Մեքսիկական ծոցի փոթորիկների ազդեցությունը նավթի համաշխարհային գների վրա
Սեպտեմբերի սկզբին նավթի համաշխարհային գները գերազանցել են 54 դոլարը: «Brent» տեսակի նավթի մեկ բարրելը (159 լիտր) սեպտեմբերի 6-ին կազմել է 54,16 դոլար, սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 3 ամսվա ընթացքում: Ներկայում նավթի գների բարձրացման հիմնական պատճառը նոր «Իրմա» փոթորիկն է:
Դեռ կանխատեսելի չէ, թե տարվա մնացյալ ժամանակահատվածում ինչպես կտատանվեն նավթի գները: Եթե «Իրմա» փոթորիկը զգալի վնաս հասցնի նավթարդյունաբերական ենթակառույցներին, արդյունքում մատակարարումների հետ կապված խնդիրներ ծագեն, սպասելի է նոր թանկացում:
Այս առումով ևս մեկ ազդակ կարող է հանդիսանալ «Խոսե» փոթորիկը, որը հետևում է «Իրմա»-ին ու դեռ պարզ չէ, թե այս երկու փոթորիկներից որքան կտուժեն տարածաշրջանի կղզային պետություններն ու Միացյալ Նահանգները:
Նշենք, որ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում «Հարվի» փոթորիկն ԱՄՆ-ում զգալի ավերվածությունների պատճառ դարձավ, շուրջ վեց տասնյակ անձինք զոհվեցին, վնասները կազմում եմ մոտ 70 մլրդ դոլար: Այն 12 տարի առաջ տեղի ունեցած «Կատրինա» փոթորկից հետո մինչ օրս ամենաուժեղն էր:
2005 թվականի օգոտոսին 23-ին, երբ սկսվեց «Կատրինա» փոթորիկը «Brent» տեսակի նավթի գինը բարձրացավ մինչև 67,14 դոլար (1,9 դոլարով), հետագա օրերին որոշակի տատանումներով այդ ցուցանիշը պահպանվեց, իսկ արդեն փոթորկի ավարտից հետո նավթի գները կրկին անկում արձանագրեցին:
«Brent» տեսակի նավթի գիների դինամիկան 2017 թվականի ընթացքում միջին ամսական ցուցանիշներով հետևյալ է.
Ամիս | Դոլար (1 բարրել) |
Հունվար | 55,53 |
Փետրվար | 56,02 |
Մարտ | 52,74 |
Ապրիլ | 53,78 |
Մայիս | 51,72 |
Հունիս | 47,64 |
Հուլիս | 49,05 |
Օգոստոս | 51,83 |