևելյան Եվրոպայում տեղակայելու հարցը՝ որպես Ռուսաստանին զսպելու միջոց, թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի որոշումը, դեռ պարզ չէ: