«Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել գերտերությունների բախման». Արցախյան հակամարտությունն արևմտյան պարբերականի տեսանկյունից
Ներկայացնում ենք նորվեգիական «Aftenposten» պարբերականի «Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել գերտերությունների բախման» հոդվածում տեղ գտած հիմնական մտքերը:
Այս հոդվածը կարևորվում է մեզ համար ոչ այնքան տեղեկատվության հավաստիության առումով, որքան որպես օտարերկրացու տեսակետ արցախա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ:
Հեղինակը սկսում է հետևյալ ընդհանրական գնահատականով. «Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող լեռներում նոր եվրոպական պատերազմը միայն ժամանակի հարց է: Այդ հակամարտությունն արդեն հարյուր տարեկան է: Մի կողմին աջակցում է Ռուսաստանը, մյուսին՝ Թուրքիան»:
Իհարկե նման գնահատականին պետք է վերապահումով վերաբերվել, հատկապես պատերազմի վերսկսման ու կողմերին աջակցություն ցուցաբերող ուժերի վերաբերյալ: Հոդվածում նշվում է. «Եթե պատերազմ սկսվի, այն կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ենթադրվում է: Հակամարտության տարբեր կողմերում կարող են հայտնվել Ռուսաստանն ու ՆԱՏՕ—ի անդամ Թուրքիան»:
Պատերազմի վերսկսման գնահատականի համար հիմք է հանդիսանում պարբերականի կողմից մեջբերվող «International Crisis Group»-ի վերջերս հրապարակված զեկույցում[1], որում նշվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը 1994 թվականից ի վեր առավել քան երբևէ մոտ են պատերազմին»:
«Aftenposten»-ը շեշտում է. «Հակամարտության երկու կողմն էլ Ռուսաստանից մեծ թվով սպառազինության գնմամբ արդիականացրել են իրենց բանակները: Խաղաղության վերաբերյալ բոլոր բանակցությունները կասեցվել են և երկու կողմն էլ գտնում է, որ պատերազմն անխուսափելի է: Ադրբեջանի նախագահը խոստացել է Լեռնային Ղարաբաղը բոլոր հնարավոր տարբերակներով «վերադարձնել»: Երկու երկրի ղեկավարն էլ ունեն իրենց բնակչության աջակցությունը և հայրենասիրական ու ռևանշիստական ալիք են առաջացնում»: Հոդվածի այս դիտարկումները գործնականում չեն համապատասխանում իրականությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները շարունակվում են (կարդացե՛ք. «Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնում է նոր ստագնացիոն շրջափուլ»), իսկ լայնամասշտաբ պատերազմն այնքանով հնարավոր չէ, որքանով Ադրբեջանը բավարար ներուժ չունի պատերազմ սկսելու համար:
Պարբերականն անդրադարձել է նաև հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում տեղ կգած միջադեպին և շեշտել է. «Մինչ ընթանում էր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, Ադրբեջանն իր բանակն առավելագույն մարտական պատրաստության էր բերել և սկսեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ»: Ըստ երևույթին նորվեգիական լրատվամիջոցի համար էլ պարզ է, որ հակամարտության սրումը բխում է միայն Բաքվից, դրան ի հավելում նշվում է. «Նոր պատերազմից կօգտվի Ադրբեջանը, ում բանակը համալրվել է նոր զենքով, ռեսուրսներով և զգալիորեն գերազանցում է հայկական զինուժին: Վերջին տարիներին Բաքվի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քանի Հայաստանի ողջ պետբյուջեն»: Հասկանալի է, որ նման դատողության համար հեղինակը հիմնվում է հրապարակային տվյալների վրա, օրինակ ինչպես «Globalfirepower»-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ներուժի համեմատությունը[2]: Մինչդեռ վերջինս հաշվի չի առնում Արցախի Հանրապետության ներուժն ու ոչ պակաս կարևոր աշխարհագրական դիրքը, որը Ադրբեջանի ռևանիստական ցանկացած նկրտում զրոյացնում է:
Հեղինակի գնահատակով. «Հակամարտությունը որքան սառեցված մնա, հայերն այդքան ավելի կամրացնեն իրենց դիրքերը, և Ադրբեջանն այլևս չի կարողանա 1992-1994 թվակաների պատերազմի ընթացքում կորցրած տարածքները վերադարձնել»: Այս եզրակացությունը կարևոր է այնքանով, որքանով ցույց է տալիս այն իրողություն, որ հայկական կողմին բացարձակապես պետք չէ իրավիճակի սրացում, այսինքն արևմտյան ընթերցողի համար պարզ է դառնում, որ սահմանային բախումներ հրահրողը հենց Բաքուն է:
Մյուս կողմից նշվում է որ «հակամարտության հարատևությունից առավելապես շահում է Ռուսաստանը: Ռուսներն ամրացնում են Հայաստանում իրենց ռազմաբազան, ինչպես նաև հակամարտող ուժերին զենքի վաճառքելով, հսկայական գումարներ են ստանում»: Այս դիտարկմանը չհամաձայնելը սխալ կլինի: Սակայն հեղինակը շարունակում է. «Ռուսաստանի աճող ազդեցությունը սպառնալիք է պարունակում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար, որը Ադրբեջանը դիտարկում է «մեկ ազգ, երկու պետություն» բնորոշմամբ… Ռուսաստանն ավել վաղ հասկացրել է, որ եթե հայերը պարտվեն, նա կգնա ռազմական միջամտության: Թուրքիան իր կողմից երբեք չի թողնի, որ հայերն առաջ գնան և նոր տարածքներ գրավեն»: ՆԱՏՕ-ին անդամ Նորվեգիայի համար իհարկե մտահոգիչ է իր դաշնակից Թուրքիայի հնարավոր գործողությունները, որը Օսլոյին ևս Մոսկվայի հետ առճակատման անցանկալի խնդրի առջև կկանգնեցնի: Այնուհանդերձ նման ռադիկալ գնահատականն այնքան էլ հիմնավոր չէ: Ռուսաստանը միշտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի ռազմական դաշնակցության գոտուց դուրս է և Մոսկվան Արցախում չի կռվի, իսկ Թուրքիան աշխարհագրորեն հակամարտության գոտուց հեռու է, նրա միջամտությունը կարող է լինել Ադրբեջանին զինվորների և զենքի տրամադրմամբ, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում էր:
«Aftenposten» լրատվամիջոցը անդրադարձել է նաև հակամարտության պատմությանը. «Լեռնային Ղարաբաղ անկլավն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից 1923 թվականին: 1989 թ. այդ շրջանի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը (76,4 տոկոս): ԽՍՀՄ փլուզումից հետո էթնիկական հակասությունները սրվեցին: 1991 թվականին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը և վերացրեց Արցախի ինքնավարությունը: Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պահանջեցին միանալ Հայաստանին: 1992-94 թթ. պատերազմի արդյունքում 20-35 հազար մարդկային կորուստներ եղան և մեկ միլիոն մարդ փախստական դարձավ»: Այստեղ ակնհայտ սխալներ կան Արցախն Ադրբեջանին նվեր տալու տարեթվի և անկլավ կարգավիճակի հետ կապված: Արցախը 1921 թվականին է հանձնվել Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ դեռ անկլավ չէր, հենց Բաքվի նախաձեռնությամբ Արցախի տարածքի զգալի մասը չմտավ ձևավորվող ԼՂԻՄ—ի մեջ՝ կորցնելով Հայաստանի հետ ընդհանուր սահմանը (կարդացե՛ք. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը»): Մյուս կարևոր մտահոգությունն այն է, որ հեղինակն օգտագործում է ադրբեջանական քարոզչության թեզերից մեկը՝ «մեկ միլիոն մարդ փախստականների» մասին անհիմն հավաստիացումը:
Արևմտյան լրատվականն անդրադարձել է նաև նախորդ տարվա կարճատև ռազմական բախմանը. «2016 թ. ապրիլին ամենօրյա բախումները հանգեցրեցին «չորսօրյա պատերազմի», որը հստակ ցույց տվեց, թե ինչքան քիչ բան է պետք, որ ամեն ինչ նորից սկսվի: Երկկողմանի հարյուրավոր զոհերից հետո Ադրբեջանը երկու բարձունք գրավեց: Այդ երկրի բնակչության 65 տոկոսը ցանկանում էր շարունակել պատերազմը: Ալիևի ընտանիքի հեղինակությունը բարձրացավ, կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների համար քննադատությունները նվազեցին: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսվեցին մեծամասշտաբ ռազմական բարեփոխումներ… Հայկական սփյուռքը ևս իր ներդրումն արեց՝ Արցախ ուղարկելով 11 մլրդ դոլար»:
Եթե համարում ենք, որ այս գնահատականները համապատասխանում իրականությանը, ուրեմն պարեբերականը պետք է եզրակացներ, որ պատերազմը Ալիևին պետք էր իր ներքին լսարանին հաճոյանալու, այլ ոչ թե մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկ տալու համար: Իսկ երբ շեշտվում է, որ Հայաստանն ու Արցախը մեկ տարվա ընթացքում էլ ավելի մեծ ուշադրություն են բևեռել զինուժի արդիականացմանը, նշանակում է, որ զենքի ուժով խնդիրը լուծելու ադրբեջանական նկրտումներն ուղղակի պատրանք են:
Տարածաշրջանի ներկա իրավիճակի մասին պարբերականը նշում է, «Այսօր Լեռնային Ղարաբաղը տնտեսական ու ռազմական տեսանկյունից ղեկավարում է Հայաստանը, սակայն միջազգային հանրության կողմից համարվում է Ադրբեջանի մի մասը»: Կրկին մեջբերում է «International Crisis Group»-ի եզրակացությունը, որ «պատերազմը ստիպեց և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին հավատալու զենքի միջոցով «վերջնական լուծման» հնարավորությանը»: Կարող ենք միայն մի բան նշել, որ եթե Բաքուն վստահ լիներ իր ռազմական հաղթանակի մեջ, պատերազմն օր առաջ կսկսվեր:
[1] Nagorno-Karabakh’s Gathering War Clouds. Report 244,1 June 2017 — https://www.crisisgroup.org/europe-central-asia/caucasus/nagorno-karabakh-azerbaijan/244-nagorno-karabakhs-gathering-war-clouds
[2] http://www.globalfirepower.com/countries-comparison-detail.asp?form=form&country1=armenia&country2=azerbaijan&Submit=COMPARE